ԽՐԱՄՈՐԹՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ |
17.04.2018 22:49 |
Ասկերանի շրջանի համայնքներում մեծածավալ բարեկարգման աշխատանքներ են ընթանում։ Մեր այցը շրջանի Խրամորթի համայնք տեղում կատարված աշխատանքների ընթացքն արձանագրելն ու հանրությանը ներկայացնելն էր։ Գյուղ տանող ճանապարհին արդեն ականատես ենք լինում լայնածավալ բարեկարգման աշխատանքներին։ Բավականին ժամանակ է, ինչ Խրամորթում ճանապարհների բարեկարգման և հենապատերի կառուցման աշխատանքներ են տարվում։ Դեպի գյուղ տանող գլխավոր ճանապարհն ավելի բարետես դարձնելու համար վարպետները ջանք ու եռանդ չեն խնայում։ Գյուղում մեծ աշխատանքներ են տարվում նաև պատերազմի կործանարար հետքերը վերացնելու ուղղությամբ։ Համայնքի ղեկավարի խոսքերով համայնքում բարեկարգման, սանիտարական մաքրման և ծառատնկման աշխատանքները պարբերական բնույթ են կրելու։ Նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ իրականացնել վերին շեն տեղամասում տեղակայված սուրբ Աստվածածին եկեղեցում, մաքրման աշխատաքներ տանել գյուղի գերեզմանատանը և հարակից տարածքում։ Ծառատնկման շրջանակներում տնկվել է 100 թթենի և հացի։ Շրջակա միջավայրի պահպանման, համայնքի շրջակայքի մաքրման և ծառատնկման աշխատանքները շարունակվում են։ Նախատեսվում է տնկել ևս 200 ծառ։ Ինչպես նշեց համայնքի ղեկավար Արգեն Մկրտչյանը, խրամորթցիները մեծ ակտիվությամբ ու պատրաստակամորեն են մասնակցում ծննդավայրի բարեկարգման աշխատանքներին։ -Գյուղում ոչ միայն միամսյակի ընթացքում այլև պարբերաբար կազմակերպվում են սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Գյուղում արդեն լուծված է աղբահանության խնդիրը։ Ամեն կիրակի օր բեռնատար մեքենան շրջում է գյուղում, հավաքում կուտակված աղբը և տեղափոխելով հատուկ վայրը այն հետո վառվում է։ Խրամորթցիներն ամեն օր ականատեսն են այն բանի, որ մեր իշխանություններին մտահոգում է գյուղացու կյանքը, նրա վաղվա բարեկեցությունը։ Ուստի §Եթե ոչ ինքներս, ապա էլ ո՞վ¦ կարգախոսով միաբան ու միահամուռ աշխատում ենք, մեր առջևում ավելի բարեկարգ ու բարգավաճ գյուղ ունենալու մեծ հավատով։ Իսկ աշխատանքները համայնքում դեռևս շարունակվում են, - ասում է Ա. Մկրտչյանը։ Սանիտարական մաքրման աշխատանքներին ընդգրկված դպրոցականները պարտքի մեծ գիտակցումով ու ակտիվութամբ են մասնակցում շաբաթօրյակին։ Նրանք, հիմնականում, աշխատում են հանուն ծննդավայրի և Հայրենիքի ազատության ու անկախության իրենց կյանքը զոհաբերած խրամորթցիների հիշատակին կանգնացված և կառուցված հուշարձանների բարեկարգման աշխատանքներին։ Ջանասիրաբար և, միաժամանակ, պատկառանքով աշխատող աշակերտները նշում են, որ դա նվազագույնն է ինչ կարող են անել մեր հերոս և անձնուրաց տղաների համար։ -Հպարտության վեհ զգացումով, բայց և խորը թախիծով ենք աշխատում մեր հերոս նախնիների հիշատակը հավերժացնող հուշարձանում։ Նրանց սրբազան արյունը խառնված է մեր հողերին, այն առավել քաղցրացնելով ու զորացնելով։ Այսօր առավել քան հպարտության զգացումն է իշխում մեզ մոտ, քանզի այդ արյունից նոր կյանքեր, հայրենասիրական նոր արարքներ ծնվեցին, - ասում է Գառնիկ Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մանանա Համբարձումյանը։ Կրտսեր դպրոցականները՝ ուսուցչուհիներ Վարդուհի Բաղդասարյանի և Արմինե Մկրտչյանի ուղեկցությամբ համայնքի գլխավոր ճանապարհին թափված հատ ու կենտ աղբն ու անպետքական իրերն էին հավաքում ու պարզաբանում իրենց կատարելիս գործի կարևորությունը՝ օդն ավելի մաքուր կլինի, իսկ մաքուր փողոցով քայլելը հաճելի… Հարազատ բնօրրանի բարեկարգման աշխատանքների խրամորթցի մի քանի սերունդների ներկայացուցչիներ էին ներգրավված, ինչը յուրօրինակ հայրենապահպան ձեռնարկում է նաև։ Իսկ նորօրյա մարտահրավերներին դիմադրելու միակ և ճշմարիտ ճանապարհը մատաղ սերնդին ամուր թելերով ծննդավայրին կապելն է։ Քանզի բացի հայրենասիրությունից ու հայրենիքի սիրուց զատ չկա հաստատուն ու կայուն և ոչ մի բան այս կյանքում։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|