ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎՈՒՄ |
11.05.2018 00:14 |
Հիշել, հարգել և խնկարկել Հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների անմար հիշատակը՝ ապրողներիս սրբազան պարտքն է։ Արցախի ցանկացած բնակավայրում յուրաքանչյուր միջոցառում սկիզբ է առնում նահատակված հերոսների հիշատակին կառուցված հուշարձաններին ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելով։ Ասկերանի շրջանի Հարավի համայնքում մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումը մեկ օր շուտ սկսվեց։ Մեծ Հայրենականում զոհված հարավցիների հուշարձանի տարածքում կանգնեցվեց արցախյան ազատամարտում զոհված հարավցիների հուշակոթող, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը՝ շրջանի պատասխանատուների հետ, զոհված ազատամարտիկների հարազատներ, ազատամարտի վետերաններ, դպրոցականներ հյուրեր։ Կարմիր ժապավենը կտրելուց հետո հերոսների հարազատ, ջերմագին դեմքերն ու հպարտ հայացքներն էին դիմավորում ծաղիկներ խոնարհողներին։ Հպարտությամբ էին լցված նաև անմահ հերոսների հետնորդները, քանզի նրանք են նաև մասնիկը Արցախի խաղաղ ու պայծառ այգաբացների։ Հուշարձանը համալիր դարձնելու մտահղացումը ուղիղ մեկ տարի առաջ էր ծագել, և այժմ Հայրենիքի ազատության և անկախության համար բոլոր ժամանակներում նահատակված քաջորդիների հիշատակին կառուցված հուշահամալիրը հարավցիների համար դարձել է ամենանվիրական սրբավայրը։ Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը, որի ելևէջների ներքո հպարտորեն ծածանվում էր հայոց եռագույնը։ Բացման խոսքով հանդես եկավ Հարավի միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Նարինե Ղազար յանը, ով ներկայացրեց Հարավի մի քանի սերունդների սխրագործությունները, փառք ու պատիվ տալով Հայրենիքի նվիրյալ զինվորներին։ 20 հարավցի հերոսներ իրենց կյանքի գնով մեզ կյանք են պարգևել։ Նրանցից յուրաքանչյուրը մի մեծ հայրենասեր էր, գյուղի հասարակության կողմից սիրված և հարգված։ Նրանք ազգի երդվյալ զինվորներ էին, որոնց մեջ հայրենասիրությունը ծնված օրվանից՝ մոր կաթի հետ էր հոսում նրանց երակներով։ Եվ նրանց սխրանքը ուսանել է և՛ ներկա, և՛ ապագա սերունդների համար։ -Հաղթանակներով հպարտանալու հետ մեկտեղ պետք է ավելի ամրապնդենք մեր բանակի հզորությունը։ Եվ գաղտնիք չէ, որ դպրոցն է բացում աշխատանքային խիզախումների, հայրենանվեր արարումների ասպարեզը։ Դպրոցի ուսուցչի արդյունավետ աշխատանքով է պայմանավորված այդ ճանապարհի լուսավորվածությունն ու անխոտոր ընթացքը։ Խոր ակնածանքով գլուխ ենք խոնարհում Արցախյան ազատամարտում զոհվածների սուրբ շիրիմների և հաշմանդամ դարձած ազատամարտիկների առջև։ Մեր քաջարի զինվորները քուն թե արթուն հսկում են մեր երկրի սահմանները, որպեսզի դպրոցական զանգը միշտ հնչի և շարունակվեն հայրենասիրական դասերը։ Ու հենց այս հուշակոթողը յուրօրինակ հայրենասիրական դասի առհավատչյան է,- ասաց Հարավի միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Մինասյանը։ Հուշարձանի կառուցման նախաձեռնությունն ու կազմակերպչական բոլոր աշխատանքների ծանրությունը համայնքի ղեկավար Ա. Ղազարյանի ուսերին էին, և դատելով հավաքվածների երախտապարտ հայացքներից, համայնքի ղեկավարին հաջողվել է իրականություն դարձնել համագյուղացիների երազանքը։ Հարավցի ազատամարտիկները հազարավոր հայրենիքի նվիրյալների հետ մեկտեղ փառավոր մարտական ուղի են անցել։ Գիտակցված մահն՝ անմահություն է երդումը շուրթերին 20 երիտասարդ ամենաթանկը՝ կյանքը զոհաբերեց Հայրենիքին։ Իսկ հրաշքով կենդանի մնացածների կյանքն իմաստավորվում է զոհված ընկերների հիշատակը հավերժացնելու միջոցով նաև։ Ու բարեգործական հիմունքներով Հարավում նախաձեռնվեց կառուցել հուշակոթող։ Գյուղում գործող քարի արտադրամասերի պետերի ու շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի աջակցությամբ վերանորոգվեցին նաև Հայրենական մեծ պատերազմում և ազգային ազատագրական պայքարում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանները, հուշահամալիրի տարածքն ամբողջությամբ բարեկարգվեց։ - Մենք երախտագիտությամբ ու ակնածանքով ենք հիշում ազատամարտի հերոս մասնակցիներին, ովքեր փառապանծ ու լուսավոր ուղի հարթերցին և դարձան հավերժի ճամփորդներ։ Հուշակոթողը, որը կառուցվել է ազատամարտի վետերենների և գյուղի երիտասարդների ջանքներով, հայրենասիրության դաս է մատաղ սերնդի համար, ովքեր էլ իրենց հետնորդներին փոխանցելով մեր քաջարի տղաների սխրագործությունները՝ անմար կպահեն նրանց հիշատակը,- ասաց Ա. Ղազարյանը՝ ցավով նշելով, որ արցախյան ազատամարտի վետերենների շարքերը գնալով նոսրանում են։ Բոլորովին վերջերս երկրային կյանքին հրաժեշտ տվեց գյուղի ջոկատի հրամանատար, ԱԱՄ Հարավի վետերանների միության նախագահ Կամո Մելքումյանը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Կամո Մելքումյան հրամանատարի, մեծ հոգու ու կամքի տեր մարդու, պայքարող, նպատակասլաց անձնավորության ու պարզապես մեծ հայրենասերի անմար հիշատակը։ Ամենաթեժ մարտերում հաղթանակած քաջորդու ստացած վերքերը չնայած սպիացան, սակայն խավարեցին սիրված ու հարգված հրամանատարի կյանքը։ Նա ընդմիշտ միացավ իր փառապանծ զինվորներին, Արցախի երկնակամարն էլ ավելի լուսավորելով։ Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձնաց, ովքեր իրենց լուման են նրդրել հայրենապահպան նախաձեռնության մեջ։ Ելույթներ ունեցան դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռազմիկ Ավագյանն ու զոհված ազատամարտիկի դուստր Լուսինե Մինասյանը, որոնց խոսքը լի էր երախտագիտությամբ, հպարտությամբ ու բերկրանքով։ Նրանց հարազատներն իրենց կյանքի գնով կյանք են պարգևել՝ հայրենիքի լուսավոր ապագայի համար ամենաթանկը չխնայելով։ Միջոցառմանն առանձնակի շուք և իմաստ հաղորդեցին դպրոցականների հուզումնալից կատարումները։ Նրանք՝ ազատ ու անկախ Արցախի լիիրավ հետնորդները խոստացան, իրենք են լինելու կռողը մեր հետագա հաղթանակների։ Վերջում Արցախի Հանրապետության նախագահի և Արցախի ազատամարտիկների Միության նախագահի հրամանագրերով հարավցի մի խումբ երիտասարդներ պարգևատրվեցին մեդալներով։ Իրավամբ, չկա ավելի իմաստավորված մահ, քան հանուն Հայրենիքի ազատության նվիրաբերված կյանքը։ Այսօր էլ մեր հերոս տղաներն ապրում են, ապրում են մեր հիշողություններում, իսկ հիշողությունը կյանքի տեսակ է, որտեղ մահ չկա… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |