ԳՆԱՀԱՏԵՔ ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆ ՄԻ ՕՐՆ ՈՒ ՎԱՅՐԿՅԱՆԸ… |
26.05.2018 10:01 |
Կրկին Ավետարանոց գյուղում էի: Այս անգամ այցելեցի Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Արաքսյա Խաչատրյանին, ում շատ շատերն են ճանաչում մեր շրջանում: Այսօր նա այն սակավաթիվ վետերաններից մեկն է, ովքեր ապրելով մեր կողքին՝ հիշեցնում են բոլոր այն քաջագործությունների և ընդգծված հայրենասիրության մասին, որ ունեցել է հայ ժողովուրդը մեծ Հայրենականի ժամանակ: Արաքսյա Խաչատրյանն ուրախությամբ ընդունեց իմ անակնկալ այցելությունը: Նա անմիջապես հրահանգ տվեց հարսին հյուրասիրության պատրաստություն տեսնել: Այս օջախում այդպես էր ընդունված, ամեն մի մտնող պետք է ճաշակի տանտերերի ձեռքով ստեղծած գյուղական բարիքները: Առույգ և ժրաջան կին էր Արաքսյա մայրիկը: Նա նաև հաճելի զրուցակից էր, ում հետ ունեցա հետաքրքիր և անկեղծ զրույց: Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Արաքսյա Խաչատրյանը 18 տարեկան էր: Ինչպես ինքն է ասում՝ արյունը եռում էր երակներում, անսպառ էր աշխատելու, արարելու եռանդը: Լսելով, որ վտանգված է Հայրենիքի խաղաղությունը, անմիջապես ալեկոծվեց աղջնակի անաղարտ հոգին: Նրա համար Հայրենիքի կանչը հզոր ու վեր էր ամեն ինչից: 1942 թվականին 18-ամյա Արաքսյան իր հասակակից մի խումբ արցախցի աղջիկների հետ կամավոր մեկնեց ռազմաճակատ: Նրա որոշումն աներեր էր, անխախտ: Հարազատներից ոչ ոք չկարողացավ հետ պահել նրան՝ հորդորելով, որ թիկունքում ևս կարող է օգտակար լինել: Վեց ամիս մնացին Բաքվում և անցան զինվորական դասընթացներ: Հմուտ և գործունյա Արաքսյան անմիջապես տիրապետեց իր պարտականություններին, որ պետք է դրսևորեր ռազմաճակատում: Այնուհետև մեկնեցին Մախաչկալա, որտեղ մասնագիտացվեց կապի գումարտակում՝ դառնալով կապավոր: Ուկրաինական երրորդ լուսարձակային գումարտակի հետ հասավ մինչև Խարկով՝ ապա Օդեսա: Հսկում էին ինքնաթիռների շարժը: Գումարտակը հասել է մինչև Լեհաստանի սահմանը: Կատարած քաջագործությունների, թշնամու ոչնչացված ինքնաթիռների համար արժանացել է բազմաթիվ մեդալների: Բազում ահուսարսափների միջով է անցել Արաքսյա մայրիկը, ծանր և դաժան օրեր կիսել ընկերների հետ: Նախկին կապավորը սրտի կսկիծով է հիշում ռազմի դաշտերում զոհված իր ընկերներին, որոնց հետ հասցրել էր մտերմանալ ու դարձել էին մեծ ու համերաշխ մի ընտանիք: Նրա հուշերի մեջ հավիտյան դաջվել են այդ անունները, չէ որ նրանց գերեզմանների մոտ երդվել էր երբեք չմոռանալ նրանց ու վրեժ լուծել թշնամուց… 1945 թվականի մայիսի 9-ին ցնծությամբ լցվեց հայազգի արժանավոր զավակի սիրտը: Այդ օրն այնքա՜ն երջանիկ էր նա, այնքա՜ն հպարտ: Միթե պարծանք չէ, հայկական հինավուրց Ավետարանոցից հասնել մինչև Օդեսա և իր համերկրացիների հետ հաղթել թշնամուն… Միթե դրանից ավելի վսեմ բան կարող է լինել հայրենասեր աղջկա համար: Եվ երիտասարդ աղջիկը վերստին համոզվեց, որ իրեն դրսևորել հայուհուն վայել հատուկ արժանքիներով՝ լինելով խիզախ, հպարտ և միշտ հաղթող… …Գումարտակը Լեհաստանի սահմանից վերադարձավ Օդեսա: Մարտական ընկերներով տոնեցին հաղթանակը, վերապրեցին միասին անցկացրած ամեն մի օր ու վայրկյան: Շատ դժվար էր նրանց բաժանումը, սակայն հարազատ բնօրրանի կանչն ավելի զորեղ էր, և Արաքսյան իր համերկրացիների հետ գնացքով ճանապարհվեց տուն: Նախ եկան Բաքու, ապա՝ Ստեփանակերտ: Իսկ այստեղ նրանց դիմավորեցին մի առանձին շուքով և բերկրանքով: Ողջ Ստեփանակերտը ծաղիկներով ու փուչիկներով հավաքվել էր դիմավորելու իր հաղթական զավակներին: Իսկական տոնահանդես էր: Այնուհետև մեքենաներ տրամադրեցին, և յուրաքանչյուրը մեկնեց իր հարազատ գյուղը: Վերջապես Արաքսյան տանն էր, իր հարազատների հետ: Թեև այս ծանր տարիներին կարոտն անվերջ տանջում էր մատաղ աղջկա սիրտը, սակայն նա իր մեջ կարողացել էր այնքան մեծ ուժ գտնել ու դիմանալ հարազատների հետ բաժանմանը: Սակայն, երբ վերադարձավ տուն ու տեսավ իր մոր արցունքները, այլևս չդիմացավ նրա աղջկական փափուկ սիրտը: Տեղին տվեցին բոլոր զգացմունքները… Մի քանի օրից նրան առաջարկեցին աշխատել որպես ակումբի վարիչ, համաձայնվեց ու այնտեղ աշխատեց շուրջ երկու տարի: Շատ հետաքրքիր ու հաճելի էր այդ աշխատանքը: 1948 թվականին ամուսնացավ համագյուղացի Իվան Խաչատրյանի հետ և տեղափոխվեց Բաքու: Դժվար տարիներ էին, ոչ աշխատանք կար, ոչ էլ ապրուստի միջոցներ: Բաքվում երիտասարդ ամուսնինները մեծ դժվարությամբ աշխատանք գտան: Արաքսյան աշխատում էր կարի ֆաբրիկայում, իսկ ամուսինը՝ ատաղձագործ էր: Բաքվում ծնվեցին նրանց երեք որդիները: 40 տարի ապրեցին այնտեղ՝ վաստակելով բարի ու արժանապատիվ համբավ: Հմուտ և բանիմաց ամուսինները կարողացան օտարների մեջ իրենց զավակներին դաստիարակել հայեցի ոգով՝ նրանց մեջ սերմանելով հայրենասիրություն և քաջություն: Որդիները լավ գիտեին, որ հայի ոգին անկոտրում է, ուժեղ: Առհավատչյան՝ իրենց մայրն էր… 1989 թվականին Խաչատրյանների ընտանիքը վերադարձավ հարազատ գյուղ՝ Բաքվում թողնելով 40 տարիների ընթացքում իրենց ստեղծածը: Սակայն դա հոգ չէր նրանց համար. վերստին կստեղծեին, միայն թե ապրեին հայրենիքում՝ թշնամուց հեռու: Այդ ժամանակ նրանց կրտսեր որդին՝ Սերգեյը ծառայում էր Խորհրդային բանակում: Ծառայությունն անց էր կացնում նախ Լեհաստանում, ապա՝ Բելոռուսիայում: Զորացրվելուց հետո անմիջապես վերադարձավ հայրենիք ու զինվորագրվեց արցախյան պայքարին: Նա մասնակցեց Շուշիի, Քարին տակի ազատագրական մարտերին: Սերգեյն անմասն չմնաց նաև ապրիլյան պատերազմից, ավելին՝ այդ օրերին մարտական ծառայության մեջ էր նաև նրա որդին՝ Իվանը, ով պապի անունն էր կրում: Արաքսյա մայրիկը հպարտանում և հիանում է իր զավակներով, հարսներով ու թոռներով: <<Երկար ճանապարհ եմ անցել այս կյանքում: Կարելի է ասել, տեսել եմ ամեն ինչ, հանդիպել եմ տարբեր տեսակի մարդկանց: Տեսել եմ ցավ, կսկիծ, սով, պակասություն և հաղթահարել եմ դրանք, քանզի ապրելու տենչն ավելի ուժեղ է: Իսկ լավ ապրելու համար՝ աշխատել ու պայքարել է պետք: Երբ Բաքվից վերադարձանք մեր հարազատ գյուղը, ազատ ու լիաթոք շունչ քաշեցինք. այլևս օտարի լծի տակ չէինք: Մեզ վիճակված նոր պատերազմում ևս հաղթեցինք, այլ կերպ չէր էլ կարող լինել: Մեր զավակները գերազանցեցին մեզ, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմում մեր թոռներն ավելի ուժեղ և տոկուն դուրս եկան: Ես հպարտանում եմ մեր երեխաներով, նրանք իրենց պապերի արժանի զավակներն են: Այսօր իմ խնդրանքն Աստծուց մեկն է. թող Արցախ աշխարհում խաղաղություն լինի, ժողովուրդն ապրի ապահով, ուրախ և ուղղորդվի հաջողություններով: Որպես Հայրենական Մեծ պատերազմի վետերան, մշտապես ուշադրության կենտրոնում եմ հասարակության և մեր երկրի իշխանությունների կողմից: Երբ տեսնում եմ, թե ինչպես են ինձ հարգում ու սիրում մատաղ սերնդի ներկայացուցիչները, ավելի է փառավորվում սիրտս: Ուրեմն, ճիշտ են դաստիարակված, մեծին գնահատել գիտեն: Թող նրանք չտեսնեն այն ամենը, ինչ մենք ենք տեսել, մենք մեր դարն արդեն ապրել ենք>>,-ասում է 95-ամյա Արաքսյա մայրիկը և նրա ծերունական աչքերում հույսի շողեր են երևում: Մեր զրույցին հետևում և մեկ-մեկ խառնվում էին նրա որդին ու հարսը: Մայրիկին հիշեցնում էին պատմել այս կամ այն դրվագը: Անգիր գիտեին հերոս մոր կյանքի բոլոր պատմությունները և անթաքույց հպարտանում էին նրանով: Կամքից ուժեղ կնոջ առջև ոչ մի փակ դուռ ու անլուծելի խնդիր չկար: Արաքսյա մայրիկը նայում է իր զավակներին, չլսելու տալիս երբեմն հումորով ասված նրանց խոսքերը, չէ որ ժամանակին սիրտը շատ էր բացել նրանց առաջ: Որդին հիշում էր, թե ոնց էր մայրը հեռավոր Ռուսաստան հասել, խոպանում գտնվող ամուսնուն հիշեցրել, որ գյուղում կին ու երեխաներ ունի, ապա վերադարձել տուն՝ մնալով հպարտ, առաքինի… <<Այդ տարիներին գյուղից շատերն էին արտագնա աշխատանքի մեկնում, ավելի շատ գումար աշխատելու և ընտանիքի կարիքները հոգալու համար: Երբեմն էլ տարվում էին կապուտաչյա աղջիկներով և նրանց սաստել էր պետք>>,-մեծահոգաբար ժպտում է Արաքսյա տատիկը՝ պնդելով, որ չէր խանդում ամուսնուն: Օրն աննկատելի անցավ, և երբ կամենում էի հրաժեշտ տալ այդ գեղեցիկ և հաճելի ընտանիքին, կյանքի մեծ ուղիով անցած կինն ուղիղ աչքերիս մեջ նայելով՝ ասաց. <<Գնահատեք ձեր կյանքի ամեն մի օրը, լավություն արեք միմյանց, եղեք կամեցող, բարի և Աստված կհատուցի գործած ամեն մի բարիքի համար>>: Պետք է շեշտեմ, որ Խաչատրյանների ընտանիքին հրաժեշտ տվեցի վառ տպավորություններով պարուրված և Արաքսյա մայրիկի 100-ամյա հոբելյանին մասնակցելու անխախտ որոշմամբ… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |