ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՄՈՏ |
26.06.2018 18:32 |
Հունիսի 26-ին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանն ընդունեց շրջանի հանրակրթական դպրոցների 11 աշակերտներին՝ իրենց ուսուցիչների և տնօրենների հետ, ովքեր բարձր են պահել հարազատ կրթօջախի և շրջանի անունն ու պատիվը՝ առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլում արժանանալով 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների։ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը վարչակազմի ղեկավարին ներկայացրեց շրջանի կրթական ոլորտի դրվածքը՝ մանրամասն կանգ առնելով առարկայական օլիմպիադայի արդյունքներին։ ԱՀ կրթության նախարարությունում առարկայական օլիմպիադայի արդյունքների ամփոփմամբ Ասկերանի շրջանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ շնորհիվ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներ Մերի Գաբրիելայանի (ՆԶՊ՝ 1-ին կարգի դիպլոմ), Մոնիկա Արզումանյանի ու Հարութ Ալլահվերդյանի (մաթեմատիկա), Ակնաղբյուրի Վարդան Ջիվանշիրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհիներ Արգինե Սարգսյանի պատմության առարկայից 1-ին կարգի, Աննա Մանուչարյանի՝ նույն առարկայից 3-րդ կարգի, Սոսե Մարգարյանի կենսաբանություն և Շուշան Սարգսյանի աշխարհագրություն առարկաներից 3-րդ կարգի դիպլոմների, Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Արմեն Սարգսյանի (ՆԶՊ՝ 1-ին կարգի դիպլոմ ), Սզնեքի Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներ Կարեն Մարտիրոսյանի հայ գրականություն և Հարութ Մուսայելյանի աշխարհագրություն առարկաներից արժանացած 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների։ Իսկ Ասկերանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սյուզաննա Մելքումյանը մասնակցելով ՀՀ կայացած ասմունքի մրցույթի գալա համերգին, արժանացել է 2-րդ կարգի դիպլոմի։ Օլիմպիադայի եզրափակիչ փուլում բազմաթիվ աշակերտներ արժանացել են նաև գովասանագրերի, շնորհակալագրերի։ Թերևս շրջանում, ինչպես նաև հանրապետությունում մտահոգիչ են մնում բնագիտական առարկաների նկատմամբ աշակերտների հետաքրքրվածությունը։ Կ. Մայիլյանը խոսեց նաև շրջանի դպրոցներում ՆԶՊ առակայի դրվածքի և առանձին դպրոցների արձանագրած հաջողություների մասին։ Արձանագրված հաջողությունները քիչ չեն, սակայն անելիքներ դեռ կան, խոսքը եզրափակեց Կ. Մայիլյանը։ Բարձր է վարչակազմի ղեկավարի Գեղամ Բեգլարյանի գնահատականը ուսումնատենչ աշակերտների նկատմամբ։ Ինչն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի վարչակազմի ղեկավարն իր ասելիքը սկսի շնորհակալական խոսքերով՝ հասցեագրված ուսուցիչներին և նրանց աշակերտներին։ Խոսքը հուզումնալից էր, ասելիքը՝ հստակ. ուսման հանդեպ բարձր պատասխանատվություն դրսևորող յուրաքանչյուր աշակերտ կարող է ակնկալել անձամբ շրջվարչակազմի ղեկավարի աջակցությունը ցանկացած հարցում։ Գ. Բեգլարյանի մտահոգությունը շրջանի առավել խոշոր դպրոցներն էին (բացառությամբ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցից.), քանզի որակական առումով այս դպրոցների արդյունավետությունը ցածր է, ապացույցը՝ օլիմպիադաների արդյունքներն են։ Ինչպես նշեց ղեկավարը՝ աշխատասիրությունն է առաջին նախապայմանը ցանկացած հարցում առաջընթաց ապահովելու համար։ Իսկ նրա ուշադրության կենտրոնում լինելու են հատկապես բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած աշակերտները։ -Կցանկանայի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել շրջանավարտների ապագա մասնագիտության ընտրության հարցի, հատկապես տնտեսության առանձին ճյուղերում մասնագետների պահանջարկի վրա։ Որակյալ կրթությունն ու բանիմաց մասնագետը եղել է ու կմնա ինչպես տնտեսության առանձին ճյուղերի, այնպես էլ պետության զարգացման հիմնաքարը,- ասաց Գ. Բեգլարյանը հորդորելով մանավանդ տղա երեխաների ուշադրությունը սևեռել բնագիտական, մասնավորապես մաթեմատիկական առարկաների վրա։ Ջերմ ու անմիջական մթնոլորտում ընթացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց նշված աշակերտների համար կազմակերպել ճանաչողական էքսկուրսիա ԱՀ կամ ՀՀ տեսարժան վայրեր։ Վարչակազմի ղեկավարի դիրքորոշումը մեկն է՝ սատարել, օգնել, լուծել աշակերտների ցանկացած խնդիր կամ պահանջ, ինչն ավելի կբարձրացնի վերջիններիս՝ ուսման հանդեպ հետաքրքասիրությունը, ինչպես նաև խթան կհանդիսանա հասարակության համար պիտանի անհատի դաստիարակության գործում։ Հանդիպումից հետո շրջվարչակազմի ղեկավարը մասնակցեց նաև շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությանը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |