ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍՆ Ն ԶՈՐԱՄԱՍՈՒՄ |
10.05.2018 09:49 |
Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփան անմոլոր գնալու համար: Հովհ. Թումանյան Մայիսյան եռատոնի նախօրեին ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման խորհրդի նախաձեռնությամբ արիության դաս անցկացվեց Ասկերանի Ն զորամասում: Արցախյան ազատամարտի վետերանների հանդիպումը զինվորների հետ սրտառուչ էր: Կապիտան Ղազարյանի հրամանատարությամբ ներկա էին 18-րդ և 16 րդ վաշտի զինվորները, ովքեր <<Ես եմ>> ծրագրի շրջանակներում ցանկություն են հայտնել ծառայությունն անցկացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում և վեցամսյա ուսումից հետո մեկնելու են առաջնագիծ՝ ծառայելով երեք տարի: Ն զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Լալա Բաղդասարյանը ողջունելով հյուրերին և ներկայացնելով նրանց զինվորներին՝ շեշտեց. -Այսօրվա արիության դասը յուրահատուկ է իր խորհրդով: Մայիսը հաղթանակների ամիս է հայերիս համար: Եվ նշելով Մայիսյան եռատոնը՝ մեզանից յուրաքանչյուրը գլուխ է խոնարհում բոլոր այն քաջորդիների առջև, ովքեր իրենց կյանքն են նվիրաբերել հանուն Հայրենիքի: Մենք մեծարում և գնահատում ենք Արցախյան պատերազմի ազատամարտիկներին, որոնք անցել ու հաղթահարել են ամեն մի դժվարություն, ունեցել են կամքի մեծ ուժ, քաջություն և այսօր մեզ հետ են, միշտ պատրաստ ցանկացած պահի օգնության հասնել: Ողջունենք նրանց ու լսենք նրանց խոսքը: Արցախյան պատերազմի ազատամարտիկ Արմեն Գասպարյանի սրտի խոսքն առլեցուն էր հպարտությամբ և վստահությամբ. -Տղանե՛ր, այս հանդիպումը հաճելի և իմաստալից է բոլորիս համար: Նախ իմացեք, որ մենք ուրախ ենք ձեզ միշտ ողջ և առողջ տեսնելու: Յուրաքանչյուրիդ կյանքը թանկ է ամեն մի հայի համար, մեր մայրերն ու քույրերն աղոթում են ձեր անվտանգ ծառայության և անվնաս տուն վերադառնալու համար: Ես ձեզ զգոնության և միասնականության կոչ եմ անում: Եղե՛ք կարգապահ, խելամիտ, ընկերասեր: Երբ սկսվեց Արցախյան ազատագրական պայքարը, մեզանից յուրաքանչյուրը ձեզ նման երիտասարդ էր, հայրենասիրությամբ տոգորված: Մենք միահամուռ ոտքի ելանք, քանզի այլևս հնարավոր չէր ապրել օտարի լծի տակ: Արցախի հետ էր Հայաստանի, Սփյուռքի հայությունը և, արդարև, մեզ օգնեց մեր միասնական ուժը: Սկզբից ձևավորվեցին կամավորական ջոկատներ, ապա դասակներ, վաշտեր, իսկ 1992-ին ձևավորվեցին գումարտակներ: Խոջալուի ազատագրումից հետո եկավ նաև բաղձալի օրը՝ ազատագրվեց հայոց մեծ բերդաքաղաք Շուշին: Հայրենական Մեծ պատերազմում հայերն իրենց քաջությամբ միշտ էլ աչքի էին ընկնում: Նրանցից շատերը հերոսներ դարձան և այսօր դուք եք այդ հերոսների հետնորդները: Մենք հավատում ենք ձեզ, քանզի պատմությունը կրկին ապացուցեց, որ հերոսներից կարող են միայն հերոսներ ծնվել: Իմացե՛ք, Ասկերանի ԱԱՄ-ը և ամբողջ հայությունը ձեր թիկունքում են ու այդպես կլինի միշտ: Վաղը Մայիսյան Եռատոնն է: Մենք այն նշելու ենք հայավայել, հպարտությամբ: Ինչ խոսք, մենք չենք ուզում պատերազմել, սակայն կարող ենք դա անել, եթե հարկ լինի: Ուստի, դուք պետք է հմտորեն և վստահորեն տիրապետեք զինվորի բարդ պարտականությանը: Իմացե՛ք, ձեզ վրա հույս են դնում Հայաստանի և Արցախի ժողովուրդը: Արցախյան պատերազմի վետերան Սանասար Մարտիրոսյանը կոչ արեց զինվորներին միշտ հիշել անցյալի դասերը, որպեսզի կարողանանք ավելի ամուր բանակ և հայրներիք ունենալ: Արցախյան պատերազմի ազատամարտիկը ծանր վիրավորում էր ստացել 1993 թվականի հունիսի 12-ին: <<Այդ օրը շատ դաժան և ծանր օր էր մեզ համար: Ահեղ մարտեր էին ընթանում <<Գյոռուտ>> կոչվող տեղամասում, մեկ ժամվա ընթացքում ունեցանք 21 վիրավոր և 11 զոհ: Այդ օրը մեր տանկը պայթեց թշնամու դրած ականի վրա: Զոհվեց ողջ անձնակազմը: Այսօր այնտեղ <<Տանկ>> հուշահամալիրն է, որը խոսուն վկան է մեր փառավոր անցյալի ու հերոսացած տղաների: Մեկ վայրկյան անգամ չենք կասկածում, որ դուք մեր արժանի սերունդն եք, անգամ գերազանցել եք մեզ: Մարտական հերթապահությունում եղեք համերաշխ, զգույշ: Թող ձեր ծառայությունն անփորձանք լինի>>,-հուզմունքն իր մեջ խեղդելով՝ ասաց երբեմնի մարտիկը: Ազատամարտիկ, հետպատերազմյան տարիներին զոհված զինվորի հայր Կառլեն Բախշիյանը խաղաղություն և բարի ծառայություն մաղթեց զինվորներին՝ նշելով, որ ամեն մի վտանգի ժամանակ միշտ պատրաստ են կանգնելու նրանց կողքին: Մայրական գորովանքով էր լցված ազատամարտիկ Ալլա Արզումանյանի սրտի խոսքը: Նա զինվորներին հաջողություններ մաղթեց այս երեք տարիների ընթացքում՝ շեշտելով, որ հրամանատարը պետք է նրանց հայրը լինի: <<Արցախյան պատերազմում մեզ օգնեց մեր ընդգծված համերաշխությունը: Մի կտոր հացն անգամ կիսում էինք միմյանց հետ, դարձել էինք մեծ ու միասնական մի ընտանիք, իսկ հրամանատարի խոսքն օրենք էր յուրաքանչյուրիս համար: 1993 թվականի հունիսի 11-ն էր: Հիշում եմ, թթենիների ճյուղերը կոտրատվում էին բերքի առատությունից: Երեկոյան Արտավազդին, ում տանկի մասին խոսեց Սանասարը և ով իմ համադասարանցին ու մանկության ընկերն էր, առաջարկեցի գնալ մի քիչ թութ ուտելու՝ ասելով, որ հետո ժամանակ չենք ունենա, իսկ այս պահին թշնամին լռել էր: Արտավազդը տխուր նայելով ինձ՝ ասաց. <<Սիրտս վատ բան է գուշակում, գնամ երեխաներիս տեսնեմ, կարոտս առնեմ>>: Հավանաբար զգում էր նրա հայրական սիրտը, որ էլ չի տեսնելու իր զավակներին ու հարազատներին: Իսկ հաջորդ օրը նա ողջ անձնակազմի հետ զոհվեց տանկում… Հիշենք և մեծարենք մեր հերոսներին, աշխատենք միշտ բարձր պահել նրանց անունները>>,-ասաց Ալլա Արզումանյանը: Զինվորներն անխոս և հետքրքրությամբ էին լսում ազատամարտիկների պատմությունները, անշուշտ, նրանք գիտակցում էին, որ հեշտությամբ չենք հասել այս հաղթանակին և կառուցել այսօրվա հիանալի երկիրը: Տղաների վստահ հայացքներն ասում էին, որ իրենք ամեն գնով կպաշտպանեն այս սուրբ հողը և կդառնան արժանի հետնորդները մեր քաջ պապերի ու հայրերի: Եզրափակելով օրվա միջոցառումը՝ Ն զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ Լալա Բաղդասարյանն ասաց. -Լսեցինք մեր ավագ սերնդի խոսքը, համոզվեցինք, որ նրանք արել են անկարելին, որպեսզի ստեղծեն մեր երազած երկիրը: Նրանք մարտական շատ ընկերներ են կորցրել, իսկ իրենք ողջ են մնացել պատահականորեն: Այո՛, շատ դժվար է ընկեր կորցնելը, ես ևս 1996-ին ընկեր եմ կորցրել: Ամեն տարի ընկերնեիս հետ այցելում և ծաղիկ ենք խոնարհում նրա շիրիմին: Հանդիպում և փոքր ինչ թեթևացնում ենք նրա հարազատների վիշտ՝ զգացնել տալով որ մեր ընկերոջ հիշատակը միշտ վառ է մեր սրտերում: Գնահատեցեք իրար, միմյանց հանդեպ եղեք հանդուրժող, կամեցող և բարի: Ոչ մի դեպքում մենք չպետք է թուլացնենք մեր զգոնությունը, քանի դեռ լուծված չէ Արցախյան հարցը: Եվ փոխգնդապետի այն հարցին, թե պատրաստ են արդյոք տղաները պատերազմելու թշնամու դեմ, դահլիճում որոտաց զինվորների <<Միշտ պատրաստ>> պատասխանը: Իրավմամբ, այս հանդիպումը բարոյահոգեբանական մեծ նշանակություն ունեցավ երիտասարդ սերնդի համար: Միշտ պատրաստ այս տղաները դասեր քաղեցին ազատամարտիկների անցյալից և նրանցից յուրաքանչյուրն իր մտքում լռելյայն երդվեց ծառայել անբասիր, մեծ պատասխանատվությամբ ու պատվով, իսկ նրանց դեմքերին վստահաբար կարելի էր կարդալ, որ իրենք անպայման վրեժ են լուծելու բոլոր մեր զոհերի համար… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |