ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ ԱՐՑԱԽՑԻ ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐ |
01.06.2018 12:44 |
Այսօր Երկիր մոլորակի ամենահիասքանչ տոնն, մեր ամենասիրելի, ամենաբարի, ամենաժպտերես ու ամենա-ամենաների, մեր փոքրիկների պաշտպանության միջազգային տոնը։ Երեխաները ոչ միայն մեր երկրի ապագան են, այլև մեր ուրախությունը, երջանկությունն ու կյանքի իմաստը։ Եվ այսօր յուրաքանչյուրս պարտավոր ենք շրջապատել նրանց սիրով, ուշադրությամբ, հոգատարությամբ, քանզի նրանք են ճանապարհը դեպի կատարյալ երջանկություն։ Երեխաների պաշտպանության տոնը մեծ խանդավառությամբ ու տոնական բարձր տրամադրությամբ նշվեց Ասկերանի շրջանի Նորագյուղի
պետական մանկապարտեզում։ Այստեղ էին երեխաների կողմից սիրված մուլտհերոսները, ովքեր երեխաներին հաճելի ու անմոռանալի ակնթարթներ նվիրեցին՝ լցնելով նրանց մանկական ջինջ ու անաղարտ հոգիները հեքիաթային լուսով ու ջերմությամբ։ Փոքրիկ նորագյուղցիներին շնորհավորելու էին եկել նաև Ասկերանի ՄՊՍԿ դպրոցի Նորագյուղի մասնաճյուղի սաները։ Հայկական ազգային երգն ու պարն էր թևածում մանկապարտեզի բակում, որի հնչյունների ներքո ուրախ թռչկոտում էին օրվա հերոսները։ Հաճելի անակնկալները հաջորդում էին մեկը մյուսին։ Իրենց երեխաների ամեն մի օրը խինդ ու ծիծաղով լցնելու համար համախմբվել էին մանկապարտեզի երեխաների ծնողները և մանկապարտեզի աշխատակազմի հետ միասին կազմակերպել հրաշալի շոու, որի ընթացքում հեքիաթային հերոսների ձեռքերից յուրաքանչյուր երեխա նաև նվեր ստացավ։ Իսկ կեսօրին նրանց սպասվում է տոնական ճաշ։ Ինչպես նշեց մանկապարտեզի տնօրեն Լիլիա Գասպարյանը, նրանք անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխա մեծանա առողջ մարմնով և հոգով։ Իհարկե, օրը որքան տոնական է երեխաների, նույնքան պարտավորեցնող է մեծերիս համար։ Այն մեկ անգամ ևս հիշեցում է, որ երեխաները մեր ամենօրյա հոգատարության, խնամքի, ուշադրության կարիք ունեն։ Հաճելի ակնթարթներ ապրեցինք երեխաների անհոգ աշխարհում։ Խորհրդանշական այս օրը բոլոր երեխաներին մաղթում եմ ամուր առողջություն և ցանկանում, որպեսզի Աստծո օրհնությամբ նրանք պաշտպանված լինեն բոլոր փորձություններից։ Ապրեք խաղաղ երկնքի տակ և մեծանաք ծնողների սիրով ու հոգատարությամբ շրջապատված։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |