ԱՐՑԱԽԸ ՆԱՐԵԿ Է
30.05.2018 10:11

Մարդկային կյանքը հասարակության հիմնական արժեքն է։ Հետևաբար, բժշկի որակյալ և շտապ օգնությունը միշտ էլ անհրաժշտություն եղել է ու կմնա։ Բոլորս քաջատեղյակ ենք, թե ինչ է իրենից ներկայացնում բժշկի աշխատանքը, ինչպիսի դժվարությունների հետ է այն կապված և որքան կարևոր է ճիշտ ախտորոշում կատարելը։ Ճիշտ ախտորոշել, անցկացնել հիվանդության ուսումնասիրություն, յուրաքանչյուր հիվանդի ճիշտ մոտեցում ցուցաբերել և մասնագիտորեն կարգավորել բուժումը՝ բժշկական գիտության մի ամբողջ արվեստ է: Այս ամենն իրականություն դարձնելու համար նախ և առաջ բժշկին անհրաժշետ է նորմալ աշխատանքային պայմաններ և համապատասխան սարքավորումներ։

Ասկերանի շրջբուժմիավորումն ապահովված է համապատասխան բժիշկ-մասնագետներով, ովքեր բացի մասնագիտական կարողություններից  նաև մարդկային պարզ, հասկանալի ու սրտացավ վերաբերմունքով յուրաքանյուր այցելուի հետ կարողանում են ստեղծել անմիջական շփում։  Սակայն որքան էլ պատրաստված լինի բժիշկը, որևէ տեխնիկական միջոցի բացակայությունը բացասաբար է անդրադառնում նրա աշխատանքի արդյունավետությանը։ Հիվանդանոցի վատթար վիճակը բազմիցս է պատճառ հանդիսացել պետական մակարդակներում շրջանի պատասխանատուների մտահոգիչ հարցադրումների։ Ու ինչպես նշել էր վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, հետամուտ են լինելու  մոտ ապագայում շրջանում արդի պահանջներին համապատասխան հիվանդանոց ունենալու հարցում։ Իսկ վարչակազմի ղեկավարի հերթական այցը հիվանդանոց մեկ այլ բնույթ էր կրում։ Նրա ուղղորդությամբ Երևանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբան,  բժշկական գիտությունների թեկնածու Վիլեն Մանուկյանը հիվանդանոցի համար ուլտրաձային հետազոտության սարք և համապատասխան դեղամիջոցներ էր նվեր բերել։ Սա բժիշկ Մանուկյանի 5-րդ այցն է Արցախ։

Հյուրերին հիվանդանոցի անձնակազմը՝ գլխավոր բժիշկ Գոհար Հակոբջանյանի գլխավորությամբ դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ և մեծ հավատով ու հույսով, որ իրենց թիկունքում մի ամբողջ ժողովուրդ է նեցուկ կանգնած։

Ողջունելով բուժանձնակազմին բժիշկ Մանուկյանը նշեց, որ այս ամենն արվում է ոչ թե գովեստի կամ երախտագիտական խոսքերի արժանանալու, այլ այսկերպ ինքն է իր շնորհակալությունը հայտնում արցախցիներին, ովքեր ամուր և անսասան կանգնած են մեր պապենական հողի վրա։ Եվ հաշվի առնելով Ասկերանի աշխարհագրական դիրքի ռազմավարական նշանակությունը, այսօր հիվանդանոցը պետք է կահավարված լինի անհրաժշետ բոլոր սարքավորումներով։ Նա նաև լիահույս էր, որ մի օր էլ Ասկերանի շրջբուժմիավորման մարդասիրական գործին նվիրված անձնակազմը գեղեցիկ ու հարմարավետ շենք կունենա։ Բժշկի բնորոշմամբ Արցախը Նարեկ է, և երկու օրով Արցախում գտնվելը նրա համար հավասարազոր է տասնօրյա հանգստի։

Ծավալված ջերմ ու անկեղծ զրույցի ընթացքում Գ. Հակոբջանյանը նշեց, որ ամեն անգամ նման այցերից նրանք ավելի են խանդավառվում, ավելին անելու ավյունով լցվում։ Կարևոր չէ, թե ինչպիսին է օժանդակությունը, այս այցն իրենք որպես հայրենասիրական, հայրենապահպան նոտա են համարում։ Իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ շրջբուժմիավորման բժիշկներն են ապացուցել իրենց նվիրվածությունն՝ գիշեր-ցերեկ հերթապահելով հիվանդանոցում։ Շենքային ծանր պայմաններն անտեսելով նրանք այսօր էլ շարունակում են պատվով կատարել իրենց առաքելությունը։ Ի պատասխան շրջվարչակազմի ղեկավար Ս. Գրիգորյանը նշեց, որ շենքային պայմանների հարցն օրակարգային է, և որ շուտով նրանց հաճելի անակնկալ կմատուցվի։

Վերջում Գ. Հակոբջանյանը ի նշան երախտագիտության և կատարած աստվածահաճո գործի համար բժիշկ Մանուկյանին հանձնեց Արցախը խորհրդանշող նվերներ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter