ԹՈՂ ԱՅՍՏԵՂ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԻԱՅՆ ԲԱՐԻՆ…
15.05.2018 09:46

Քիրս լեռան ստորոտում ծվարած Ավետարանոց գյուղը մի իսկական դրախտավայր է հիշեցնում: Աննկարագրելի դյութիչ բնություն, կուսական անտառներ, անմահական ու մաքրամաքուր օդ և ջուր, սրտաճմլիկ ծլվլացող թռչունների երամներ, պարզապես՝ մի երանելի բուրաստան…

Ավետարանոցը գոյություն է ունեցել դեռևս մեկուկես հազարամյակ առաջ: Այն եղել է Վարանդա գավառի կենտրոնը և մելիքների նստավայրը: Միջնադարում և հատկապես մելիքների տիրապետության շրջանում բնակավայրը շրջապատված է եղել հզոր և ամուր պարիսպներով, որոնց որոշ հատվածներ մնում են մինչև օրս: Մնում են նաև մելիքների թաղկապ ապարանքների արդեն կիսով չափ փլված պատերի և այլ ավերակների մնացորդները: Ըստ ավանդության Աղվանքի թագավոր Վաչե Երկրորդը ճգնավոր դառնալուց  հետո հաստատվել է այստեղ և իրեն նվիրել Քրիստոսի Ավետարանին: Այստեղից և գյուղը կոչվել է Ավետարանոց: Գյուղն առանձնանում է իր հնամենի մեծ և փոքր հուշարձաններով, խաչքարերով: Հենց գյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ կառուցվել է 1651 թվականին: Հուշարձանների մեջ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Կուսանոց անապատը: Համաձայն եկեղեցու մուտքի վերևի արձանագրության՝ այն կառուցվել է 1616 թվականին: Կուսանոցի շինարարներն օգտագործել են ավերված շենքների քարեր՝ ընդգծելու, որ կառուցել են նախկինում եղած կրոնական հայտնի օջախի տեղում: Հնում այստեղ եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, ինչի մասին են վկայում գրավոր աղբյուրները և հին արքայատան  մնացորդները: Հետազոտություններն ապացուցել են, որ այստեղ է գտնվել Մելիք-Շահնազարյանների դամբարանը: Եկեղեցու բակում են ամփոփված մելիք-իշխանների և քահանաների աճյուններ, տաճարի պատերում որմնաշարված են տարբեր դարաշրջանների խաչքարեր:

Գյուղում կարելի է տեսնել հիանալի ճարտարապետական նմուշների հետքեր: Նախ և առաջ դրանք Շահնազարյանների երեք մելիքական ապարանքներն են, որոնց պահպանված բարվոք վիճակը բավականին քանակությամբ տեղեկություններ է տալիս այդ դարաշրջանի ղարաբաղյան պալատականների կենսակերպի և կենցաղի մասին:

Մելիքանիստ գյուղի հայ քաջորդիներն Արցախյան պայքարի անձնվեր մարտիկները դարձան: Ավետարանոցցին կանգնեց պաշտպանելու իր անառիկ գյուղն ու Արցախ աշխարհը: 1990 թվականի սկզբներին Համլետ Ստեփանյանի հրամանատարությամբ Ավետարանոցում կազմավորվեց կամավորական ջոկատ, որի հիմքի վրա 1991 թվականի վերջին ստեղծվեց վաշտ: 1992 թվականից ջոկատն առանձին, վաշտն Ասկերանի պաշտպանական շրջանի առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում մասնակցել են Հասանաբադի, Լեսնոյի, Քարինտակի, Մալիբեկլուի, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Գումարտակը ղեկավարում էր Արշավիր Ղարամյանը:

Ավետարանոցի 30 հայորդիներ իրենց կյանքը նվիրաբերեցին և նահատակվեցին հանուն մայր հողի, հանուն Արցախի անկախության ու ազատության: Այսօր նրանց անունները հիշվում են մեկ առ մեկ, և անխտիր կհիշվեն տարիներ ի վեր: Դա կլինի այն բարձր գնահատականն ու հիշատակի տուրքը, որ նրանց կտա ցանկացած սերունդ…

Այսօր Ավետարանոցի համայնքն ունի 250 տնային տնտեսություն՝ 1157 բնակիչներով: Համայնքում գործում է բուժկետ, միջնակարգ դպրոց, մանկապարտեզ:

Բնակչությունն զբաղվում է երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ:

Հայերիս համար հաղթական և ճակատագրական մայիս ամսին ինձ բախտ վիճակվեց լինել Ավետարանոց գյուղում: Չեմ կարող նկարագրել այն վառ տպավորություններն ու հույզերը, որ ես զգացի այդտեղ: Գյուղն ամբողջապես ընկղմված էր կանաչի մեջ: Ասես տաղանդավոր նկարչի վրձնի մի հարվածով այն իսկական մի հեքիաթի էր վերածվել: Ինձ մնում էր միայն հմայվել ու վերստին համոզվել, որ ինքա՜ն գեղեցիկ ու գողտրիկ է մեր Արցախ աշխարհը: Տեղին է ասված, որ գեղեցիկի զգացողությունը մարդու մեջ բնության հաղորդակցությունից է սկսվում: Այսպիսի բնաշխարհում մարդ պետք է միայն բարին ու լավը տեսնի, սիրտն ու հոգին լցնի լույսով ու սիրով: Չէ որ սոսկ բարությամբ ու լավատեսությամբ պարուրված մարդը կարող է փոխադարձաբար ստանալ լավն ու բարին…

Ավետարանոցի նորակառույց մանկապարտեզի շենքն ունի գերազանց պայմաններ, հրաշալի սենյակներ ու բակ, որտեղ խաղում են մեր փոքրիկները: Երկու խմբերում դաստիարակվում են 42 մանուկներ: Մանկապարտեզից հորդում է երեխաների կարկաչուն և անհոգ ծիծաղը, բարձր տրամադրություն հաղորդում գյուղի մեծերին, ովքեր մանկապարտեզի կողքով անցնելիս մի պահ կանգ են առնում և օրհնանք տալիս այդ հիանալի օջախը կառուցողներին:

<<Երանի՜, գյուղում միշտ խինդ ու ծիծաղ լինի, ավելի շատ երեխաներ ծնվեն, գյուղն ավելի ծաղկի ու շենանա>>,-մաղթում են տարեցները…

Այցելեցի Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոց, որի երբեմնի մեծ փառքի մասին շատ էի լսել: Դպրոցում աշխուժություն էր նկատվում: Պարզվեց, որ տարրական դասարանների աշակերտների մի մասը վերադառնում էր շաբաթօրյակից, ոգևորված երեխաները մաքրման աշխատանքներ էին իրականացրել <<Դախշուն>> կոչվող տեղամասում: Ուսուցիչների հետ նրանք մաքրել էին սառնորակ աղբյուրի շրջակայքը, որպեսզի ամեն մի անցորդ վայելի անմահական ջուրը: Օրեր առաջ բարձր դասարանցիները շաբոթօրյակ էին կազմակերպել <<Ցուրտ աղբյուր>> կոչվող տեղամասում: Դպրոցի տնօրինության, ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների մշտական ուշադրության կենտրոնում են Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում նահատակված ավետարանոցցիների հիշատակին կանգնեցված հուշարձանների, հուշաղբյուրների բարեկարգման և խնամքի աշխատանքները: Այս սրբատեղերի պահպանումը յուրաքանչյուր դպրոցական համարում է իր վեհ պարտականությունը:

Երբ մտա դպրոցի շենքը, անմիջապես աչքս շոյեց <<Ղարաբաղյան շարժում>> խորագրով պատի թերթը, որը մատաղ սերնդին բովանդակալից ներկայացնում էր այն ամենը, ինչ կատարվել էր 30 տարի առաջ: Մայիսյան եռատոնին նվիրված պատի թերթ էր լույս ընծայվել, թարմացված էին նաև փառքի անկյունները:

Աշխուժությունը շարունակվում էր նաև դպրոցի ներսում: Երկրորդ դասարանցիները նշում էին ռուսերենի այբուբենի տոնը, որին մասնակցեցի մեծ ուրախությամբ: Դպրոցականներն արտասանեցին և երգեցին ռուսերենով: Նրանք անչափ ուրախ էին, ոգևորված և անկաշկանդ: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Մանուշակ Հայրապետյանը շնորհավորելով փոքրիկներին այս գեղեցիկ միջոցառման առթիվ՝ ցանկացավ, որպեսզի նրանք միշտ լավ սովորեն և կարողանան տիրապետել այս գեղեցիկ լեզվի բոլոր նրբություններին:

Փոքրիկներին շնորհավորեցին նաև դպրոցի տնօրեն Ալվինա Խաչատրյանը և ծնողները:

Պետք է շեշտել, որ Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցը Մայիսյան Եռատոնին նվիրված պատշաճ մակարդակով կազմակերպել է տարաբնույթ միջոցառումներ՝ շարադրությունների և ասմունքի մրցույթներ, նկարների ցուցահանդես: Աշակերտները դիրքապահ զինվորների համար նախապատրաստել էին տոնական ծանրոցներ և դրանք անձամբ հանձնել նրանց:

Դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Ալվինա Հայրապետյանի հետ շրջեցի դպրոցում: Երբեմնի հզոր դպրոցն այսօր վերանորոգման խիստ կարիք էր զգում: Սակայն, ինչ ժառանգել էին տարիներ առաջ ստեղծածից, ուսուցիչները ցանկանում էին պահել ամեն գնով և սրտացավությամբ: Ինչ խոսք, դպրոցի շենքային անմխիթար վիճակը չէր ազդում ուսման որակի և կարգապահության վրա: Ալվինա Հայրապետյանի հետ մտա ֆիզիկայի լաբորատորիա, այստեղ ամեն ինչ այնպես էր, ինչպես թողել էր ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ Իվան Աթայանը: Դասասենյակի ամենապատվավոր տեղն զբաղեցնում էր ուսուցչին նվիրված անկյունը, որը կրում էր <<Ընդմիշտ մեզ հետ>> խորագիրը: Լինելով Իվան Աթայանի աշակերտուհին, ապա նրա գործընկերը, այսօր արդեն կենսաթոշակային տարիքի հասած, վաստակաշատ ուսուցչուհի Ալվինա Հայրապետյանն ակնածանքով և հուզմունքով էր խոսում իր ուսուցչի, նրա թողած մեծ ժառանգության մասին: <<Փոքրուց շատ էի սիրում հայոց լեզու և գրականություն, սակայն առավել սիրում ու հարգում էի ընկեր Աթայանին: Եվ այդ զգացմունքն այնքան ուժեղ էր իմ մեջ, որ ես նախընտրեցի ֆիզիկի մասնագիտությունը: Ամբողջ կյանքում աշխատեցի նմանվել նրան, դարձա նրա հավատարիմ հետևորդը: Ընկեր Աթայանն ուներ անգնահատելի մի գիծ՝ նա չէր տարբերակում, թե ում երեխան է նստած իր առջև: Բոլորը հավասար էին, բոլորն իրենն էին: Նա հավատում էր, որ իր աշակերտները բարձր կպահեն դպրոցի և գյուղի պատիվը: Եվ այսօր մենք բոլորս հպարտանում ենք մեր դպրոցով, մեր ունեցածով: Ինչ խոսք, Իվան Աթայանի անունը կրող դպրոցը պետք է միշտ աչքի ընկնի իր ուսման որակով, համերաշխությամբ և կարգապահությամբ>>,-ասաց Ալվինա Հայրապետյանը:

Այնուհետև իմ ուղեկցուհու հետ շրջեցի գյուղում: Ինձ համար ամեն ինչ հետաքրքիր էր, գեղեցիկ: Ալվինա Հայրապետյանը պատմում էր գյուղի և գյուղացու առօրյայի մասին: Գարնանային արևոտ այդ օրը համարյա բոլորն այգիներում էին: Հողի մշակ ավետարանոցցին չի կարող պարապ նստել, այստեղ ժողովուրդը շատ աշխատասեր է: Մեծամասնությունն աշխատում են գյուղից դուրս՝ ահել, թե ջահել: Երիտասարդ տնտեսուհի Անահիտ Մնացականյանն ամուսնու՝ Հրայրի հետ ամեն առավոտ, լույսը դեռ չծագած բանջարաբոստանային կուլտուրաներ մշակելու համար մեկնում են գյուղի հեռու գտնվող իրենց հողատարածքները: Անահիտը չի տրտնջում, չի հոգնում: Չէ որ երեխաների ապագան պետք է լուսավոր լինի, իսկ դրա համար աշխատել է պետք: Միաժամանակ Ասկերանի ՄՊՍԿ-ի Ավետարանոցի մասնաճյուղում ասմունքի խմբակավար է:

Զարմանքով նկատեցի, որ այս գյուղում բոլորն էլ ընդգծված աշխատասեր են և անչափ հյուրասեր: Հողի հետ գործ ունեցող ավետարանոցցիները, անտեսելով բոլոր դժվարությունները, կարողանում են ստեղծել, արարել ու միշտ լցված են լավատեսությամբ: Ամեն ինչի հասնում են իրենց արդար քրտինքով և հաճախ էլ հպարտանում դրանով:

…Իմ ուշադրությունը գրավեց մի կին, ով ժամանակից շուտ ծերացել, սակայն պահպանել էր երբեմնի իր գրավչությունը: Նրա աչքերում ես անսահման տխրություն տեսա և զգացի, որ հոգետանջ այս կինն այնքա՜ն ասելիք ունի…Չէի կարող անտարբեր մնալ, երբ նա ինձ հրավիրեց իր տուն: Բանջարանոցից նոր էր վերադարձել, եկել էր մի կտոր հաց ուտելու և կրկին աշխատանքի վերադառնալու: Մանյա մայրիկը հուզված էր, գուցե հեշտ էր անծանոթի հետ սիրտը բացել, չգիտեմ… Ես լսեցի որդեկորույս մոր սրտի խոսքը, տեսա արցունքից քարացած նրա աչքերը…Նրա որդին՝ Նելսոն Մանասյանը տարիներ առաջ զոհվել է թշնամու գնդակից, երբ ընկերների հետ խաղող քաղելու էին գնացել: Երկու ամիս առաջ էր զորացրվել, ծառայում էր Ասկերանի Ն զորամասում: Նելսոնին զոհվածի կարգավիճակ չտվեցին, ինչքան էլ ծնողները դիմել էին տարբեր ատյաններ: Մանյա մայրիկի տունը վերանորոգման խիստ կարիք ուներ, տանիքը կաթում էր…Ինչքան մենք զրուցում էինք, մեծադիր նկարից մեզ էր նայում երեք քույրերի մինուճար եղբայր Նելոսնն իր խելամիտ և բարի աչքերով ու ասես մորը հանգստացնում և խնդրում այլևս չլացել.-<<Մայրի՛կ, մի տխրի՛ր, ապրի՛ր, աշխատի՛ր թոռներիդ համար, վայելիր այս խաղաղ կյանքի ամեն մի մասնիկը: Իսկ ես կհսկեմ ձեր խաղաղ քունը, ես այստեղ եմ, չեմ գնացել>>…

Որդու մասին հիշողությունները Մանյա մայրիկին մերթ ուրախացնում, մերթ ալեկոծում էին, առանց այն էլ փոթորկված նրա հոգին: Նա մի պահ խորասուզվեց իր մտքերի մեջ, ապա վերադարձավ ներկա…Պատմեց, որ դիմել է ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանին և խնդրել աջակցել տան վերանորոգման հարցում: Հազար օրհնանք տալով պետնախարարին, որդեկորույս մայրը երախտագիտությամբ նշեց, որ արդեն սկսվել են տան վերանորոգման աշխատանքները: Եվ մորմոքված կնոջ աչքերում ես հույսի նշույլներ նկատեցի: Գոնե իր թոռներին վերանորոգված և պատշաճ տուն կթողնի և նրանք վեր կտանեին իր մինուճարի տան ծուխը…Մեր զրույցի ընթացքում բակում աշխատում էին նրա թոռները, որ եկել էին օգնելու տատիկին ու պապիկին:

Եկավ տուն դառնալուս ժամանակը, մի տեսակ չէի ցանկանում բաժանվել այդ կախարդական բնաշխարհից, այդ աշխատասեր և առանձնահատուկ ժողովրդից: Ցանկությունս մեկն էր. թող մելիքանիստ Ավետարանոցում մարդիկ ապրեն հույսով ու հավատով լցված, համերաշխ և միասնական: Ու թող այստեղ թագավորի միայն բարին, չէ որ բարությունը հենց ինքը կամեցողությունն է…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter