ՄԵՆՔ ՆՎԱՃԵԼ ԵՆՔ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
10.05.2018 23:13 |
Մայիսյան հերթական եռատոնին ընդառաջ շրջանում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում՝ այցելություններ սահմանապահ դիրքեր, զորամասեր, հավերժ հիշատակի, հարգանքի և խոնարհումի ցերեկույթներ, ինչպես նաև մեր հաղթանակները խորհրդանշող մարզական մրցույթներ։ Մեծ հաղթանակի ողջ խորհրուդներն էին իրենց մեջ ամփոփում Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջոցառումները։ Արցախյան ազատամարտի տարիներին թշնամու արկակոծությունների հետևանքով հիմնահատակ ավերված դպրոցական հին շենքի կրած դառը պատմությունը (ճակատագիրը) կիսավեր մնացած պատերն են հիշեցնում։ Հին դպրոցի բակում հավաքվածները՝ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի և ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչները, դպրոցականները, ուսուցիչներն ու շեֆ զորամասի զինվորները մասնակցեցին հուշաղբյուրի բացման հանդիսավոր արարողությանը։ Ողջունելով ներկաներին դպրոցի ուսուցչուհի Սուրայա Ղազարյանը շնորհավորեց ներկաներին մայիսյան հաղթանակների կապակցությամբ, ապա խոսելով հուշաղբյուրի կառուցման մտահղացման մասին՝ խոսքը փոխանցեց վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանին, ով և հանդիսանում է աղբյուրի կառուցման նախաձեռնողներից մեկը ։ Աղբյուրի ընտրության տեղը պատահական չէր։ Արցախյան ազատամարտի տարիներին թշնամու արձակած 70 հաուբից տեսակի արկ է ընկել դպրոցի բակը, հիմնահատակ ավերելով այն։ Քանի որ գյուղի հերթափոխը դպրոցի մոտով էր ձոր իջնում և անհետանում թշնամու աչքերից, ապա նրանք կարծելով, թե այն զորանոց է՝ նշանառության տակ վերցրին։ Բաղձալի հաղթանակից հետո պարզվեց, որ աղբյուրը, որը բազում սերունդների համար ուխտատեղի է եղել՝ այլևս չկա։ Թշնամու արձակած արկերից մեկն ընկել էր ուղիղ աղբյուրի վրա։ Որոշ ժամանակ անց երջանկահիշատակ Շահեն Աղաբաբյանը մարտական ընկերներին առաջարկեց հին աղբյուրի տեղը նորը կառուցել՝ ի հիշատակ արցախյան ազատամարտում նահատակված ուսուցիչների։ Նախաձեռնությունը մեծ խանդավառությամբ ընդունվեց, իսկ վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի քաջալերանքով խոսքը գործ դարձավ։ Շրջանի ճարտարապետ Ալբերտ Ավանեսյանի մասնագիտական կարողություններն ի սպաս դրվեցին հայրենանվեր նախաձեռնությանը։ -Աղբյուրը ոչ միայն մեր նահատակված ընկերների հիշատակին է կանգնեցվել, այլև մեր սիրելի ուսուցիչների, հին դպրոցում ուսում ստացած բոլոր աշակերտների հիշատակի համար է, ինչպես նաև այն հայրենապահպանման յուրօրինակ մեկնարկի փոխանցում է մատաղ սերնդին,- ասաց Կառլեն Մայիլյանը՝ շնորհակալություն հայտնելով համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանին՝ ցանկացած հարցում ընդառաջելու, միջամտելու համար և հուշարձան-աղբյուրի կառուցման աշխատանքներում ներգրավված անձանց։ Աղբյուրից քիչ ներքև դպրոցականների ձեռքերով ծառեր են տնկվել, ու այժմ այգին նոր կյանք է ստացել և աղբյուրի ջրով՝ կենարարության և կյանքի շարունակության խորհրդով ջրվում են նորատունկ ծառերը։ Ջուրը կյանք է, հուշաղբյուրը կյանքի հարատևության խորհրդանիշ, քանզի ավերվածի տեղը նոր ենք կառուցում, իսկ հինը՝ վերականգնում։ Կ. Մայիլյանն ափսոսանքով նշեց, որ այսօրվան թախանձանքով սպասած ընկերներին՝ Շահեն Աղաբաբյանին ու վարպետ Վլադիկին բախտ չվիճակվեց տեսնել, ներկա գտնվել բաղձալի միջոցառմանը։ Աղբյուրի ջուրը վազում էր անդադար՝ լուր հասցնելու բոլոր նրանց, ովքեր պապակ սրտով ու անհուն կարոտով մնացին։ Աղբյուրի բացման հանդիսավոր արարողությունից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին դպրոցի շենքում տեղակայված զոհված խնապատցիների հիշատակը հավերժացնող հուշավահանակին, որը 20 տարի առաջ դպրոցն ավարտած շրջանավարտների մայիսյան եռատոնին և ընթացիկ ուսումնական տարվա ավարտի նվերն էր հարազատ կրթօջախին։ Դպրոցի նախկին տնօրեն, երկարամյա մանկավարժ Զավեն Բեգլարյանը հպարտությամբ նշեց դպրոցի ձեռքբերումների, այն բարի համբավի մասին, որը վայելում էր դպրոցն իր ողջ պատմության ընթացքում։ Դպրոցում միշտ էլ բարձր հիմքերի վրա է եղել դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիրարակությունը, դրա վառ ապացույցներից մեկն էլ օրվա միջոցառումներն են։ 20 տարի առաջ դպրոցն ավարտած շրջանավարտների նախաձեռնությամբ զոհված խնապատցիների հիշատակը հավերժացնող հուշավահանակը նոր կյանք ստացավ, ինչը ազգի նվիրյալների անմար հիշատակը հավերժացնելու, ապրողների հոգու հանգստության և մատաղ սերնդի հայրենասիրությունը մշտարթուն պահելու համար է նաև։ Եվ պատահական չէ, որ դպրոցում տեղի ունեցող միջոցառումները սկիզբ են առնում ազգի նվիրյալների հուշավահանակից և կյանքի գնով ձեռք բերված անկախ Արցախի Հանրապետության օրհներգով։ Իսկ դպրոցի ռազմահայրենասիրական դաստիարակության վարկը շրջանի սահմաններից դուրս է տարածվել, ինչը մեծապես զինղեկ Արման Ավանեսյանի նվիրված աշխատանքի արդյունք է նաև։ Վերջինս էլ սրտի իր խոսքում նշեց, որ պարտքի վեհ զգացումով ու հպարտությամբ է դասավանդում աշակերտներին ՆԶՊ առարկան, քանզի մեր մի բուռ Հայրենիքի պաշտպանությունը հենց դպրոցից է սկսվում։ Ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս զինվորական գիտելիքներով ու փորձով զինել Արցախի ապագա զինվորներին՝ հայրենասիրական իր նկրտումներով և կեցվածքով օրինակ ծառայելով։ Ներկաներին ողջունեց և օրվա խորհուրդը ընդգծեց Վիտալի Բալասանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց խնապատցիներին Արցախյան ազգային զարթոնքի տարիներից ի վեր ցուցաբերած աննախադեպ միասնականության, արիության և խիզախության համար և իր գոհունակությունը հայտնեց, որ այժմ էլ Խնապատում ծնունդ է առնում և մեծանում ոչ պակաս հայրենանվեր սերունդ։ Ինչպես ասում են՝ քաջերի սերունդները քաջերն են։ - Մեզ պարտադրված պատերազմում կարողացանք պատվով դուրս գալ, չնայած մեզանից շատերը չունեինք զինվորական պատրաստվածություն և համապատասխան գիտելիքներ։ Ազատամարտի տարիներին Ասկերանի շրջանն ամենայն պատասխանատվությամբ ու պարտականությունների գերազանց կատարմամբ կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրները։ Եվ այդ ամենը շնորհիվ մեր քաջարի մարտիկների, որոնցից շատերը, ցավոք զոհվեցին, ամենաթանկը՝ կյանքը չխնայելով Հայրենիքի ազատության և անկախության համար։ Թերևս զրկանքի մեծ բաժինը հասել էր շրջանի սահմանամերձ բնակավայրերին, այդ թվում նաև Խնապատին և խնապատցիներին։ Եվ այսօր մեր բնակավայրերի խնամքը, բարեկարգումը բոլորիս պարտքն է։ Պետք է գործել՝ կամավոր հիմունքներով, պարտադիր սկզբունքով նշանաբանով, հանուն ընդհանուրի և հանուն այն վեհ գաղափարի, որի համար թանկ գին է վճարվել, քանզի մեր ամեն մի սանտիմետր հողը ներծված է արյունով։ Բոլորիս խնդիրն է անկախ սոցիալական վիճակից և կուսակցական պատկանելությունից միասնականություն և կամք դրսևորենք՝ մեր սիրելի Հայրենիքը, մեր բնակավայրերը և մեր շրջապատը մաքուր պահելու և պահպանելու հարցում,- ասաց Վ. Բալասանյանը, որպես Հայրենիքի մշտական զինվոր պատրաստակամություն հայտնելով հարկ եղած դեպքում լինել խնապատցիների կողքին, դառնալով թև ու թիկունք։ Դպրոցականները հպարտ են, որ իրենց երակներով հպարտ արցախցու արյուն է հոսում, հպարտ են, որ ազատ ու անկախ Արցախ կերտած հերոսների հետնորդներն են։ Նրանք խոր ակնածանքով էին լցված Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի և վարչակազմի ղեկավար, ոստիկանության գեներալ Սերգեյ Գրիգորյանի հետ հանդիպումից։ Նրանք իրենց հուզող հարցերն ուղղեցին Վ. Բալասանյանին և Ս. Գրիգորյանին։ Հարցերը բազմաբնույթ էին, կապված Արցախ աշխարհի անվտանգության, սահմանների անառիկության, ապրիլյան պատերազմի ժամանակ շրջանի մարտական դիրքերի ու թիկունքի աննախադեպ համախմբվածության ու միասնականության մասին։ Ինչպես նշեց Ս. Գրիգորյանը, ներկայիս սերունդը հայրենասիրության վառ կամաարտահայտմամբ գերազանցել է իր սերնդակիցներին, ինչն իր համար հպարտություն է համարում, քանզի հասել են այն նպատակին, ինչին ձգտել, ինչի համար պայքարել են։ -Այն որ Արցախում աճում, զարգանում է հայրենասեր սերունդ, որը գերազանցել է իր նախորդներին՝ կփաստեն բոլորը։ Այսօր էլ մեր համախմբվածությամբ ու միասնականությամբ պետք է շարունակենք կերտել մեր անկախ պետության հերոսական պատմությունը,- ասաց Ս. Գրիգորյանը։ Օրվա խորհուրդն ամփոփեց և բովանդակալից միջոցառման կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց Կ. Մայիլյանը, փաստելով, որ Արցախի ապագան հուսալի ձեռքերում է։ Հողը, որի վրա մենք ամուր կանգնած ենք, կյանքի գնով ձեռք բերված և արյամբ սրբագործված հող է։ Ու նման միջոցառումներն, իրոք նպատակային են, քանզի պատմության անիվը պետք է անընդհատ պտտեցնել՝ մատաղ սերնդի մոտ բարձր և մշտարթուն պահելով հայրենասիրական ոգին, դարավոր պայքարն անարդարության դեմ, պահանջատիրությունն ու բաց և խաղաղ երկնքի տակ ազատ ու անկախ ապրելու իրավունքը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|