ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉ ԷՐ |
16.07.2018 14:35 |
Այսօր Ասկերանում ամառային հերթական զորակոչն էր։ Ամառային զորակոչի ընթացքում 51 նորակոչիկ համալրեց Արցախի պաշտպանության բանակի շարքերը։ Հերթական զորակոչը ևս կազմակերպվել էր տոնական մեծ շուքով։ Գերիշխողը բարձր տրամադրությունն էր զինկոմիսարիատի բակում հավաքվածների մոտ, քանզի երկրի ներսում տեղի ունեցող զարգացումները հավատ և վստահություն են ներշնչում երիտասարդներին, որ իրենք են կերտելու իրենց ապագան և Հայրենիքի պաշտպանությունն իրենց սուրբ պարտականությունն ու առաքելությունն է։ Ասկերանի զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանը նշեց, որ ամառային զորակոչի ընթացքում նրանք առաջնորդվում են ԱՀ զինապարտության մասին լրամշակված օրենքով։ Ինպես նշեց զինկոմիսարը ամառային զորակոչի ընթացքում Ասկերանի զինկոմիսարիատից մեկ հայրենադարձ երիտասարդ է զորակոչվել։ -Նորակոչիկները պարտքի մեծ գիտակցումով ու պատրաստակամ են ներկայանում զինկոմիսարիատ։ Նրանք պետք է հպարտ լինեն, որ իրենց է շնորհվել հայոց բանակի շարքերում ծառայելու պատվավոր կոչումը,- ասաց զինկոմիսարը՝ համոզմունք հայտնելով, որ ծառայույթունը Հայոց բանակում երիտասարդներին ավելի առնական կդարձնի և երկու տարի անց նրանք տուն կվերադառնան իսկական տղամարդ դարձած, հաստատակամ, խելացի և գիտակից։ Նորակոչիկներն Ասկերանից հատուկ ավտոբուսով շարժվեցին դեպի Ն զորամաս, որտեղ կրկնակի բուժզննության ենթարկվելուց հետո հատուկ վիճակահանությամբ կորոշվի, թե ով որտեղ կանցկացնի իր ծառայությունը։ Թերևս նորակոչիկները համոզմունք հայտնեցին, որ անկախ նրանից, թե որ զորամասում կհայտնվեն պատրաստ են իրենց ուժերն ու գիտելիքներն ամբողջովին ներդնել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ Նրանք արդեն իսկ գիտակցում են, որ չափազանց պատասխանատու ժամանակաշրջան են թևակոխում, և որ մեծ է ամենի մի զինվորի դերն ու նշանակությունը մեր երկրի անվտանգության ապահովման գործում։ Ուստի խոստացան միշտ զգոն լինել, ժամկետային զինծառայության ընթացքում պատվով կատարեն Հայրենիքի պաշտպանի սուրբ գործը։ Բանակում ծառայելը յուրաքանչյուր երիտասարդի համար չնայած փորձություն է, սակայն այն կյանքի ամենակարևոր թեստերից մեկն է, որը պատվով հաղթահարելուց հետո ձեռք են բերվում նոր հմտություններ, համարձակություն, հաստատակամություն։ Սիրելի նորակոչիկներ, թող բանակը ձեզ սովորեցնի ամուր եւ վճռական լինել, իսկ ծառայությունը ոչ թե բեռ, այլև ուրախություն և հպարտություն լինի: Բարի ճանապարհ, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|