ԼՈՒՍԱՁՈՐՈՒՄ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՀՈՒՅՍԵՐԸ ՎԱՌ ԵՆ |
01.07.2018 21:20 |
Դարերի պատմություն ունի Ասկերանի շրջանի Լուսաձոր (Մեհտիշեն) գյուղը։ Գյուղի տարեցների վկայությամբ գյուղի առաջին բնակիչներն այս բնակավայրի տարածք են եկել և բնակություն հաստատել Խոյի խանության Սալբատ գավառից։ Եվ զարմանալի էր նույնիսկ, որ դարերի ընթացքում մեհտիշենացիները չեն փոխել իրենց բարբառն ու բազմաթիվ անվանդություններ, չնայած այն հանգամանքին, որ մի քանի սերունդ է փոխվել և գտնում է մայրաքաղաքին այսքան մոտ։ Ինչպես վկայում է Ելենա մայրիկը յուրահատուկ է Լուսաձորի բարբառը և աշխարհի որ ծայրում էլ բնակվելիս լինի մեհտիշենցին` երբեք չի փոխի իր բարբառը։ Ինքն էլ իր թոռներին խրախուսում է ինքնատիպ ու քաղցրահունչ բարբառի պահպանության և գալիք սերունդներին այն փոխանցելու համար։ Ինչպես հայկական բոլոր բնակավայրերը Լուսաձորն էլ գյուղի սրտում եկեղեցի ուներ, սակայն եկեղեցին արդեն 88 տարի է, ինչ չէր ծառայում իր նպատակին։ Բազմաթիվ փորձություններj դիմագրավելով այսօր այն գյուղացիների համար ամենասիրված և ցանկալի վայրն է դարձել։ Ինչպես ասում է Ելենա մայրիկը, չնայած երկար տարիներ է ինչ եկեղեցին չի գործում, սակայն այն իր գոյությամբ միշտ էլ օգնել է հավատքի միջոցով պահպանել հայի իրենց տեսակն ու դիմագիծը։ Իսկ այսօր շնորհիվ իր հորեղբոր տղաների՝ եկեղեցու վերանորոգման հովանավորների, գյուղը նոր շունչ ստացավ։ -Իմ նանն ասում էր՝ էն մարդը, որը եկեղեցի է սիրում, անի էլ՝ կուտի, չանի էլ՝ կուտի։ Աստած նրան տալու է։ Նա հաճախ էր մեզ եկեղեցու բակ խաղալու ուղարկում և համոզաված եմ, որ դիտմամբ, հասկանալի նկատառումներից ելնելով։ Իսկ 7-րդ դարի իմաստուններից մեկն ասել է՝ ինչ որ նվիրում ես՝ քոնն է, ինչ որ խնայում ես՝ ուրիշինն է։ Մեր բարերարներն իրենց նվիրվածությամբ ու ունեցածից ուրիշներին բաժին հանելու միջոցով հավերժացրել են իրենց պանծալի անունները բոլորիս սրտերում,- խոսքը եզրափակում է Ելենա մայրիկը։ Եկեղեցու վերանորոգման բարերար Լևոն Սարգսյանի հետ մեր զրույցը երկար չի տևում։ Բարերարն անչափ հուզված էր, իսկ դատելով նրա հայացքից հասկանելի են դառնում նույնիսկ չասված խոսքերը՝ մարդ մի կյանք է ապրում և այն պետք է այնպես ապրի, որպեսզի նախնիները հպարտանան, հետորդներն էլ ընդօրինակեն։ Անցնելով բազմաթիվ փորձությունների միջով և հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղն այժմ իր վերելքն է ապրում՝ շնորհիվ աշխարհասփյուռ լուսաձորցիների։ Սարի լանջին ծվարած գյուղը մեկ տասնյակից ավելի բարերաներ ունի, որոնց շնորհիվ լուծվել են գյուղի և գյուղաբնակների սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային մի շարք խնդիրներ։ Իսկ դեպի գյուղ տանող ճանապարհին արդեն իսկ ականատես ենք լինում գյուղում ընթացող բարեգործական աշխատանքներին։ -Վերջին տարիներին գյուղում կառուցվել է հանդիսությունների շենք, ընթացքի մեջ են գյուղամիջյան, դեպի գերեզմանատուն տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքները, լուսավորվել են փողոցները, մի խոսքով կառուցվել, վերակառուցվել և վերանորոգվել, նոր կյանք են ստացել գյուղաբնակների համար կենսական և հոգևոր նշանակության մի շարք հիմնախնդիրներ,- ասում է համայնքի ղեկավար Միքայել Այվազյանը՝ շնորհակալություն հայտնելով բարերաներին։ Հունիսի 30-ին մարդաշատ էր Լուսաձորը։ Արցախի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր երևի առաջին անգամ էր այսքան հյուրառատ գյուղը։ Օրը տոնական էր բոլորի համար։ Գյուղում էին աշխարհասփյուռ լուսաձորցիները՝ ԱՄՆ-ից, Գերմանիցայի, Ռուսաստանի Դաշնության տասնյակի հասնող քաղաքներից։ Լուսաձորցիներին յուրահատուկ տոնի առթիվ շնորհավորելու էր եկել Ասկերանի շրջվարչակզմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը։ Այստեղ էին Արցախի տարբեր բնակավայրերում բնակվող լուսաձորցիերը։ Միջոցառումը, որը համախմբել էր գյուղի նվիրյալ զավակներին գյուղամիջի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունն էր, որը կատարվեց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ։ Շնորհավորելով լուսաձորցիներին Աստծո տան վերանորոգման և վերաօծման կապակցությամբ, նա աղոթեց ամենակարող Աստծուն պահել և պահպանել բոլորին երևելի և աներևույթ թշնամիներից, խաղաղություն հայցեց ամենաբարձյալից համայն աշխարհի և մեր մի բուռ Արցախի համար։ Եկեղեցու զանգերը կրկին ղողանջեցին Լուսաձորում ի լուր աշխարհի, որ հայի արարող, ստեղծող և իր արդար վաստակից, մարդասիրությամբ և մարդամոտությամբ բաժին հանողների պակաս երբեք չենք ունենա։ Հնչում էին զանգերը ի լուր Լուսաձորի 12 նվիրյալ զավակների անմար հիշատակի, քանզի նրանց թափած արյունը իզուր չի եղել և ծաղկում է արյան գնով պահպանված գյուղը, և ապահովված է նրա անդորրը։ Եկեղեցին վերանորոգվել է Լևոն և Ալբերտ Սարգսյանների հովանավորությամբ։ Խորհրդային միության փլուզումից և Բաքվի հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունից մազապուրծ Սարգսյանները թողնելով հայի քրտինքով կառուցված քաղաքում իրենց տարիների վաստակը և անցնելով բազմաթիվ սարսափազդու տեսարաններ միջով հայտնվել են օվկիանոսից այն կողմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Լոս-Անջելեսում։ Հայի արարող, բարիք ստեղծող գենը նրանց մեջ թպրտացել է նոր ուժով ու թափով։ Եվ 24 տարի անց նրանք ի կատար ածեցին իրենց ամենանվիրական երազանքը՝ պատանեկության տարիներին պահեստի վերածված եկեղեցին պետք էր ծառայեր իր նպատակին։ Եկեղեցին վերանորոգելու գաղափարը վաղուց էր ծագել եղբայրների մոտ, իսկ 2017-ին սկսվեցին շինարարական աշխատանքները։ Բանիմաց, փորձառու մասնագետների և վարպետների շնորհիվ եկեղեցին պահպանեց իր հնաոճ տեսքը։ Հայկական մեկ բնակավայրում ևս լուծվեց Աստծո տուն ունենալու խնդիրը։ Ինչի համար գյուղի ողջ հասարակությունը միմիայն գորովանքով ու հպարտությամբ են լցված բարերաների հանդեպ։ Եկեղեցու օծումից հետո տեր Հովհաննես քահանա Վարդանյանը կատարեց խոստովանության կարգ։ Ապա մատուցվեց պատարագ։ Նույն օրը եկեղեցում կատարվեց Սարգսյանների գերդաստանի անդամների սուրբ մկրտություն։ Եկեղեցու բակում բարերարների համար տոնական միջոցառում էին կազմակերպել Լուսաձորի հիմնական դպրոցի աշակետները։ Ողջունելով աշխարհի տարբեր ծայրերից իրենց և նախիների ծննդավայր ժամանած Լուսաձորի երախտագետ զավակներին միջոցառման կազմակերպիչ և դպրոցի ուսուցչուհի Բելլա Հարությունյանը նշեց, որ հայերս՝ լինելով աշխարհի առաջին քրիստոնյա ազգը ամեն քայլափոխի եկեղեցի ենք կառուցել, խաչքեր կանգնեցրել։ Եվ այդ աստվածահաճո գործի միջոցով հույս ենք փայփայել և տեսել ապագայի լույսը։ - Այդ նույն հավատքից են ծնվում ազգի լավագույն զավակները, որոնց հիշողությունը չի մթագնում, որոնք արյան հիշողությամբ հեռավորության ու ժամանակի սահմաններ չճանաչելով շարունակում են իրենց ներկայությունը պահել այստեղ,- ասաց կազմակերպիչը հնչեցնելով գյուղի բոլոր բարերարների անունները՝ եղբայրներ Լևոն և Ալբերտ Սագսյաններ, Մարատ Սարգսյան, Սերգեյ Վարդանյան, Գագիկ Միքայելյան, Վյաչեսլավ Ղամբարյան, քույրեր Լարիսա և Իրա Պետրոսյաններ, Վազգեն Այվազյան, Ռոմա Եդիգարյան։ Դպրոցի անձնակազմի անունից բարերներին դպրոցի աշակտները խորհրդանշական նվերներ հանձնեցին, իսկ համայնքի ղեկավար Մ. Այվազյանը հանձնեց վերանորոգված եկեղեցու պատկերով նկարներ։ Հիրավի, գյուղի բարերարները մատաղ սերնդի համար հային վայել ապրելու և հայրենի բնաշխարհի լավագոյւն ձեռքբերումներն արժևորելու և այն գալիք սերունդներին փոխանցելու վառ օրինակներ են։ -Բնության գրկում ծվարած փոքրիկ գյուղը վեհություն ունի իր մեջ, որը սնվում է նրա զավակների նվիրվածությունից։ Գյուղի ծոցից ելան և այլևս չվերադարձան 12 քաջորդիներ, ովքեր ապրել և ապրելու են մեր սրտերում և հոգիներում։ Գյուղի նույնիսկ ամեն մի ծառն ու թուփն են այսօր երախտագիտությամբ լցված մեր բարերաների հանդեպ։ Աշխարհն ինքն Աստված ստեղծել է բարի կամենալով, թող նա օրհնի ձեր բոլոր մեծ ու փոքր մտահղացումները և ընդառաջի բոլոր բարի ձեռնարկումներում։ Գյուղի սիրտն այսօր առողջ է տրոփում ձեզ նման որդիների շնորհիվ,- ասաց Բ. Հարությունյանը ։ Բարերարներին համագյուղացիներների անունից երախտագիտություն հայտնեց դպրոցի տնօրեն Սվետլանա Մակվեցյանը։ -Լուսաձորի արժանի զավակներն ապրելով օտար երկներում արժևորում են Հայրենիքի բարգավաճման կարևորությունն ազգի համար և իրենց հնարավոր նպաստ են ներդնում այս սուրբ գործին։ Հիրավի ճիշտ է ասված, որ ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ նրա հավատն ու եկեղեցին են։ Ժողովուրդն է եկեղեցին, նա է հիմքը։ Եկեղեցին ժողովրդի ազգային դիմագծի կերտողն է, հոգևոր աղբյուրներից սնող մայրը։ Եվ դժվար է պատկեացնել մեր պատմության որևէ հավելված առանց հայ առաքելական եկեղեցու և նրա կարևոր դերակատարության,- ասաց Ս. Մակվեցյանը։ Անկասկած, որտեղ էլ բնակվի հայը, նրա սիրտ ու հոգին տրոփում են ծննդավայրի ամեն մի քար ու թփի համար։ Թերևս հայերս աշխարհի այլ ազգերի մեջ առանձնանում ենք յուրօրինակ հայրենապաշտությամբ ու Հայրենիքին անմնացորդ նվիրվածությամբ։ Քաղցր, կանչող է հող-հայրենին, որի ամեն մի թիզն առավել մեծ նշանակություն են ձեռք բերում շնորհիվ նման բարերարների։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |