ՀՐԱԺԵՇՏԸ ՍՐՏԱՌՈՒՉ ԷՐ ԵՎ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ
29.06.2018 17:29

  Հունիսի 28-ին Ասկերանի ՀԱԸ մանկապարտեզում մեծ տոնախմբություն էր: Մանկապարտեզի դահլիճը վեր էր ածվել իսկական հեքիաթի, որի հերոսներն անմեղ ու անհոգ մեր մանուկներն էին: Այստեղ թագավորում էին սպիտակ և կապույտ գույները՝ խաղաղություն, սեր և ջերմություն սփռելով շուրջ բոլորը: Ամենուր ծաղիկներ էին, փուչիկներ ու թիթեռներ, իսկ երկնքում սավառնում էին խաղաղության աղավնիները: Ամեն ինչ այնքա՜ն մաքուր էր և այնքա՜ն մեղմօրոր…

Ծնողները սրտատրոփ և հուզված սպասում էին իրենց բալիկների մուտքին, չէր որ երեխաներն իրենց հրաժեշտի հանդեսն էին ներկայացնելու: Մանկապարտեզի 15-րդ թողարկման  31 երեխա՝ 19 տղա և 12 աղջիկ հրաժեշտ էին տալիս հարազատ մանկապարտեզին:

Սպիտակ և կապույտ հագած մանուկները գեղեցիկ երաժշտության և ծափերի ուղեկցությամբ մտան դահլիճ: Նրանք իսկական հրեշտակներ էին հիշեցնում, որոնց համար այս կյանքում ամեն ինչ գեղեցիկ էր, բարի ու զուլալ: Փոքրիկները շողում էին ուրախությունից և անաղարտ աչքերով իրենց մայրիկներին էին նայում:

Հետաքրքիր և սրտառուչ էր մանուկների հրաժեշտի հանդեսը, որը կազմակերպել էր նրանց դաստիարակչուհի Իրինա Գրիգորյանը: Կազմակերպչական աշխատանքներից անմասն չէին մնացել դաստիարակչուհու օգնական Լիանա Դանիելյանը և երաժիշտ Էլինա Հայրիյանը:

Մանուկների թոթովախոս լեզվի ամեն մի հնչյուն սրտաշարժ էր և հուզմունքի ալիքներ էր բարձրացնում հանդիսատեսի մոտ: Նրանք արտասանում էին, երգում ու պարում՝ աշխատելով զարմացնել ծնողներին: Խոստացել էին դաստիարակչուհուն լավ ներկայանալ և ցույց տալ մանկապարտեզում իրենց սովորածը: Դաստիարակչուհին ևս հուզված էր, չէ որ երեխաների համար երկրորդ մայր էր և այսօր հրաժեշտ էր տալիս նրանց:

Սրտաբուխ և գորովանքով էր լցված նրա սրտի խոսքը.

-Իմ բալիկնե՛ր, այսօր կարևոր օր է բոլորիս համար: Եկել է մեր հրաժեշտի պահը և համոզված եմ, դուք այս օջախում սովորել եք միայն լավն ու բարին: Կարողացել եք ճանաչել ձեզ շրջապատող աշխարհը, գիտեք, թե ինչպիսի հրաշալի երկիր է ու ինչպիսի հրաշք բնություն ունի մեր Արցախ աշխարհը: Ցանկանում եմ, որպեսզի դպրոցում լավ սովորեք, լինեք աշխատասեր, կարգապահ ու ընկերասեր: Ձեզ մաղթում եմ կանաչ և մաքուր ճանապարհ:

Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Դանիելյանը շնորհավորելով փոքրիկներին այս հիշարժան օրվա առթիվ՝ միաժամանակ մաղթեց.

-Թող Տերը միշտ լինի ձեզ պահապան, թող իրականանան բոլոր ձեր ցանկությունները: Իմացեք, որ ձեզ սպասում է հետաքրքիր, անակնկալներով լի մի ամբողջ կյանք: Համոզված եմ, հաջողություններն ու ձեռքբերումները կլինեն ձեր ուղեկիցները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծնողներին, առանց նրանց չէինք կարող նման հրաշալի միջոցառում կազմակերպել: Ծնողական կոմիտեի նախագահ Արմինե Գասպարյանի գլխավորությամբ բոլոր ծնողներն այս գեղեցիկ միջոցառման համար ջանք ու եռանդ չխնայեցին: Կարևորում և գնահատում եմ փոխհամագործակցությունը մանկապարտեզի և ծնողների միջև:

Ծնողների անունից շնորհակալական խոսք ասաց Արմինե Գասպարյանը: Նա գնահատեց մանկապարտեզի ողջ անձնակազմի անխոնջ աշխատանքը, ովքեր ոչինչ չեն խնայել երեխաների առօրյան հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար: Մանկական այս օջախում երեխաներն ստացել են յուրահատուկ վերաբերմունք ու դաստիարակություն:

Ծնողները շնորհակալագրեր նվիրեցին Իրինա Գրիգորյանին և մանկապարտեզին, իսկ փոքրիկներին տվեցին գեղեցիկ հուշանվերներ:

Ծնողների կողմից երեխաներին շնորհավորելու եկան իրենց սիրելի մուլտհերոսները և հաճելի խաղեր կազմակերպեցին նրանց հետ: Պետք էր տեսնել, թե ինչպես էին ոգևորված և ուրախ փոքրիկները: Իսկ երբ դեպի երկինք էին բաց թողնում փուչիկները, մանկապարտեզի բակը զրնգում էր նրանց անհոգ ձայներից:

Միջոցառման վերջում երեխաները ՀԱԸ գրասենյակի կողմից ստացան իրենց դպրոցական առաջին պայուսակներն ու գրենական պիտույքները:

Անշուշտ, բոլորը մեծ բավականություն ստացան մանկական այս միջոցառումից և շատ դժվար էր հեռանալ մանուկների կախարդական և անարատ աշխարհից…

Սիրելի՛ մանուկներ, թող ձեր կյանքում միայն ուրախությունը թևածի, թող ձեր աչքերը միշտ այդպես մաքուր և անհոգ լինեն…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter