ՀԻՇԵՆՔ ՆՐԱՆՑ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ
13.06.2018 11:56

Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ հունիսի 12-ը սև երիզով է պատված: 1992-1993 թվականների այդ օրն Ասկերանի գունդը մեծ կորուստներ է ունեցել՝ Աղդամի ուղղությամբ ձեռնարկված ռազմագործողությունների ժամանակ:

Անհավասար մարտերում Ասկերանի խիզախ մարտիկներին հաջողվեց իրենց միասնական ուժի շնորհիվ ետ մղել թշնամուն: Սակայն մենք ևս ունեցանք անդառնալի կորուստներ, կորցրեցինք բազում քաջարի հայորդիների, ովքեր իրենց անունները ոսկե տառերով դաջեցին հայոց պատմության մեջ:

Այդ դաժան օրերից անցել է ավելի քան 25 տարի և ամեն տարի Արցախյան ազատամարտի վետերաններն անխախտ որոշմամբ հավաքվում են հիշելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված ընկերների հիշատակին:

Վաղ առավոտյան Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշավահանակի առջև հոծ բազմություն էր հավաքվել: Նախաձեռնությունն Ասկերանի ազատամարտիկների միությանն էր, բոլոր կազմակերպչական աշխատանքները կատարել էր ԱԱՄ Ասկերանի խորհրդի նախագահ Արամ Աղաջանյանը:

Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ասկերանի քաղաքապետ, շրջանի ԱԱՄ նախագահ Սամվել Աղաջանյանը, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, ազատամարտի վետերաններ, ասկերանցիներ:

Միջոցառման մասնակիցներն ուղղվեցին դեպի Ասկերանի մատույցներ, որտեղ այդ օրերին ծավալվել էին ռազմական խոշոր գործողություններ: Զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանը պատվեց թարմ ծաղիկներով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը: Ասկերանի շրջանի ԱԱՄ նախագահ Սամվել Աղաջանյանը կիսելով զոհված ազատամարտիկների հարազատների վիշտը՝ շեշտեց, որ տղաների հիշատակը միշտ անմար կմնա, քանզի սերնդեսերունդ կփոխանցվեն նրանց կատարած հերոսությունները:

Ելույթներ ունեցան ազատամարտիկներ Սլավիկ Առուշանյանը, Թաթուլ Շեկյանը և Արթուր Հարությունյանը:

Ինչ խոսք, աննկարագրելի է այն ցավը, որ զգում էին երբեմնի մարտիկները: Չէ որ նրանց աչքի առաջ էին կատարվել այդ արյունահեղ մարտերը, և զոհվել նրանց ընկերները:

1992 թվականի հունիսի 12-ին Ասկերանի գնդի տղաները՝ Արթուր Հարությունյանի հրամանատարությամբ, անտեսելով բոլոր խոչընդոտները ելան մահվան ընդառաջ: Նրանք արհամարհում էին թշնամու մեծ ուժերն ու ռազմական հզոր տեխնիկան և կարողացան փոքր ուժերով հետ շպրտել թշնամուն՝ ընդմիշտ անառիկ պահելով Ասկերանը: Տղաներից յուրաքանչյուրի մեջ արթնացել էր հայի երբեմնի ուժը, անսասան կամքն ու արժանապատվությունը: Նրանք առյուծ կտրած մեր ոխերիմ թշնամուց վրեժխնդիր էին լինում հայի կրած բոլոր տառապանքների համար: Եվ թշնամին հասկացավ, որ դժվար է հաղթել ուժեղ կամք ունեցող, բազում արհավիրքների միջով անցած խիզախ հայորդուն:

Ցավոք, 1992 և 1993 թվականների հունիսի 12-ին մենք ունեցանք 13 զոհ և 20-ից ավելի վիրավորներ: Թեև այդ օրերի դառը հիշողությունները կսկիծով են պատում յուրաքանչյուրիս, սակայն մենք կարող ենք նաև հպարտանալ, որ ջախջախել ենք թշնամուն՝ չթողնելով նրան առաջ շարժվել:

<<Հայ ազգը բազում պատերազմներ է տեսել իր պատմության մեջ և կարողացել է հաղթանակով դուրս գալ՝ պահելով իր պատիվը, հավատն ու լեզուն: Արցախյան պատերազմը մեզանից խլեց հարյուրավոր հայորդիների, խեղեց բազում ընտանիքներ: Լինելով բուժանձնակազմի ներկայացուցիչ, շատերը կարող են հաստատել, անչափ ծանր էր մեզ համար: Ոչ բոլորին էինք կարողանում օգնել: Մեր աչքի առաջ տղաներն անվերադարձ հեռանում էին՝ այդպես էլ չտեսնելով սպասված հաղթանակը: Հիշում եմ, այդ օրերին տղաներն ինձ խնդրում էին օրագիր պահել՝ ամեն ինչ գրառելու համար: Ես ոչինչ չգրեցի, ժամանակ չկար, սակայն ամեն մի իրողություն իմ սրտում է, իմ հիշողությունների մեջ: Մենք խորապես ցավում ենք զոհված մեր ընկերների համար, հիշում և գնահատում: Նրանց շնորհիվ մենք ունեցանք մեր երազած երկիրը, որտեղ ապրում և արարում ենք՝ շարունակելով մեր տղաների կիսատ թողած գործը: Որախությամբ եմ տեսնում, որ դաստիարակվում է նոր, իր նախորդին ոչնչով չզիջող սերունդ: Համոզված եմ, մեր Հայրենիքը հուսալի ձեռքերում է, իսկ հարկ լինելու դեպքում մենք՝ նախկին ազատամարտիկներս միշտ պատրաստ ենք կանգնելու երիտասարդների կողքին>>,-շեշտեց Թաթուլ Շեկյանը:

Ներկաներն այցելեցին նաև <<Տանկ>> հուշահամալիր, այնտեղ ևս իրենց հարգանքի տուրքը մատուցելու և խոնարհվելու տանկի անձնակազմին՝ Արտավազդ Հակոբյանին, Վաչագան Բաբայանին և Էդուարդ Հարությունյանին: Աղդամի կրակակետերի վնասազերծման ժամանակ, երբ տանկը սլանում էր թշնամուն ընդառաջ, պայթեց հակառակորդի ականի վրա, իսկ անձնակազմը՝ ողջակիզվեց: Այսօր նրանց հարազատները սփոփվում են նրանով, որ մեզանից յուրաքանչյուրը հարգում և բարձր է պահում տղաների հիշատակը:

Հիշատակի միջոցառմանը մասնակցում էր նաև ազատամարտիկ Սամվել Գաբրիելյանը, ով ժամանել էր ՌԴ-ից և ցանկացել էր անպայման մասնակցել օրվա խորհրդին: Նա  զոհված 13 ազատամարտիկների ընտանիքներին դրամական օգնություն ցուցաբերեց՝ նշելով, որ այսուհետ ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցների ուշադրությունը կսևեռվի զոհվածների ընտանիքներին:

Բնակվելով Հայրենիքից հեռու՝ Սամվելը, ում ընկերները մտերմիկ Վելիկան են անվանում, ապրում և շնչում է հայրենի Ասկերանով: 14 տարեկան էր, երբ անդամագրվեց արցախյան գոյապայքարին, կռվեց առյուծի պես և հաղթանակ կռեց: 16 տարեկանում արդեն բազում փորձանքների միջով անցած և ամեն մի դժվարություն հաղթահարած Սամվելն աշխատանք գտնելու մտադրությամբ տեղափոխվեց ՌԴ Սամարա քաղաքը:

…2016 թվականի ապրիլի 3-ին նա Արցախում էր, իր մարտական ընկերների հետ: Առանց հարազատներին տեսության գալու, նա անմիջապես մեկնեց դիրքեր և 12 օր ու գիշեր մնաց դիրքերում: Փորձառու և հմուտ ազատամարտիկից շատ բան ունեին սովորելու զինվորները…

Այնուհետև Սամվելը մեկնելով Սամարա, սկսեց նյութական աջակցության ուղարկել դիրքերում գտնվող կամավորական ընկերներին, այդ վեհ գործին կցելով Ռուսաստանում ապրող հայ գործարարների:

Արցախյան պատերազմում կոնտուզիա ստացած, իսկ հետագայում ծանր վիրահատության ենթարկված քաջազուն երիտասարդի համար թանկ է հայրենիքի ամեն մի փշուր հողն ու այնտեղ ապրող արցախցին: Պատահական չէ, որ հունիսի 12-ին նա իր հողում էր, իր ընկերների հետ…

Թող մեր ժողովուրդը շարունակի միասնական, ուժեղ և ողջամիտ լինել: Թող խաղաղության աղավնիները թևածեն բոլորիս գլխավերևում:

Փառք տանք բոլոր մեր հայորդիներին, ովքեր իրենց կյանքն են նվիրաբերել հանուն հաղթանակի, հիշենք նրանց անուն առ անուն, մեծարենք նրանց հարազատներին: Նրանք դրա կարիքը շատ են զգում…

Կարինե Բախշիյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter