ԶՈՐԱԿՈՉՆ ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆԻ ԷՐ ՎԵՐԱԾՎԵԼ… |
02.07.2018 23:34 |
Շրջանի 17 նորակոչիկներ պատրաստվում էին համալրելու հայրենիքի պաշտպանների շարքերը: <<Բերդ>> համույթի երգիչների կատարմամբ թևածող ազգային ու հայրենասիրական երգ ու երաժշտությունը բարձր ու տոնական տրամադրություն էր հաղորդում ներկաներին: Նորակոչիկների առնականացող դեմքերը, խոհուն և հաստատակամ հայացքները հավատ էին ներշնչում բոլորիս՝ միաժամանակ հաղորդելով հպարտության և վստահության զգացմունքներ: Արդարև, այս տղաներն են ամուր պահելու մեր երկրի սահմանները, նրանցով է Արցախ աշխարհը լինելու հզոր և աներեր: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, Արցախյան պատերազմի ազատամարտիկներ, նորակոչիկների հարազատներ, ասկերանցիներ: Բացման և ողջույնի խոսք ասաց Ասկերանի զինկոմ Արծվիկ Գաբրիելյանը. -Այսօր մենք իրականացնում ենք հերթական մեր զորակոչը և բոլորս քաջ գիտակցում ենք պահի կարևորությունը: Հայրենիքին անմնացորդ ծառայելը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է, և մեր նորակոչիկները հայոց պատմությունը լավ են սերտել, գիտեն, որ ունենք դարավոր թշնամի, ով նենգ է ու դաժան: Դուք պետք է զգոն լինեք, ուժեղ և խոհեմ: Իմացե՛ք, մենք դատապարտված ենք այս սուրբ հողը պաշտպանելու համար: Մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու պատվաբեր գործն այս երկու տարիներին կատարելու եք նաև դուք: Համոզված եմ, ոչնչով չեք զիջի ձեր հայրերին ու պապերին և կկարողանաք կատարել ձեր առջև ծառացած բոլոր խնդիրները: Ձե՛զ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ: Մայրական սիրով և խանդաղատանքով էր լցված Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանի սրտի խոսքը. -Այսօր դուք ձեր ինքնահաստատման ճանապարհի առաջին քայլն եք կատարում: Զինվորագրվում եք հայոց բանակին: Բանակ, որ թրծվել է մարտերում, քանի-որ անցել է պատերազմի բովով, արձանագրել փայլուն հաղթանակներ և դարձել մեր երկրի, պետության ու ժողովրդի երաշխավորը: Սիրելի՛ նորակոչիկներ, այսօրվանից դուք Մեծն Վարդան Մամիկոնյանի, զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, հայ դիվանագիտության ճարտարապետ և հավերժ Սպարապետ Վազգեն Սարգսյանի զինվորներն եք: Դուք նաև մեր երազի թռիչքն եք ու հավատի թևը և պետք է զսպաշապիկ հագցնեք մեր դարավոր ոսոխի գայլային բնազդին և արծվաթռիչ սլացքով կանխեք թշնամու ամեն մի ոտնձգություն: Դուք պետք է լեռնագնացի համարձակություն ունենաք, իմաստասերի լայնախոհություն: Երբեք չհուսահատվեք, չկոտրվեք, չծուլանաք, քանզի բախտի ծովում նավարկության ամենահնարավոր պատվարը համառությունն է՝ շաղախված համբերությամբ ու լավատեսությամբ: Հայրենիքը տարողունակ հասկացություն է, այն պետք է սիրել ու պահպանել: Տեր կանգնենք մեր հայրենիքին: Հայրենիքը դուք եք, մենք ենք, բոլորս ենք: Ակնածանքով խոնարհվում եմ ձեր մայրերի առաջ և ձեզ մաղթում բարի և անփորձանք ծառայություն: Հայի Աստվածը ձեզ պահապան, հայի խաչը ձեզ ապավեն… Ազատամարտիկ Արմեն Գասպարյանը բարի ծառայության մաղթելով տղաներին՝ հավաստիացրեց, որ նրանք շուտով կմտնեն մի մեծ և ուժեղ կոլեկտիվ, որը կոչվում ԱՀ ՊԲ: Այն մեր տարածաշրջանի ամենամարտունակ և կարգապահ բանակներից մեկն է: Արցախյան պատերազմի ազատամարտիկը համոզմունք հայտնեց, որ այս սերունդը բարձր մակարդակով և մեծ պատասխանատվությամբ կիրականացնի իր ծառայությունը և ավագ սերնդի արժանի հերթափոխը կլինի: Ասկերանի շրջանի ազատամարտիկների անունից Արմեն Գասպարյանը շնորհավորեց բոլորին օրվա կապակցությամբ և նորակոչիկներին մաղթեց բարեհաջող ծառայություն: Միջոցառմանն ուղեկցվող խրոխտ և ռազմահայրենասիրական երգերն ավելի էին ոգեշնչում նորակոչիկներին ու նրանց հարազատներին, իսկ վերջիններս հպարտանում էին իրենց պատրաստակամ զավակներով: Ծնողները ևս համոզված էին, որ տղաները ծառայության ընթացքում կցուցաբերեն ուժեղ կամք, բարձր ոգի և վճռական տրամադրվածություն: Սիրելի՛ նորակոչիկներ, թող ձեր ծառայությունը հանգիստ և խաղաղ լինի: Անսասան պահեցեք մեր հայրենիքի սահմանները: Իմացե՛ք, մենք սպասում ենք ձեր վերադարձին… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |