ՆՎԻՐՎԱԾ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ
18.03.2018 18:33

Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի առօրյան բազմաբովանդակ ու հագեցած է։ Կենտրոնում հաճախակի են կազմակերպվում տարբեր միջոցառումներ, նրա սաներն ընդգրկված են շրջանում տեղի ունեցող տոն և հիշատակի օրերին կազմակերպվող հանիդսավոր միջոցառումներին։ Կենտրոնի տնօրինության և դասվարների ուշադրությունից չեն վրիպում և ոչ մի հիշարժան տարելից, և դրանցից յուրաքանչյուրն անցկացվում է տոնական մեծ շուքով։

Արցախյան Շարժման 30-ամյակին ընդառաջ կենտրոնում հայտարարվել էր շարադրություների մրցույթ՝ հայրենասիրական թեմաներով։ §Արցախն իմ տունն է¦ թեման սաների մոտ ընկալվեց մեծ խանդավառությամբ, և նրանցից յուրաքանչյուրն իրենց շարադրություններում ներդրել են հոգու ամբողջ սերն ու հարգանքը Հայրենիքի, հարազատ բնաշխարհի գեղեցկության, անկրկնելի, և կուսական բնության հանդեպ։

Այգեստանի մասնաճյուղի թատերագիտական խմբակի սան Վահրամ Նասիբյանի մտքերն ու մտածմունքները, իննամյա երեխայի հպարտությունը հարազատ բնաշխարհն է, նրա հերոսական ժողովուրդը, որի հայրենանվեր զավակների շնորհիվ մեր չնաշխարհիկ Հայրենիքում խաղաղություն հաստատվեց։ §Ապրիլյան պատերազմից հետո, որին հայրս ևս իր ներդրումն ունեցավ, ես նրանից զինվորական համազգեստ խնդրեցի։ Եվ ահա արդեն երկու տարի է, ինչ իմ համազգեստը կրում եմ մեծ հպարտությամբ։ Ես սիրում եմ Արցախը և պատրաստ եմ Ադամի, Ազատի, Արմենակի, Քյարամի, Մարատի, Գոռի, Ռոբերտի և նրանց շատերի նման պաշտպանել իմ տուն Արցախը¦,- գրում է Վահրամը։ Նույն մասնաճյուղի ասմունքի խմբակի սան Սիրան Գրիգորյանը լավագույնս է տիրապետում հարազատ բնօրրանի դարավոր և հերոսական պատմությանը, և նրա ապագայի բոլոր ծրագրերն ու մտահղացումներն անկասկած Արցախում են։

Ավետարանոցի ուլունքագործության խմբակի սան Անուշ Պետրոսյանը հպարտությամբ է նշում իր հայ լինելը, իր անչափ հայրենասիրությունը, քանզի ծնվել և հասակ է առել հայրենասերների ընտանիքում։ Նրա հայրն այսօր էլ ծառայում է պաշտպանության բանակում, իսկ եղբայրը՝ քաջաբար հսկում Հայրենիքի սահմանները։ Մեծ քնքշանքով ու ոգևորությամբ է պատմում Անուշն իր սիրո մասին առ Արցախ աշխարհն ու իր ծննդավայր Ավետարանոցը։

Հիրավի դաստիարակությունը, որը աշակերտները ստանում են դպրոցներում և արտադասարանական պարապմունքների ժամանակ, մեծապես նպաս-տում է նրանց ազատ կամաարտահայտմանը, խորհելու, փնտրելու, գտնելու բազում հարցերի պատասխաններ։ Դա է թերևս պատճառը, որ բոլոր շարադրություններում նրանք երդվում են, որ Հայրենիքը երբեք չեն լքելու, այլև ապրելու են նրա հոգսերով՝ պատրաստ ամեն ինչի։ §Ես հայ եմ, և հպարտ եմ դրանով,- գրում է ավետարանոցցի Ստվելանա Մնացականյանը և շարունակում,- հպարտ եմ, որ ապրում եմ վեհաշուք Արցախում և խոստանում, որ կլինեմ գեղատեսիլ Արցախ աշխարհի հուսալի պաշտպանը¦։

Կենտրոնի Ասկերանի մասնաճյուղի ասմունքի խմբակի սան Կարինե Բախշիյանի §Արցախն իմ տունն է¦ շարադրությունն ամբողջությամբ ներծծված է հպարտության վեհ զգացումով, որ քատեզի վրա հենց այս կետում է նա լույս աշխարհ եկել։ Նա յուրաքանչյուր հայ մանուկի պայծառ աչքերում  տեսնում է Հայրենիքի լուսավոր գալիքն ու ապագան։ Ու նաև գերազանցապես հասկանում հետևյալ խոսքերի արժեքն ու բովանդակությունը, որով ավարտում է շարադրությունը. §Արցախը մենք ենք, և եթե մեզանից յուրաքանչյուրը հստակ իմանա իր սրբազան պարտքը Հայրենիքի առջև, քարտեզի վրա կունենանք մեծ ու հզոր երկիր՝ իր նախկին սահմաններով¦։

Ահա այսպիսին են մեր մատաղ սերնդի մտահոգություններն ու խոհերը Հայրենիքի, հարազատ ծննդավայրի մասին։ Ծանոթանալով նրանց հոգեվիճակին, Հայրենիքի սիրով լցված ջինջ ու մաքուր էությանը գալիս ենք այն համոզման, որ իրոք, ազատ ու անկախ Արցախի ընթացքը դեպի ճանաչում այլևս անկասելի է…

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter