ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐ |
14.04.2018 15:53 |
Օրերս Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ համայնքներում պարբերաբար պատշաճ մակարդակով կազմակերպելու կոշտ կենցաղային թափոնների հավաքման և աղբահանման աշխատանքներ, ինչպես նաև շրջանում սանիտարական մաքրման, բարեկարգման աշխատանքների և ծառատնկման միասյակ անցկացնելու մասին։ Խորհրդակցության ժամանակ վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը ներկայացրեց համայնքներում սանիտարական մաքրման, ծառատնկման, աղբահանման, կոշտ կենցաղային թափոնների հավաքման ԱՀ նախագահի հրամանագիրը։ Խորհրդակցության աշխատանքներին մասնակցում էին վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ։ Ա. Մելքումյանն անդրադարձավ շրջանի համայնքներում տիրող ախտահանման աշխատանքներին, նշելով որ նման աշխատանքները վատ կամ ընդհանրապես չեն կազմակերպվում համայնքներում, ինչն անթույլատրելի է։ Սերգեյ Գրիգորյանը նշեց, որ հայտարարված սանիտարական մաքրման, բարեկարգման և ծառատնկման աշխատանքների միամսյակի շրջանակներում անհրաժեշտ է դպրոցի տնօրենների, գյուղական ամբուլատորիայի աշխատակիցների, հասարակական կազմակերպությունների ու գյուղի ակտիվների հետ միասին մշակել և իրականացնել կոնկրետ միջոցառումներ՝ կատարվելիք աշխատանքների համար: Առավել մեծ ուշադրություն դարձնել համայնքների գյուղամիջյան ճանապարհների մաքրմանը, գյուղամերձ տարածքների աղբահանության կազմակերպմանը և կոշտ թափոնների տեղափոխմանը, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին կառուցված հուշահամալիրների և նրա շրջակա տարածքների մաքրմանը, համայնքների գերեզմանատան ցանկապատի և կից տարածքների բարեկարգմանը, թափառող շների և շնագայլերի ոչնչացմանը: Անհրաժեշտ է համայնքներում կազմակերպել ընդհանուր ժողովներ և համագործակցելով ոստիկանության տեղամասային տեսուչների և համայնքների բուժամբուլատորիայի աշխատակիցների հետ տանել բացատրական աշխատանք չնախատեսված տեղերում աղբ չթափելու համար։ Ինչպես հայտնի է շրջակա տարածքի մաքրության պահպանման գերակա խնդիրը եղել և մնում են պոլիէթիլենային տոպրակներն ու շշերը, որոնք իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, ինչպես նաև բնությանն ահռելի վնաս հասցնում։ Իսկ տարիներ հետո այն բացասաբար կանդրադառնա նաև գյուղատնտեսական ապրանքների որակի վրա։ Խորհրդակցության ժամանակ հարց է բարձրացվել աղբավայրերի և հարակից տարածքների ախտահանման մասին, որի շուրջ իրենց մտահոգություններն են արտահայտել համայնքների ղեկավարներն ու դպրոցների տնօրենները՝ պաշտրաստակամություն հայտնելով ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ սեփական բնակավայրերը տարիների աղբից ու անպետքական կոշտ թափոններից ձերբազատելու համար։ Ա. Մելքումյանը իրազեկեց նաև, որ բնությանը հասցվող սանիտարաէկոլոգիական վտանգի վերաբերյալ բնապահպանության նախարարությունը կիրականացնի մոնիտորինգ, որի ուշադրության կենտրոնում կլինի նաև մեր շրջանը։ Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն ԱՀ նախագահին մինչև հունիս ամիսը, ուստի համայնքի ղեկավարներին անհրաժեշտ է նախարարության աշխատակիցների գործունեությանը տեղերում ցուցաբերել աջակցություն և ակտիվություն: Լեյշմանիոզ հիվանդության տարած-ման հարուցիչների և համայնքներում դեռատիզացիոն միջոցառումներ կատարելու անհրաժեշտության մասին հանգամանալիորեն տեղեկատվությամբ հանդես եկավ շրջանի սանէպիդկայանի գլխավոր բժիշկ Իրադա Խաչատրյանը։ Նա բացատրական աշխատաքներ տարավ նաև նշված հիվանդությունից խուսափելու համար աշխատանքներն ինչ հաջորդականությամբ պիտի ընթանան, խոսվեց նաև խմելու ջրի պարբերաբար լաբորատոր ստուգման ենթարկելու, որոշ համայնքներում խմելու ջրի անորակության մասին։ Ասկերանի շրջբուժմիավորման գլխավոր բժիշկ Գոհար Հակոբջանյանը նշեց, որ այս միջոցառումներին իրենց ակտիվ մասնակցությունն են ունենալու նաև իրենց ենթակայության տակ գտնվող բոլոր բուժհիմնարկները։ Շրջանի գլխավոր ճարտարապետ Ալբերտ Ավանեսյանը ներկայացրեց համայնքներում կոշտ կենցաղային թափոնների հավաքման և աղբահանման աշխատանքներ իրականացնելու համար որոշ համայնքների ազատ մնացորդները հիշյալ աշխատանքների իրականացմանն ուղղելու մասին։ Հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացվող աշխատանքները կկատարվեն §Խաչեն Շին¦ ՓԲ ընկերության կողմից։ Վարչակազմի ղեկավարը իրավասու մարմիններին հանձնարարեց կազմակերպել ընդհանուր ժողովներ և բնակչության ուժերով կազմակերպել շաբաթօրյակներ, իսկ աղբը չնախատեսված տեղերում թափելը և սանիտարական նորմերի խախտման դեպքերն արձանագրել։ - Անհրաժեշտ է տեղում ֆիքսել և ակտավորել յուրաքանչյուր դեպք, լուսաբանել, անհրաժեշտության դեպքում կիրառել տույժ-տուգանք, բայց չափավոր,- ասաց Ս. Գրիգորյանը, հորդորելով խորհրդակցության մասնակիցներին տեղերում բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանել։ Միաժամանակ զգուշացրեց, որ նշված գործընթացը կանոնակարգվում և վերահսկվում է մեր հանրապետության ամենաբարձր՝ նախագահական մակարդակով։ Խորհրդակցության ժամանակ որոշվեց, որ աղբահանության հետագա կազմակերպումը յուրաքանչյուր համայնքում կկատարվի ելնելով տվյալ համայնքի առանձնահատկություններից։ Հանձնարարվեց կատարված աշխատանքների մասին ներկայացնել համապատասխան տեղեկանքներ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին անձամբ, մանրակրկիտ նշելով կատարած աշխատանքների ծավալը: Նշված աշխատաքներն իրականացնելու համար սահմանվեցին կոնկրետ ժամկետներ։ |