ԹՈՂ ՁԵՐ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ԱՆՀՈԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ԼԻՆԻ
08.06.2018 17:44

Արդեն բարի ավանդույթ է դարձել, որ Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն իր հաշվետու հանդեսը կազմակերպում է հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը և ոչինչ չի խնայում այդ հրաշալի տոնն ավելի ուրախ և անմոռաց դարձնելու համար: ՄՊՍԿ-ի անձնակազմն  իր առաքելությունն է համարում այդ տոնը վերածել մի իսկական հեքիաթային հրաշագործության:

Միջոցառումը կազմակերպվեց Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում, որը զարդարված էր կենտրոնի սաների ձեռքի զարմանահրաշ աշխատանքներով: Բուրումնավետ ծաղիկներով և գույնզգույն փուչիկներով զուգված էր դահլիճի բեմը և ազդարարում էր օրվա անակնկալների մասին: Շնորհաշատ երեխաների աշխատանքները վկայում էին, որ ուսումնական այս մի տարում բազմաթիվ ձեռքբերումներ է գրանցել կենտրոնը: Խմբակավարների նվիրական և հմուտ աշխատանքի արդյունքն ակնառու էր: Զգացվում էր, որ օրեցօր ավելի ու ավելի է աշխուժանում կենտրոնի ստեղծագործական կյանքը: Աշխատանքի ուղին հստակ մեկն է. կարևորել ու գերադասել ազգային արժեքները՝ սաների մեջ սերմանելով մեծ սեր ազգային մշակույթի, գեղեցիկի, ստեղծագործելու  և բարու հանդեպ: Հյուրերը գերվել էին երեխաների ստեղծագործ մտքով, նրանց հիանալի աշխատանքներով: Յուրաքանչյուր գործի մեջ նկատվում էր առանձնահատուկ ոճ, նրբագեղ ճաշակ, ամեն մի երեխա յուրովի էր ներկայացնում իր պատկերացրածն ու ընկալածը: Ակնհայտ էր, որ երեխաներն ունեին վառ երևակայություն և տաղանդ: Ցուցահանդեսում գերիշխում էր սերը դեպի հայրենիքը, Արցախի գողտրիկ բնությունը: Ամենուր արև էր, որն իր ճաճանչներն էր փռել Արցախ աշխարհի վրա՝ սեր և ջերմություն պարգևելով բոլորին: Նշենք, որ ներկայացված էին նաև Ավետարանոցի և Նախիջևանիկի մասնաճյուղի սաների հիանալի աշխատանքները:

Կենտրոնի սաները ուրախ էին և ոգեշնչված: Չէ որ օրն իրենցն էր, և նրանք ցանկանում էին հիացնել ու զարմացնել հյուրերին, ցույց տալ, թե ինչ են սովորել այս ուսումնականում:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Մերի Գաբրիելյանը.

-Այսօր կրկնակի տոն է բոլորիս համար, քանզի մենք նշում ենք աշխարհի ամենաանաղարտ էակների տոն օրը: Թող մեր մանուկները մեծանան խաղաղ երկնքի ներքո, ունենան անհոգ և ուրախ մանկություն:

Ասկերանի ՄՊՍԿ-ն արվեստի և մշակույթի մի դարբնոց է, որտեղ մեր սաների մեջ բացահայտում ենք նրանց ունակությունները, տաղանդը և աշխատում ավելի զարգացնել այն: Այսօր ձեր դատին կներկայացնենք 2017-2018 ուսումնական տարվա  մեր ձեռքբերումներն ու հաջողությունները: Համոզված եմ, մեր սաների այսօրվա հաշվետու համերգը ձեզ համար կդառնա գեղեցիկ մի հուշ՝ իր անկրկնելի կատարումներով և հաճելի պահերով:

Իսկապես, ՄՊՍԿ-ի սաները հանդես եկան անզուգական ելույթներով: Հաղորդավարներ Արամ Մինասյանը և Մոնիկա Արզումանյանը խանդավառությամբ և հպարտությամբ էին ներկայացնում ամեն մի կատարում: Նրանք գիտեին, որ հայի ձայնից անգամ սարսուռ է զգում թշնամին, ուստի նա պետք է միշտ ուժեղ լինի, դիմացկուն և իր հուժկու ձայնը հասցնի մեր դարավոր թշնամուն:

Այգեստանի, Նորագյուղի, Իվանյանի մասնաճյուղերի պարի խմբերն իրենց խրոխտ կատարումներով բարձր տրամադրություն, ուժ և վստահություն էին հաղորդում ներկաներին, իսկ Ասկերանի կենտրոնի փոքրիկների խումբն ասես հրեշտակներ լինեին, որ բարություն, խաղաղություն էին սփռում շուրջը: Հանդեսը եզրափակվեց կենտորնի բոլոր սաների միահամուռ երգով, որն առհավատչյան էր մեր ժողովրդի համերաշխության և մեծ ուժի:

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը ողջունելով օրվա միջոցառումը՝ նշեց.

-Մանուկների տոնը մեր ամենասիրված տոներից է, քանի որ մենք գործ ունենք աշխարհի ամենապարզ և ամենամաքուր հոգիների հետ: Նրանք են մեր երկրի ապագան, և մեր խնդիրն է ապահովել նրանց անհոգ մանկությունն ու խաղաղ երկինքը:

Այսօր մենք ականատեսը եղանք մի հրաշագեղ միջոցառման, որը մեզ կտրեց առօրյա հոգսերից ու տարավ դեպի անմեղ մանկություն: Կենտրոնի սաները կարողացան իրենց ելույթները մեզ  հրամցնել բարձր մակարդակով, սքանչելի ներդաշնակությամբ: Ամեն մի ելույթում ակնհայտ էր խմբակավարների յուրահատուկ ձեռագիրը: Ուրախությամբ եմ փաստում, որ բոլոր մասնաճյուղերն էլ մեծ ակտիվություն են ցուցաբերում և թիմային աշխատանքի արդյունքում ահա այսպիսի հանդես ենք վայելում: Պետք է կարևորենք և ողջունենք կենտրոնի տնօրինության և բոլոր խմբակավարների անմնացորդ աշխատանքը:

Միջոցառման վերջում շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը շրջվարչակազմի պատվոգրերով պարգևատրեց պարուսույցներ Թամար Սարգսյանին, Ռիտա Բեգլարյանին և Նանար Սավադյանին:

Շրջվարչակազմի ղեկավարը շնորհավորեց երեխաներին իրենց տոն օրվա առթիվ՝ մաղթելով անամպ երկինք և ապահով մանկություն:

Իսկ երեխաների անհոգ ու զվարթ դեմքերը, ուրախ խինդն ու ծիծաղը վկայում էին, որ իրենց տոնն իսկապես ստացվել էր…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter