ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՐՑԱԽԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
15.07.2018 16:25

Հուլիսի 14-ին Ասկերանի քաղաքային մարզադաշտում կայացավ Արցախի ֆուտբոլի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Նշենք, որ նորաստեղծ ԱՖԼ (Արցախի Ֆուտբոլի Լիգա)  հիմնադիրն է Երևանի §Արցախ¦ թիմի սեփականատեր Սևան Ասլանյանը (ծննդով Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղից)։ Լիգայի նպատակն է Արցախում զարգացնել ֆուտբոլը, իսկ առաջնության լավագույն ֆուտբոլիստները հնարավորություն կստանան տեղափոխվել Երևանի Արցախ թիմ։ Նախատեսվում է նաև անցկացել Արցախի գավաթի

խաղարկություն, որի եզրափակիչ խաղը կկայանա Արցախի Հանրապետության անկախության հռչակման հերթական տարելիցին՝ սեպտեմբերի 2-ին։ Նման առաջնություններ կազմակերպելով ԱՖԼ հիմնադիրները նպատակ են հետապնդում նաև ՈՒԵՖԱ-ի ուշադրությունը սևեռել Արցախի վրա։

Մարդաշատ էր Ասկերանի մարզադաշտը։ Այստեղ էին շրջանի և քաղաքի պատասխանատուները, ԱՖԼ հիմնադիրներն ու Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները, Ասկերանի և հարակից բնակավայրերի ֆուտբոլասերներ, Ն զորամասի զինվորներ։ Ներկաներին համերգային ծրագրով ողջունեցին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Յուլիա Հայրապետյանն ու Ասկերանի ՄՊՍԿ պարի խմբի սաները։ Արցախի ֆուտբոլի լիգայի խաղերը կացկացվեն Ստեփանակերտի և Ասկերանի մարզադաշտերում։ Այն կտևի հուլիսի 14-ից մինչեւ նոյեմբերի 18-ը։

Առաջնության բացման հանդիսավոր արարողությունից հետո մարզասերների բուռն ծափահարությունների ներքո խաղադաշտ դուրս եկան Ճարտարի §Բերդ¦ և Ասկերանի §Բերդ¦ թիմերը։

Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը և երկու թիմերի ավագները բարձրացրեցին Արցախի պետական դրոշը։

Խաղի սկզբնամասում որոշ առավելություն ունեին ճարտարցիները։ Առաջին խաղակեսի 10-րդ րոպեին հաշիվը բացեց ճարտարցի Դավիթ Սարգսյանը։ Մինչև առաջին խաղակեսի ավարտը համառ և անզիջում պայքար էր ընթանում թիմերի միջև։ Ասկերանի §Բերդ¦-ը մի քանի անգամ ռեալ հնարավորություններ ուներ գրավելու հակառակորդի դարպասը։ Ի վերջո առաջին խաղակեսի  ավարտից 7 րոպե առաջ Կամո Մանգասարյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Թիմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվով։

Երկրորդ խաղակեսում ասկերանցիները լիովին տիրեցին նախաձեռնությանը և 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Խաղի 50-րդ րոպեին Սերգեյ Օսիպյանն առաջ մղեց իր թիմին։ 60-րդ րոպեին Կամո Մանգասարյանը դիպուկ իրացնելով 11 մետրոնցը հաշիվը դարձրեց 3։1։ 72-րդ րոպեին Կամո Մանգասայանը խփեց հերթական գոլը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Խաղավարտից 2 րոպե առաջ աչքի ընկավ Էդգար Ավագյանը՝ խփելով իր թիմի 5-րդ գնդակը և ձևակերպելով հանդիպման վերջնական հաշվիը 5։1։ Խաղի ընթացքում դեղին քարտեր ստացան ճարտարցի 2 և ասկերանցի 1 խաղացողներ։

Խաղը սպասարկող մրցավարական եռյակը (գլխավոր մրցավար Արկադի Հակոբյան, եզրային մրցավարներ Սասուն Սարգսյան և Լևոն Մկրտչյան) գործեց անաչառ՝ ցուցաբերելով անկողմնակալ վերաբերմունք։

Անկեղծ ասած խաղի կազմակերպչական գործերում կային որոշակի թերություններ և բացթողումներ, որոնք համոզված ենք առաջիկայում անպայման կշտկվեն։

Հուսանք, որ ասկերանցիների՝ մեկնարկային խաղում տարած խոշոր հաշվով հաղթանակը հետագա հաջողությունների համար ամուր հիմք կհանդիսանա և հետագայում թիմը կպայքարի մրցանակային եռյակում տեղ զբաղեցնելու համար։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆ



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter