ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ |
16.07.2018 17:35 |
§Հայաստան¦ համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ Արցախում բացվեց հերթական համայնքային կենտրոնը։ Ամերիկահայ բարերարներ Հակոպ և Հիլդա Բաղդասարյանների հովանավորչությամբ Ասկերանի շրջանի Քռասնու համայնքում հին ու խարխուր գյուղապետարանի գրասենյակի հարևանությամբ վեր է խոյացել երկհարկանի հարմարավետ և ունիվերսալ համայնքային կենտրոն։ Կենտրոնն ապահովված է անհրաժեշտ գույքով։ Այն ծառայելու է համայնքի բնակիչների ազատ ժամանցն ապահովելու, բուժսպասարկում իրականացնելու համար։ Կենտրոնում առկա է նաև հանդիսությունների սրահ։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, կառավարության անդամներ, բարերարներ, քռասնեցիներ։ Հյուրերին քռասնեցիները դիմավորեցին ավանդական աղ ու հացով։ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Մեծ Հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Հնչեց Արցախի պետական օրհներգը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի նվիրյալ զավակների հիշատակը։ Ողջունելով ներկաներին նորակառույց համայնքային կենտրոնում՝ Քռասնու համայնքի մշակույթի տան տնօրեն Դոնարա Գրիգորյանը նշեց, որ համայնքի բնակիչների համար այն կդառնա գյուղի պահպանման ու շենացման խոստումնալից խորհրդանիշ։ §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի ծրագրերի համակարգող Վարդան Փարթմայանը նշեց, որ ամեն մի շենք ու շինության հիմքում մի ընտանիքի պատմություն է։ -Եվ այսօր Քռասնու համայնքում այս կենտրոնի բացմամբ մենք հիշում և խոնարհվում ենք Հակոպ Բաղդասարյանի անմար հիշատակի առաջ։ Մեծ բարերարն արմատներով Շուշի քաղաքից էր, ով ավարտել էր Շուշիի ռեալական ուսումնարանը և երբևիցէ չի մոռացել իր արմատների մասին։ Այսօր Բաղդասարյանների ընտանիքի բարեգործություններին կարող ենք հանդիպել ամբողջ Արցախում՝ Շուշիից սկսած մինչև Քռասնի։ Շենքը համայնքի համար բաբախող սիրտ, իսկ Բաղդասարյանների ընտանիքի համար երկրորդ տուն կհանդիսանա,- ասաց Վ. Փարթամյանը բարերարների ընտանիքին հանձնելով մի կտոր Քռասնի՝ համայնքային կենտրոնի մանրակերտի տեսքով։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Բաղդասարյանների ընտանիքին, Արցախի նախագահին և կառավարությանը, ինչպես նաև Քռասնու համայնքի բնակչիների, ովքեր իմաստավորելու են շենքն ու այն լցնելու երջանկությամբ, ուրախությամբ և խինդով։ Քռասնու համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանը համայնքի բնակիչների անունից երախտագիտություն հայտնեց բարերարներին, §Հայաստան¦ համահայկական հիմնադրամին և Արցախի կառավարությանը քռասնեցիների վաղեմի երազանքն իրականություն դարձնելու և նման հոյակրետ շենք պարգևելու համար։ Քռասնու համայնքի ավագանու որոշմամբ Բաղդասարյանների ընտանիքին հանձնվեց Քռասնու համայնքի պատվավոր քաղաքացու կոչման վկայական։ Քռասնու համայնքի պատվավոր քաղաքացու իրավունքով ներկաներին ջերմագին ողջունեց Գևիկ Բաղդասարյանը, ով իր սրտի խոսքը սկսեց շնորհակալական խոսքերով՝ նման ջերմագին ընդունելության արժանացնելու համար։ Բաղդասարյանների ընտանիքի համար այսօր միակ խոր ցավն ու կիսկիծն այն է, որ այսօրվան, այս բաղձալի ու անչափ սպասված միջոցառմանը ներկա չէ իրենց հայրիկը՝ Հակոպ Բաղդասարյանը։ -Այո, նա մարմնապես մեզ հետ չէ, սակայն նրա հոգևոր ներկայությունն ամենուր է,- ասաց Գևիկ Բաղդասարյանը ներկայացնելով Բաղդասարյանների ապուպապերի նախապատմությունը, թե ինչպես իրենց նախապապը հայտնվեց Շուշի քաղաքում և այնպես սիրեց Շուշին, որ որոշեց իր արմատները ձգել հայկական հինվուրց բերդաքաղաքում։ Դժբախտաբար, իրենց կամքին հակառակ Բաղդասարյանները ստպված էին թողնել Շուշին և մեկնել Բաքում, որտեղից էլ Պարսկաստան։ Այժմ Բաղդասարյանների ընտանիքը բնակվում է ԱՄՆ-ում։ -Հորս մեծ պապը՝ Հայրապետ Բաղդասարյանը Պարսկաստանում անընդհատ խոսում, վերհիշում էր Շուշին, Արցախը և նրա երազանքն էր, որ մի օր կարողանա նորից հասնել Շուշի, իր աչքով տեսնի Արցախն ու լիովին ըմբոշխնի արցախյան կենարար հողն ու ջուրը։ Ցավոք իմ պապերի երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ, սակայն կարծում եմ նրանց հոգին այսօր հանգիստ է, որ իրենց անկատար երազանքներն ի կատար ածեցին իրենց ծոռնիկների երեխաները։ Եվ այսօր մենք Արցախում ենք նաև մեր պապերի փոխարեն, ինչը հպարտության հետ մեկտեղ նաև պարտավորեցնող է։ Եվ մենք պարտքի մեծ գիտակցումով շարունակելու ենք մեր նպաստը բերել ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում,- ասաց Գ. Բաղդասարյանը հիշատակելով հոր խոսքերը, որ յուրաքանչյուր սփյուռքահայ պետք է իր նպաստի բերի Արցախը ոտքի կանգնեցնելու և շենացնելու համար։ Թերևս 22 տարի անց կրկին գտնվելով Արցախում նրանք համոզվեցին, ինչու չէ նաև զարմացան, թե որքան հաջողություններ են ամրագրվել Արցախում, և այժմ պետք է շարունակենք ընթանալ այն ուղիղ ճանապարհով, որի երթն արդեն իսկ սկսված է և հասնենք այն հանգրվանին, որ Արցախն ու Հայաստանը դառնան երկրագնդի ամենալավ վայրերից մեկը։ Գևիկ Բաղդասարյանը Բաղդասարյանների գերդաստանի անունից երախտագիտություն հայտնեց բոլոր այն ընտանիքներին, որոնց հարազատներն իրենց կյանքի գնով պաշտպանել են Արցախի և Հայաստանի ազատությունն ու անկախությունը։ -Հայկական լեռնաշխարհի ամեն մի փոքրիկ անկյունում մեր անմահ հերոսների հիշատակին հուշարձաններ են կանգնեցված։ Մեր հերոս տղաներն ամենաթանկ են նվիրել Հայրենիքին, ինչը և ոչ մի բանով չենք կարող փոխհատուցել։ Եվ եթե այսօր կարողանում ենք փոքր ինչ թեթևացնել ձեր հոգսերը, մենք դա մեր պարտականությունն ենք համարում,- ասաց Գ. Բաղդասարյանը, շնորհակալություն հայտնելով §Հայաստան¦ համահայկական հիմնադրամին և Արցախի կառավարությանը, որ նրանց հնարավորություն են ընձեռել իրենց սիրասուն հոր երազանքն իրականություն դարձնելու համար։ Կարմիր ժապավենը կտրելու պատվավոր առաքելությունը տրվեց տիկին Հիլդա Բաղդասարյանին և Քռասնու համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանին։ Ապա տեղի ունեցավ Հակոպ Բաղդասարյանի հուշաքարի բացման պատվավոր արարողությունը։ Այսուհետ համայնքային կենտրոն մուտք գործող յուրաքանչյուր հայի իր անչափ բարի ու լուսաշող հայացքով կդիմավորի մեծ հայրենասերն ու իսկական հայը, ով ապրելով ու արարելով օտար ափերում երբևիցէ չմոռացավ իր արմատները, ապրեց արժանապատիվ կյանքով՝ երկու զավակներին պատգամելով շարունակել իր պատվաբեր գործը։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կատարեց նորակառույց համայնքային կենտրոնի շենքի օրծման արարողակարգ։ Հնչեց Տերունական աղոթքը, ապա՝ գոհունակության խոսքեր բարերարների հասցեին։ - Վստահ եմ, որ այս համայնքային կենտրոնն իր օրհնությունը կտա քռասնեցիներին։ Հակոպ Բաղդասարյանը բարի մարդ էր, որի շուրջբոլորը բարություն էր շողշողում, քանզի հայրենասեր, ազգասեր և մարդասեր էր։ Թող Աստված նրա հոգին լուսավորի։ Մենք նրա հիշատակը միշտ վառ ենք պահելու և միշտ մեր աղոթքներում հիշատակելու ենք Բաղդասարյանների ընտանիքին,- ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Ներկաները շրջեցին նորակերտ համայնքային կենտրոնում, ծանոթացան կատարված աշխատանքներին։ Անչափ հուզումնալից էր Հիլդա Բաղդասարյանի սրտի խոսքը, որտեղ միախառնվել էին տխրությունը, ուրախությունն ու հպարտությունը։ Տխուր են, որ այս ամենի ականատեսը չէ նաև գերդաստանի հայրը՝ պարոն Հակոպը, միաժամանակ հպարտ, որ կարողացել են իրականացնել մեծ ազգասերի պատգամը։ Ինչպես նշեց տիկին Հիլդան, նրանք մշտապես լինելու են §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի կողքին և մշտապես հանդես են գալու նորանոր ծրագրերով՝ կլինի դա համայնքային կենտրոնի կառուցում, թե բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիր։ -Ուրախ և հպարտ եմ, որ կարողացել ենք ամուսնուս վաղեմի երազանքն իրականություն դարձնել։ Փառք Աստծո, որ նման հայրենասեր զավակներ ունենք, ովքեր մշտապես լսել են իրենց հոր խոսքն ու քաջալերանքը, և այսօր պատվով շարունակում են իրենց հոր գործը, -ասաց տիկին Հիլդան։ Բաղդասարյանների ընտանիքը համայնքային կենտրոնի բացմանը դատարկաձեռն չէր եկել։ Դպրոցականների համար նրանք գրենական պիտույքներ էին նվեր բերել։ Գևիկ և Պիտեր Բաղդասարյանները մեծացել են հայկական ավանդապաշտ մի ընտանիքում, որտեղ հայրենասիրությունն ու ազգային արժեքները վեր էին ամեն ինչից։ Ամուսիններ Հակոպ և Հիլդա Բաղդասարյանների հայրենասիրական նկրտումներով հասակ առած եղբայրներն Արցախում էին իրենց ընտանիքների և զավակների՝ Ջոնի, Մայքլի, Էնթնիի, Ջորջի և Ջաքի հետ։ Փոքրիկներն արդեն իսկ գիտակցում են իրենց Արցախում գտնվելու վեհ առաքելության կարևորությունը։ Նրանց մաքուր հայերենով խոսքն ապացույցն էր այն բանի, որ ժամանակն ու տարածությունն ի զորու չեն կասեցնելու հայի անպարտելի հոգու ընթացքը։Տղաներն առաջին անգամ էին Արցախում և հպարտ էին այստեղ գտնվելու համար։ Արցախը, նրա գեղատեսիլ բնությունը ողջ հմայքով գերել էր փոքրիկներին։ Նրանք խոստացան իրենց պապերի արժանի հետնորդները լինել։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
|