ԱՐԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԴԱՍ |
21.05.2018 10:06 |
պետ Հրանտ Ավանեսյանը, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի զինղեկ Էրիկ Ապրեսյանը, ազատամարտիկներ, զինվորներ, աշակերտներ: Հասնելով Քյաթուկ գյուղը՝ արշավախումբը ոտքով բարձրացավ մի տեղամաս, որն Արցախյան պատերազմի ժամանակ վեր էր ածվել ճամբարի: Երիտասարդ սերունդը մեծ հետաքրքրությամբ էր լսում Արցախյան պատերազմի վետերան Ռոբերտ Հակոբջանյանին, ով 1992 թվականին 2-րդ գումարտակի հրամանատարն էր: Հուզմունքով էին պատված անվեհեր մարտիկի հիշողությունները. -Այստեղ տեղակայված էին զինանոցը, տանկերը, ճաշարանը: Մարտական գործողությունների պատրաստ խմբերը հավաքվում էին այստեղ, ստանում զենք ու զինամթերք և տեղափոխվում մարտական դիրքեր, որոնք գտնվում էին ճամբարի վերևում: 1992 թվականի հունիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջն այստեղ տեղի են ունեցել շուրջ 7-ից 8 մարտական գործողություններ: Թշնամու համար այս տեղամասը մեծ նշանակություն ուներ, ցանկանում էր անպայման զավթել: Հունիսի առաջին տասնօրյակում զգալիորեն ակտիվացել էին թշնամու գործողությունները ԼՂՀ սահմանագծի ողջ երկայնքով: Ճնշման ծանրության կենտրոնը տեղափոխված էր հատկապես Ասկերանի, Մարտակերտի շրջանների ուղղություններով: Ասկերանի ճակատում թշնամին հարձակվեց Ասկերան ավանի, Խանաբադի ու Նախիջևանիկի ուղղություններով: Հարձակմանը նախորդեց ինտենսիվ հրթիռահրետանային նախապատրաստությունը, կրակի տակ էին պահում Խոջալու-Ասկերան խճուղին, որպեսզի խափանվի շրջկենտրոնի պաշտպաններին օգնություն հասցնելը: Հակառակորդը մարտի էր նետել մեծաթիվ կենդանի ուժ և տեխնիկա: Ուժերն անհավասար էին: Մեր ուժերին հաջողվեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումն առաջին և երկրորդ ուղղություններում, սակայն հակառակորդի գերակշիռ ուժերը կարողացան ճեղքել պաշտպանական գիծը և հունիսի 12-ին զավթել Նախիջևանիկ, Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ և Դահրազ գյուղերը: Այդ մարտերում, Նախիջևանիկի մերձակայքում զոհվեց Յուրի Պողոսյանը, ով հետագայում արժանացավ Հայաստանի ազգային հերոսի կոչմանը: Հակառակորդը չէր հանգստանում, հաջորդ օրը նրան հաջողվում է գրավել մեր 4-րդ դիրքը: Այդտեղ ես ծանր վիրավորվում եմ, և <<Փրմքե>> կոչվող տեղամասով ինձ տեղափոխում են Ստեփանակերտ, ապա Երևան: Մեր տղաները դիմադրությունը շարունակում էին երկրորդ բնագծից: Օգնության էին հասել տարբեր վաշտեր և մեզ հաջողվում է անցնել հակահարձակման և հունիսի 13-ին հետ վերցնել այդ պահակակետը: Մեծ էր այդ մարտերի նշանակությունը և մեզ հաջողվում է հակառակորդին հետ է շպրտել Ասկերան-Ստեփանակերտ բնագծից: Մեր ուժերը կարողանում են ճեղքել հակառակորդի առաջին գիծը և առանց կորուստների ազատագրել Դահրազ գյուղը: Հուլիսի 2-ի երեկոյան ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանումները մարտական գործողություններ են սկսում Նախիջևանիկ-Սառնաղբյուր գծի երկայնքով և ժամանակավորապես վերահսկողություն են սահմանում այդ գյուղերի նկատմամբ: Գումարտակի առաջին վաշտի, առաջին դասակի հրամանատար Արամ Աղաջանյանը շարունակում է ներկայացնել ապագա իրադարձությունները: Նա այնպես էր պատմում, ասես երեկ էր: Այնքա՜ն տպավորիչ էր նրա խոսքը և այնքա՜ն անկեղծ. -Սեպտեմբերի 3-ն էր: Մարտական կարևոր առաջադրանք էինք ստացել, նպատակը վերոնշյալ գյուղերի անհապաղ ազատագրումն էր: Ողջ գիշեր քայլելով հասել ենք մինչև Նախիջևանիկ գյուղը և հաջորդ օրը կազմակերպված ռազմագործողությամբ ազատագրել ենք այդ գյուղերը՝ ամրապնդելով ԻՊՈՒ դիրքերը Ասկերանի և Մարտունու ՊՇ-ի հարակից ճակատում: Ունեցել ենք ընդամենը 3 թեթև վիրավոր, իսկ թշնամին տվել է 12 զոհ և մեկ գերի: Քաջ հիշում եմ, որ համարյա երկու ժամ թշնամու տանկը պայքար էր մղում և չէր ցանկանում հանձնվել: Պարզ երևում էր, որ վիրավոր ընկեր ուներ և չէր ուզում թողնել նրան, սակայն, ի վերջո, մեզ հաջողվեց ոչնչացնել տանկը: Ինչ խոսք, հակառակորդին երբեք չպետք է թերագնահատել: Արամ Աղաջանյանը պատմեց նաև, որ թուրքերի հետ մեր դեմ կռվում էին նաև վարձու ռուսներ: Մարտերից մեկի ժամանակ նրանցից մեկն անզեն մնալով՝ սկսում է աղաչել իրեն կենդանի թողնել: Մեր մարտիկները ստուգելով նրա գրպանները՝ կտրված ականջներ են գտնում, որոնք պետք է թուրքերին ապացուցեին վարձու մարդասպանների ոճրագործությունների մասին: Ինչու պետք է ողջ թողնեին մարդկային կերպարանքով այդ հրեշներին: Այո՛, մեր տղաները տեսել են սարսափելի երևույթներ, անցել են արհավիրքների միջով, կռվել են քաջաբար ու հաղթել ոսոխին: Իսկ ազատամարտիկ Արմեն Գասպարյանը մեկ առ մեկ հիշելով ճամբարի ամեն մի նշանակալից անկյունը, շեշտեց. -Սիրելի՛ զինվորներ, աշակերտներ: Այսօր դուք մի տեղանքում եք, որտեղով անցել ու թրծվել են բազմաթիվ հրամանատարներ և հայրենիքի պաշտպաններ՝ Վիտալի Բալասանյան, Սամվել Կարապետյան, Արթուր Հարությունյան, Վիլեն Սաֆարյան, Ռոբերտ Հակոբջանյան և շատ ուրիշներ: Դուք հպարտանալու իրավունք ունեք, որ հետնորդներն եք այդ հզոր մարդկանց: Այսօր այստեղ է և ԱՀ ՊԲ-ի շարքերում ծառայում է <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանակիր Նելսոն Ղուլյանի / ում բոլորս Կոբրա էինք ասում/ որդին՝ Սասունը: Դուք պետք է իմանաք, որ հերոսների զավակների հետ եք ծառայում և ավելի մեծ պատասխանատվությամբ և միասնական ուժով կատարեք ձեր պարտականությունները: Համոզված եմ, այս յուրահատուկ արիության դասն իր անջնջելի տպավորությունը կթողնի բոլորիդ մոտ և ավելի կմեծանա ձեր կամքի ուժը, ողջամտությունն ու համերաշխությունը: Արշավականները բարձրացան նաև մարտական պահակակետերը, տեսան ու համոզվեցին, թե ինչպիսի դժվար և վտանգավոր դիրքեր էին զբաղեցնում մեր տղաները՝ այնտեղից պահպանելով հայկական բնակավայրերը: Պետք է տեսնել, թե ինչպիսի ուշադրությամբ էին ունկնդրում զինվորներն ու աշակերտները: Նրանք առանձնահատուկ հպարտությամբ էին նայում Արցախյան ազատամարտի մասնակիցներին, ովքեր այսօր հավասարը հավասարի պես իրենց հետ կանգնել են արցախյան այս սուրբ հողում: Ասկերանի Ն զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ Լալա Բաղդասարյանը կարևորելով օրվա միջոցառումը՝ նշեց. -Այստեղ են կռվել ձեր հայրերն ու պապերը, կերտել են այս երկիրը, որպեսզի երիտասարդ սերունդը կարողանա ապրել խաղաղ երկնքի տակ: Միաժամանակ դուք եք նրանց գործի շարունակողն ու այս երկրի պաշտպանը: Հաղթահարելով այս լեռնարշավը՝ մենք տեսանք, թե ինչ փառավոր ուղի է անցել 4-րդ պաշտպանական շրջանը: Հույս ունեմ, որ նմանատիպ արիության դասերը շարունակական կլինեն և այսօրվա սերունդն իր ապուպապերին չի զիջի իր քաջությամբ, խելքով ու պատրաստվածությամբ: Փա՜ռք այս հողում զոհված բոլոր քաջորդիներին, փա՜ռք մեր խիզախ ազատամարտիկներին: Քյաթուկի անտառում հնչեց հայկական զուռնան ու դհոլը: Զինվորները հայրենասիրական խրոխտ երգերով թնդացրին երբեմնի մարտական ճամբարը: Նրանց ասմունքը, երգն ու պարը վերջին շեշտադրումը դրեցին օրվա միջոցառմանը, որից, համոզված եմ, երիտասարդ սերունդը անգնահատելի դասեր քաղեց: Նշենք, որ լեռնարշավին մասնակցել էին նաև տանկային բրիգադի հետախուզական վաշտի զինվորները հետախուզության պետ Սուրեն Մինասյանի գլխավորությամբ: Նրանք կատարել են սանմաքրման աշխատանքներ Քյաթուկի Արցախյան գոյապայքարի և Հայրենական Մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին կանգնեցված հուշարձանների մերձակա տարածքում: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|