ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ ԱՍԿԵՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ |
30.05.2018 19:20 |
Գաղտնիք չէ, որ արվեստն ազգի հարատևության գրավականն է։ Հայերիս համար արվեստը նաև մեր ազգային ինքնության և լինելիության հուսալի սյունն է։ Շրջանի երգարվեստի և ընդհանրապես հայկական արվեստի տարբեր տեսակների տարածման գործում անգնահատելի է Ասկերանի արվեստի դպրոցի դերը։ Այն 2017-18 ուսումնական տարին սկսել է ոչ հարմարավետ շենքային պայմաններում, իսկ մայիսի 30-ին ուսումնականի ավարտն ազդարարող հաշվետուն հանդիսականների դատին հանձնել լուսավոր և աչք շոյող դահլիճում, որի կամարների ներքո հավաքվել են դպրոցի շրջանավարտների և սաների ծնողներն ու հարազատները։ Միջոցառմանը ներկա էին նաև շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, մշակույթի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, արհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանը, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հյուրեր։ Ամեն մի ուսումնական տարվա ավարտ խանդավառությամբ ու տոնական մեծ շուքով է նշվում Ասկերանի արվեստի դպրոցում։ Այս տարի ևս բացառություն չէր։ Բեմահարթակում մեկը մյուսին փոխարինում էին փոքրիկների պարի խումբը, դհոլահարները, կատարումներ դաշնամուրի, դուդուկի, քանոնի վրա, հայրենասիրական երգերի, վոկալի գեղեցիկ և ինքնատիպ կատարումները, բեմադրություն, որոնք արժանանում էին հանդիսատեսի հիացմունքին ու բուռն ծափահարություններին։ Նազանքով էր պարում աղջիկների ավագ խումբը՝ Հայաստան երգի ելեէջների ներքո։ Դպրոցի Ասկերանի, Նորագյուղի, Ավետարանոցի, Խնապատի մասնաճյուղերի սաները մեծ վարպետությամբ հանդիսատեսի դատին հանձնեցին ուսումնական տարվա ընթացքում սովորածը և դատելով նրանց կատարումներից վստահորեն կարելի է ասել, որ դպրոցում արվում է հնարավոր ամեն ինչ, նոր տաղանդներ բացահայտելու ուղղությամբ։ Շնորհակալություն հայտնելով դպրոցի դասատուներին իրենց նվիրված և անխոնջ աշխատանքի համար դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանը շնորհակալություն և երախտագիտույթուն հայտնեց շրջվարչակազմ ղեկավար Սերգեյ Գրիգորյանին՝ ցանկացած հարցում ընդառաջելու համար։ Նա երախտագիտություն հայտնեց նաև Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանին՝ հաշվետու համերգին օջանդակություն ցուցաբերելու համար։ Ասկերանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը շնորհավորելով դպրոցի անձնակազմին հերթական հաշվետու համերգի կապակցությամբ շրջվարչակազմի ղեկավարի պատվոգրով պարգևատրեց դպրոցի մի խումբ դասատուների՝ երաժշտական արվեստի բնագավառում ունեցած ավանդի և մատաղ սերնդի հոգևոր դաստիարակության գործում ցուցաբերած անբասիր աշխատանքի համար։ - 2018 թվականի տարեմուտը տոնական էր արվեստի դպրոցի համար, քանզի իրականություն է դարձել դպրոցի դասատուների և սաների վաղեմի երազանքը։ Այսուհետ նրանք հայկական արվեստին հաղորդակից են դառնում արդի պահանջներին համապատասխան շենքային պայմաններում։ Ինչպես տեսնում եք երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների հետ միասին մեր իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում արվեստին և մշակույթին։ Եվ իրականացվող բազմաթիվ ծրագրերից անմասն չի մնում նաև մեր շրջանը։ Առհավատչյան այս հոյակերտ շենքն է,- ասաց Ա. Մելքումյանը։ Դպրոցի 15 շրջանավարտները տնօրեն Անահիտ Բադալյանի ձեռքից ստացան ավարտական ատեստատները՝ խորհրդանշանական նվերներով։ Պատվոգրերի և գովասանագրերի արժանացան նաև մի շարք դասատուներ և սաներ՝ ուսումնական տարվա ընթացքում արձանագրած հաջողությունների և ձեռքբերումների համար։ Երեխաների մատաղ հոգիներում երաժշտական արվեստի բազում ծիլեր սերմանելու, ինչպես նաև երաժշտական լեզվին հաղորդակից դարձնելու համար շրջանավարտների ծնողների անունից երախտագիտական խոսք ասաց Միրա Ջհանգիրյանը՝ դպրոցին հանձնելով անվանական նվեր։ Վերջում տեղի ունեցավ ավանդական դարձած տորթի հրավառություն, որի շուրջը համախմբվել էին շրջանավարտները։ Որոշ շրջանավարտներ իրենց ուսումը կշարունակեն Ստեփանակերտի երաժշտական քոլեջում և ինչպես խոստացան, Ասկերանի արվեստի դպրոցում ստացած գիտելիքները մեծապես կօգնեն նրանց հետագա ուսումնառության տարիներին՝ ընտրած մասնագիտության մեջ հմտանալու հարցում։ Հաջողություններ ենք մաղթում շրջանավարտներին, իսկ հայկական արվեստի սերմնացաններին, ովքեր իրենց ազգապահպան գործունեությամբ ազգային մշակույթին հաղորդակիցն են դարձնում մատաղ սերնդին, երբեք ուսումնատենչ սանիկների պակաս չունենան։ Քանզի դրանով է նաև պայմանավորված հայկական մշակույթը սերնդե-սերունդ փոխանցելու վեհ առաքելությունը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|