ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ ՀԱԳԵՑԱԾ ՈՒ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ Է |
18.03.2018 18:17 |
Դպրոցական տոնական օրացույցում քիչ չեն հանդիսավոր և ուրախ միջոցառումները։ Դրանք մեծ խանդավառությամբ ու տոնական մեծ շուքով են նշվում Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ Փետրվար ամիսը հագեցած էր թե Արցախի նորագույն պատմությանն առնչվող տոնական և թե՛ ինտելեկտուալ միջոցառումներով։ Միջոցառումների շարքն ավարտվեց գարունն ավետող՝ ամենաջերմ ու քնքուշ տոնով։ Համերգային ծրագիրը, որը պատրաստել էին դպրոցականներն իրենց սիրելի ուսուցչուհիների համար եզրափակվեց գեղեցիկ ծաղիկների նվիրումով։ Աշակերտների սրտաբուխ կատարումներն ու հայ կնոջ, մոր կերպարի փառաբանումն ու աստվածացումը հաստատումն էր այն ջերմագին խոսքերի ու զգացմունքների, որ տածում են նրանց հանդեպ։ Փետրվարին դպրոցում նշվեց նաև մայրենիի միամսյակը։ Միամսյակի շրջանակներում դպրոցում կազմակերպվել է շարադրությունների և բանաստեղծությունների մրցույթ, տեղի է ունեցել մեթոդփնջի §Անաղարտ պահենք մեր մայրենին¦ թեմայով բանավեճ, լույս են ընծայվել պատի թերթեր, կազմակերպվել ֆիլմերի ցուցադրումներ՝ հայ մեծերի մասին։ Այն եզրափակվեց ամփոփիչ հանդիսավոր միջոցառումով։Միջոցառման ժամանակ աշակերտները նշեցին, թե ինչպիսի դժվարությամբ է ստեղծվել հայոց լեզուն և ինչպիսի քարքարոտ ճանապարհ է անցել այն։ Դպրոցականները համոզված են, որ մայրենիի խնամքը, նրա անաղարտությունն ու պաշտպանությունը դրված է հենց իրենց վրա և միաբերան երդվեցին անաղարտ պահել մեր մայրենին։ Ղարաբաղյան Շարժման 30-ամյակին ընդառաջ դպրոցում բազմաբնույթ միցոջառումներ են կազմակերպվել, որոնցում ներառվել են տարբեր դասարանների աշակերտներ։ Հայրենասիրական թեմաներով պատի թերթեր են լույսընծայվել, ստեղծվել դասարանական անկյուններ, դպրոցի աշակերտները համերգային ծրագրով այցելել են N զորամաս, Արցախյան Շարժման 30-ամյակին համահունչ կազմակերպվել են շարադրությունների, բանաստեղծությունների, ասմունքի, նկարչության, երգի մրցույթներ՝ 5-ից 12-րդ դասարանների միջև։ Տեղի է ունեցել կլոր սեղան՝ §Շարժում - 30¦ թեմայով շարժման ակտիվիստներ ՝ Սլավիկ Առուշանյանի և Վալերի Պետրոսյանի մասնակցությամբ, որի ընթացքում շարժման ակտիվիստներն ականատեսի աչքերով աշակերտներին ներկայացրել, պատմել են Շարժման ակունքների մասին հետաքրքիր վկայություններ, ինչպես նաև պատգամել տեր կանգնել այսքան թանկ գնով ձեռք բերված անկախությանը։ Իրենց հերթին էլ աշակերտները հետաքրքիր հարցադրումներ արեցին, և ստացան անգնահատելի տեղեկություններ արցախյան նորագույն պատության մասին։ Գեղեցիկ ու յուրահատուկ շուքով Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հանդես կազմակերպվեց 2բ դասարանցիների մասնակցությամբ (դասվար՝ Դիանա Ղազարյան)։ Դպրոցում փետրվար ամիսն ամբողջությամբ նվիրված էր Արցախյան Շարժման 30-ամյա հոբելյանին, իսկ միամսյակի ընթացքում կազմակերպվեց նաև փաստագրական ֆիլմերի դիտում։ Դպրոցականները մեծ ակտիվությամբ մասնակցեցին նաև քաղաքում կազմակերպված տոնական միջոցառումներին՝ հանդես գալով գեղեցիկ համարներով։ Հերթական հետաքրքրական ու անմոռանալի միջոցառումը, որը կազմակերպվեց Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում Ասկերանի քույր քաղաքի՝ Ֆրանսիայի Բուկ Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մալյենի գլխավորած պատվիրակության ընդունելությունն էր։ Հանդիպման ժամանակ հյուրերը զարմացան դպրոցականների ֆրանսերենի իմացությամբ, երգերի ու բանաստեղծությունների վարպետորեն կատարմամբ։ Հայերեն և ֆրանսերեն լեզուներով հնչեցին հայրենասիրական երգեր, արտասանություններ, ցուցադրվեցին երկու պետությունների ազգային պարերից։ Դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանի կազմակերպած միջոցառումն ու աշակերտների անթերի կատարումներն իրենց յուրօրինակ շեշտադրումն ունեցան Արցախով հիացած ֆրանսիացիների վրա։ Հյուրերը դպրոցականների համար ինտերակտիվ գրատախտակ էին նվեր բերել, ինչը ոչ միայն ավելի էֆեկտիվ կդարձնի դասի կազմակերպման պրոցեսը, այլև կբարձրացնի աշակերտների ներգրավվածությունն ուսումնական պրոցեսին։ Ինչպես իր բարեմաղթանքների ու ողջույնի խոսքում նշեց քաղաքապետ Ռ. Մալիեն, նրանք ուրախ էին իրենց բարեկամ ազգին օգտակար լինելու հարցում, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց նման հայրենասեր սերունդ դաստիարակողների աջակիցն ու հովանավորը լինել։ - Մեծ ու անգնահատելի է այն անակնկալ նվերը, որը մտուցվեց Բուկ Բել Էրի քաղաքապետի կողմից, ինչի համար ուսուցչական ու աշակերտական կոլեկտիվների անունից մեր շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում։ Անկասկած երկու ժողովուրդների՝ հայ-ֆրանսիական բարեկամությունը մեզ համար յուրօրինակ խորհուրդ ունի, որին հետևելով՝ ուսուցանում ենք այն նաև մատաղ սերնդին։ Ինտերակտիվ գրատախտակ ունենալն առավելություն է ուսումնական պրոցեսն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցում, այն արդեն իսկ խթան է հանդիսանում հետաքրքիր դասապրոցես կազմակերպելու, աշակերտների հետաքրքրությունները բավարարելու գործում,- ասաց Մ. Ավանեսյանը։ Ինչպես նշեց տնօրենը, դպրոցի յուրաքանչյուր ուսուցիչ պատրաստակամ է ցանկացած միջոցառում կազմակերպելու հարցում ու այդ գործը կատարում է ամենայն պատասխանատվությամբ ու բարձր մակարդակով։ -Այդ միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու հարցում հատկապես մեծ է ուսմասվար Մելանյա Սարգսյանի, փոխտնօրեն Աիդա Գյանջումյանի և կազմակերպիչ Գայանե Հայրիյանի դերերը,- ասում է Մ. Ավանեսյանն ու հավելում, որ ինքը գոհ ու շնորհակալ է յուրաքանչյուր ուսուցչի կատարած աշխատանքից, միաժամանակ ավելացնում, որ ուսուցչի կատարած դժվարին ու պատասխանատու աշխատանքի արդյունքը տարիներ հետո է բացահայտվում, ի հայտ գալիս իրենց իսկ աշակերտների միջոցով։ Եվ հույս հայտնում, որ բազմաթիվ սերունդների համար դպրոցը կլինի ու կմնա այն լուսավոր օջախը, որտեղ դրվել են ամուր հիմքեր՝ մատաղ սերնդին դեպի լուսավոր ապագա տանող ճանապարհին։ Իսկ, որ դպրոցի գործունեության արդյունքներից է կախված ազգի ապագան, դա աքսիոմա է, կլինի այն լուսավոր և փառավոր, թե խղճուկ ու անմխիթար՝ կախված է ուսուցիչներից, համոզմունք հայտնեց Մ. Ավանեսյանը։ Իրոք, դպրոցում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում յուրօրինակ է իր ասելիքով, մատուցման վարպետությամբ և անկրկնելիությամբ։ Դպրոցի հագեցած առօրյան ու հաճախակի կազմակերպվող միջոցառումները ոչ միայն խանգարում այլև նպաստում են աշակերտների ուսման առաջադիմությանը։ Քանի որ ընթաքի մեջ է կանանց միասյակը մեր ամենաջերմ բարեմաղթանքներն ենք հղում շրջանի բոլոր ուսուցչուհիներին՝ բարու ու լույսի սերմնացաններին։ Խաղաղությունն ու հոգու անդորրությունը մեր պարագայում ամենապահանջվածն ու արդիականն է, ինչն էլ մաղթում ենք արցախուհիներիդ։ Լինեք գնահատված ու արժևորված սեփական օջախներում։ Անափ երջանկություն ենք ձեզ մաղթում, ամուր առողջություն, դրական էմոցիաներ, ներդաշնակություն ամեն ինչում և ամենուր։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|