ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ |
10.05.2018 10:22 |
Ասկերանում մեծ շուքով նշվեց Մայիսյան Եռատոնը։ Այն իրավմամբ տոն էր, որը տոնում ենք արտասվաթոր աչքերով, հպարտության վեհ զգացումով դեպի այն սերունդը, ովքեր մեզ մեծ հաղթանակներ են նվիրել։ Մեծ են Մայիսյան Եռատոնի խորհուրդները հայերիս համար, որոնք տարիների հետ ավելի են ջերմացնում մեր սրտերը։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման 26-րդ տարեդարձները ազատաբաղձ հայի հերոսական ոգու դրսևորում են։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը մոտեցրեց յուրաքանչյուր մարտիկ, այն ձեռք բերվեց թիզ առ թիզ, մարմին առ մարմին։ Մեծ ու անգնահատելի է հայ ժողովրդի մասնակցությունը Մեծ Հայրենականին։ Թերևս, Ռայխստագում հայոց եռագույնը ծածանած և քոչարի շուրջպար բռնած մարտիկների ոգին էր առաջնորդում Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու կատարին հայոց հաղթական եռագույնը փողփողացնողներին։ Մայիսի 9-ի վաղ առավոտից Ասկերանում թևածում էր հաղթանակի ամուր ոգին։ Ասկերանի բերդի մատույցներից զինվորականները խորխտ քայլերթով անցան քաղաքով, թնդացնելով գարնանային Ասկերանի փողոցները։ Նրանց դիմավորում էին մանուկների հույս ու հավատ ներշնչող հայացքներն ու անմեղ ժպիտները՝ ծածանելով դրոշներն ու փուչիկները։ Շրջանի ղեկավար մարմինները՝ վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Մեծ Հայրենականում և Արցախյան ազգային-ազատագրական պայքարում Ասկերանի շրջանի նահատակված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Նրանք այցելեցին նաև Տանկ հուշահամալիր՝ այնտեղ նույնպես իրենց խոնարհումը բերելու և հարգանքի տուրքը մատուցելու։ Ծաղիկներով ամփոփվեց Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշավահանակը, որը հսկում էր պատվո պահակը։ Ծաղիկներն են խոնարհում մեծից փոքր՝ խորը գիտակցելով օրվա խորհուրդն ու կարևորությունը։ Ողջունելով ներկաներին վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը շնորհավորեց ներկաներին պանծալի տոների առթիվ։ Շրջանի բնակիչներին Մայիսյան Եռատոնի առթիվ շնորհավորեց վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։ -Ջերմորեն շնորհավորում եմ Մայիսյան Եռատոնի` Մեծ հաղթանակի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձերի առթիվ: Անցած 26 տարիների ընթացքում մենք մեծ հաջողություններ ենք արձանագրել, կառուցել և կառուցում ենք մեր երկիրը խաղաղ ճանապարհով, իսկ առաջ շարժվելու համար մեզ հարկավոր է աշխատանք և հաղթանակ տնտեսական դաշտում: Դժվարին հաղթանակներով կերտած մեր նորանկախ պետությունն այսօր ևս շատ հոգսեր ու խնդիրներ ունի, որոնք, համոզված եմ, ևս կգտնեն իրենց դրական լուծումները: Փա՛ռք սահմանն աչալուրջ հսկող մեր զինվորներին: Փա՛ռք Արցախյան ազատամարտի ու ապրիլյան անմահ հերոսներին: Փա՛ռք մեր հերոսական ժողովրդին: Սիրելի՛ հայրենակիցներ մաղթում եմ ձեզ մեծագույն հաջողություններ, տոնական բարձր տրամադրություն և խաղաղ երկինք: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի կազմավորման 26-րդ տարեդարձերի առթիվ Ասկերանի զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանը հանդես եկավ զեկույցով։ -Արցախյան ազատամարտը ցույց տվեց, որ պապերի ու հայրերի հերոսականությունը և հայրենասիրական ոգին փոխանցվել է նաև հաջորդ սերունդներին։ Պաշտպանության բանակի կազմավորումը, որի համար հիմք հանդիսացան մարտական գործողություններում թրծված առանձին ջոկատներն ու խմբերը, սկիզբ հանդիսացավ կանոնավոր բանակի ստեղծմանը, որն այսօր պատվով կատարում է Հայրենիքի պաշտպանի երաշխավորի դերը։ Հայրենիքի պաշտպանույթունը գտնվում է հուսալի ձեռքերում և հակառակորդի ցանկացած ագրեսիա կստանա իր արժանի պատասխանը։ Մայիսյան Եռատոնը մեր ժողովրդի հաղթական երթի պսակն է,- ասաց Ա. Գաբրիելյանը։ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սյուզաննա Մելքումյանը նշեց, որ մայիսի 9-ը սրբազան ու պարտավորեցնող տոն է, քանզի նախնիների սխրանքին արժանավոր ժառանգները Շուշիի ազատագրումով մայիսի 9-ին հաղորդեցին նոր խորհուրդ՝ ապացուցելով, որ կրում են աշխարհը բարբարոսությունից փրկածների մարտական ոգին։ Սյուզաննան ոգևորությամբ էր արտասանում ամեն մի բառը, շեշտելով օրվա կարևորությունն ու վստահություն ներշնչում ներկաներին, որ իրենք են լինելու արժանի ժառանգները հաղթանակած հերոս նախնիների։ Ն զորամասի ժամկետային զինծառայող Մարատ Մարտիրոսյանն իր ելույթն սկսեց Ավ. Իսահակյանի մեծ հաղթանակին ձոնած բանաստեղծությամբ՝ §Մեր սուրը փառքով դրեցինք պատյան …¦£ Նա առանձնացրեց հայերիս համար առանձնակի խորհուրդ ունեցող մայիս ամսվա դերն ու նշանակությունը։ -Հայերիս համար մայիս ամիսը ճակատագրի բերումով բովանդակություն ու նշանակություն է ձեռք բերել՝ դառնալով հայոց պատմական ու բախտորոշ փառահեղ հաղթանակների խորհրդանիշը։ Մենք երազել ենք ազատության և անկախության մասին և հասել ենք կարևոր արդյունքի՝ ազատ ու անկախ Արցախի Հանրապետության կայացմանը, որը Մայր Հայաստանի առաջնադիրքն է ու հուսալի պատվարը։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին անկախության ճանապարհին, ովքեր դարձան հաշմանդամ, կռեցին մեր հաղթանակները։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր այսօր էլ անմնացորդ նվիրումով պահպանում են Հայոց աշխարհի հանգիստն ու անդորրը,- ասաց Արցախյան ազատամարտի վետերան Արմեն Գասպարյանը, շնորհավորելով ներկաներին Մայիսյան Եռատոնի կապակցությամբ, ասաց, որ այն համազգային տոն է, քանզի հաղթանակները ձեռք են բերվում ողջ ժողովրդի միասնության, անձնվիրության և համազգային ոգու լարման շնորհիվ։ Վերջում ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանը ԱԱՄ նախագահի հրամանագրով մի խումբ ասկերանցիների՝ ապրիլյան պատերազմի ժամանակ ցուցաբերած անձնվիրության համար պարգևատրեց մեդալներով։ Տարիների հետ ավելի ու ավելի են նոսրանում մեր վետերանների շարքերը։ Եռատոնին մասնակցում էր Հայրենական Մեծ պատերազմի մասնակից ու Ասկերան քաղաքի միակ ներկայացուցիչ Ալեքսանդր Ջհանգիրյանը՝ ում հանդեպ մեծից փոքր խոր ակնածանքով ու պատկառանքով էին համակված։ Մեծ Հայրենականի մասնակցի հետ հանդիպումից առավել ոգևորված էին զինվորականները, ովքեր անկեղծ զրույցի բռնվեցին ու իրենց հուզող հարցերն ուղղեցին վետերանին։ Նրանք նաև հավաստիացրեցին, որ իրենք հպարտորեն են կրում հայի հաղթանակող գենը, և իրենց նախնիների նման կանեն հնարավոր ամեն ինչ՝ եկող սերունդներին հզոր Հայրենիք կտակելու գործում։ Փորձառու վետերանի միակ խորհուդն ու պատվիրանը՝ աչալրջությունն ու զգոնությունն էր, ինչպես նաև ասաց, որ բարի նախանձով է լցված դեպի երիտասարդ սերունդը, ովքեր Հայոց հարց վճռեցին։ Եռատոնին նվիրված տոնական համերգը մեկնարկեց երեկոյան՝ քաղաքային մարզադաշտում։ Ողջունելով ասկերանցիներին միջոցառման հաղորդավարներ Նինել Գաբրիելյանն ու Սասուն Սարդարյանը մեկ անգամ ևս շնորհավորցեին մեր մեծ ու պանծալի հաղթանակների կապակցությամբ։ Իրավամբ, մայիսը հավերժորեն մտել է մեր ժողովրդի հիշողության մեջ, դարձել անցած ճանապարհի ուղեցույց և գալիք պայքարների ոգեղեն հիմք։ Այն համազգային միասնության ու համախմբվածության, ազատատենչ ոգու և անկոտրում կամքի հաղթանակի օր է։ Համերգային ծրագրի ընթացքում հանդիսականներին հայրենասիրական, ազգային-ազգագրական, էստրադային երգերով հանդես եկան Արցախի պետական էստրադային և Ասկերանի §Բերդ¦ համույթները։ Իսկ Ասկերանի արվեստի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պարի խմբակների սաները ներկայացան Փափուռի և Եռագույն պարերի ներդաշնակ կատարմամբ։ Եռատոնին ընդառաջ շրջանում կազմակերպվել և անցկացվել էին ֆուտբոլի և վոլեյբոլի շրջանային առաջնություններ։ Առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին շրջվարչակազմի ղեկավարի պատվոգրերով և նվերներով։ Տոնական միջոցառումը շարունակվեց ԱՀ միջազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի ասկերանցի մարզիկների ձեռք բերած հմտությունների ցուցադրական ելույթով։ Վերջում Ս. Սարդյանի կատարմամբ §Այս Մեծ Հաղթանակի տոնը,,,¦ երգի ելևէջների ներքո տեղի ունեցավ շքեղ հրավառություն։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|