ՀՆՉԵՑ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ |
27.05.2018 19:14 |
Մայիսի 26-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում հնչեց դպրոցական վերջին զանգը, որը յուրովի մի հրաժեշտ էր մանկության քաղցր հուշերին, դպրոցի անմոռանալի տարիներին: Ուսումնական տարին մի ակնթարթի պես ավարտվեց, ետևում մնաց դպրոցական հագեցած առօրյան: Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցու սարկավագ Արթուր Խունոյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, հյուրեր: Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի ազատության համար մղված պայքարում զոհված ազատամարտիկների հիշատակը: Դպրոցի 65-րդ թողարկման 9 շրջանավարտներ հրաժեշտ էին տալիս հարազատ կրթօջախին և պատրաստվում մտնել նոր կյանք: Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը. -Այսօր տոն է բոլորիս համար: Մենք շրջեցինք Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի հանրագիտարանի հեքիաթային գրքից մեկ էջ ևս: Եվ ինչքան էլ վերլուծենք դպրոցական կյանքը, դժգոհենք ծրագրերի բարդությունից, միևնույն է շատ դժվար է բաժանվել հարազատ դպրոցից, դասղեկից և ուսուցիչներից: Այսօր կյանքի նոր ուղի է բացվում ձեր առջև և դպրոցական վերջին զանգի ղողանջներն ուղեկցելու են ամեն մի փուլում: Անչափ հուզումնալից էր շրջանավարտների դասղեկ Լիանա Կարապետյանի սրտի խոսքը. -Իմ սիրելի՛ սաներ, ես ձեզ ճանապարհում եմ դեպի նոր կյանք՝ վստահ լինելով, որ մեր կրթօջախում դուք ստացել եք այնպիսի կրթություն և դաստիարակության, որ կկարողանաք կյանքում պիտանի մարդ և մեր երիտասարդ հանրապետության արժանի քաղաքացիներ լինել: Հույս ունեմ, որ դուք ձեզանով հպարտանալու շատ առիթներ կտաք և արևի շողերի պես լույս ու ջերմություն կսփռեք ձեր շուրջը: Թող ձեր ճանապարհը միշտ լուսավոր լինի, եղեք առողջ, ուժեղ և կարողանաք մասնակցել մեր երկրի հզորացման վեհ գործին: Շրջանավարտներին շնորհավորանքի խոսք հղեց Արթուր սարկավագ Խունոյանը: Նա բազում հաջողություններ մաղթեց շրջանավարտներին և հորդորեց երբեք չմոռանալ դպրոցն ու հարազատ ուսուցիչներին: Սրտաբուխ էր դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանի ելույթը: Նա շնորհավորելով շրջանավարտներին այս հիշարժան օրվա առթիվ՝ ցանկացավ նրանց ամուր կամք, եռանդ, հաջողություններին հասնելու համար մեծ ձգտում: <<Թող կյանքի դռները լայնորեն բացվեն ձեր առջև, թող իրականան բոլոր ձեր երազանքները: Դառնաք մեր երկրին արժանավայել մարդիկ և հպարտությամբ պահեք մեր դպրոցի անունը>>,-մաղթեց դպրոցի տնօրենը: Դպրոցական վերջին զանգը հնչեցնելու իրավունքը տրվեց 12-րդ դասարանի աշակերտներ Դիանա Դանիելյանին ու Գեորգի Իսրայելյանին և նախապատրաստական խմբի սաներ Մանե Բեգլարյանին ու Ալեքս Մկրտչյանին: Շրջանավարտների երգը, պարը և ասմունքը լի էին սիրով ու ջերմությամբ: Նրանք մի ներքին հպարտություն էին զգում, որ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի սաներն են: Ասես չէին հավատում, որ որպես շրջանավարտ են կանգնել բոլորի առաջ: Թվում էր, թե երեկ էր, որ մտան դպրոց՝ ամաչկոտ, փխրուն, անվստահ երեխաներ էին: Իսկ այսօր դարձել են հաստատակամ, խիզախ, ուսուցիչների շնորհիվ զինվել են գիտելիքներով ու կյանքի հմտություններով: Շրջանավարտներն իրենց երջանիկ սերունդ էին համարում, քանզի ապրում են ազատ և անկախ Արցախում, որը ժառանգել էին բազում զոհերի արյան գնով և իրենց պարտավորված էին զգում այդ ժառանգությունը պահել ու պահպանել որպես սրբություն: Նրանք գնահատում էին հայ զինվորին և փառք ու պատիվ տալիս բոլոր դիրքապահներին, նրանց անկոտրուն կամքին և քաջությանը: Շրջանավարտները մեծարում էին իրենց սիրելի ուսուցիչներին ու դասղեկին, ովքեր մեծ դերակատարություն են ունեցել իրենց կայացման գործում: Սովորեցրել են ստեղծել, կառուցել , տարբերել լավը վատից: Նրանք խոստանում էին արդարացնել ուսուցիչների հույսերը և տարիներ հետո այցելել հարազատ դպրոցը՝ որպես ԱՀ կայացած քաղաքացիներ: Օրվա հերոսներին շնորհավորելու էին եկել 10 և 20 տարի առաջ դպրոցն ավարտած և արդեն կյանքում իրենց տեղը գտած շրջանավարտները: Նրանք պատգամեցին դառնալ հասարակության համար պիտանի մարդիկ, քանզի հենց նրանք պետք է կերտեն վաղվա օրը, մեր երկրի պայծառ ապագան: Շրջանավարտներին շնորհավորանքի խոսք ասաց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը և <<Վերջին զանգի>> առթիվ նկար նվիրեց դպրոցին: Նա նաև պատվոգրեր հանձնեց մի խումբ ուսուցիչների, որոնց աշակերտները շրջանային և հանրապետական մրցույթներում կրթության, մշակութային, սպորտի բնագավառներում մրցանակային տեղեր են զբաղեցրել: Իսկ մի շարք աշակերտներ և ուսուցիչներ պատվոգրերի արժանացան դպրոցի տնօրինության կողմից: Շրջանավարտները հաճելի անակնկալի եկան, երբ բարերար Սասուն Բարսեղյանի կողմից դրամական պարգևներ ստացան: Ձեզ բարի ճանապարհ, սիրելի՛ շրջանավարտներ: Թող կյանքի դռները լայնորեն բացվեն ձեր երազանքների առաջ և թող իրականան ձեր բոլոր նպատակները… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|