ԱՂԴԱՄՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿԱԿԵՏԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄԸ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ
23.07.2018 14:04

Վերջին տարիներին հետաքրքիր բացահայտումներ արած Արցախի Տիգրանակերտի պեղումներն Ադրբեջան-ԼՂՀ հակամարտության ռազմական փուլի նշանավոր ռազմագործողություններից մեկը` Աղդամի վտանգավոր կրակակետերի վնասազերծումը նորովի իմաստավորելու անհրաժեշտություն են առաջացրել:

Աղդամի ազատագրման ռազմաքաղաքական տեսանկյունները պատմագրության մեջ քննության են առնվել: Սակայն, ինչքան մեզ է հայտնի, առաջին անգամ մենք ենք դիտարկել այդ ռազմագործողության նշանակությունն Արցախում ռազմական շինարարության համար, ուստի թեմայի գիտական նորույթը կայանում է հիմնահարցի նման դրվածքի և նորահայտ վավերագրեր շրջանառելու մեջ: Վերստին թեմային անդրադառնալու անհրաժեշտությունն առաջացել է Արցախյան պատերազմի և բանակաշինության համար կարևոր նշանակություն ունեցած այդ հաղթական իրադարձության 25-ամյա հոբելյանի ու նյութի լրամշակված տարբերակն ընթերցողին ներկայացնելու ցանկության կապակցությամբ: Հայտնի է, որ ժամանակակից Ակնայի տարածքն ընդհուպ մինչև XVIII դարի երկրորդ կեսն անբնակ էր: Ճանապարհորդ Ի. Սեգալն Աղդամ քաղաքի հիմնադրումը թվագրում է XVIII դարի երկրորդ կեսով և կապում է Ղարաբաղի խանության գոյության հետ: Հիմք ընդունելով մահմեդական բնակչության պատմությունները` նա նշել է, որ այդ տարածքը եղել է Փանահ խանի սիրելի որսավայրը և հարուստ է եղել վայրի կենդանիներով: Իբր նույն խանը իր ժամանակավոր կեցության համար քարե տուն է կառուցել, իսկ նրա մոտ, որսի կարիքների համար` փոքր հյուղակ, որը ներկվել է կրաջրով: Դրանից էլ տեղանքը իբր կոչվել է աղ-դամ (սպիտակ հյուղակ): Սակայն այս պարզունակ հորինվածքը, ինչպես Արցախի մյուս բնակավայրերի անունների խեղաթյուրման պարագայում, որևէ հավատ չի ներշնչում: Տարածքը բնակեցնելու համար Փանահ խանը Ղարադաղից իր մոտ ծառայության է հրավիրել մի քանի ընտանիքների, հարկադրելով զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ: Ժամանակի ընթացքում Աղդամն ընդարձակվեց Պարսկաստանից եկվորների նորանոր խմբերի հաշվին, վերածվելով մեծ գյուղի` մեծ տարածության վրա իրարից հեռու գյուղակների բաժանված: Դա, թերևս, վերաբերում է 1805 թ., երբ Աղդամն արդեն հիշատակվում է որպես §մեծ գյուղ¦:  §Աղդամը բաժանված էր մի քանի ինքնուրույն գյուղերի, որոնցից հետագայում կազմավորվել է Աղդամի գյուղական հասարակությունը¦:

Նույն Սեգալի վկայությամբ` Աղդամի հռչակավոր շուկան, որտեղ մեծ դերակատարություն ունեին շուշեցի վաճառականներն ու արհեստավորները, գոյություն ուներ 1867 թվականից: Ադրբեջանցի ուսումնասիրողի կարծիքով` 1868-70-ական թթ. գյուղում կառուցվել է մզկիթ: 1886 թ. Աղդամի բնակչությունը կազմել է 99 տուն (458 շունչ), իսկ 1914-ին` 260 շունչ: Խորհրդային իշխանության օրոք Աղդամը` որպես համանուն շրջանի կենտրոնի, վերածվել է քաղաքատիպ ավանի (1930 թվականից):

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշել է, որ 1980-ական թվականներին քաղաքի կենտրոնական մասում, մարզադաշտի հարևանությամբ, տեղի իշխանությունների կողմից հիմնադրվել է թանգարան, որտեղ շրջանի պատմական վայրերից հավաքվել են ամենատարբեր հնություններ և, մեծամասամբ, հայ բնակչության գործունեության և ստեղծած մշակութային արժեքների նմուշներ: Այդ թվում հուշարձանագետը հատկանշել է Վանքասարի եկեղեցուց μերված գեղեցիկ սպիտակ խաչքարը, որի գոյության մասին վկայել է Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը. §Այդ խաչքարը պահպանվել է. եզրերը ջարդված են: Չափսերը` 136 x 80 սմ¦:

XX դարում Աղդամը հաճախակի էր դառնում հակահայկական գործողությունների ու բռնարարքների կենտրոն: Իսկ 1918-20 և 1988-1993 թթ. վերածվել էր Արցախի դեմ ագրեսիայի μացահայտ կենտրոնի: Մենք արդեն առիթներ ունեցել ենք հատկանշելու, որ Աղդամի կրակակետերի ճնշումն անհրաժեշտ էր մեր ժողովրդի պատմական հիշողության, ապա և Արցախի ինքնապաշտպանության ուժերի(ԻՊՈՒ) ռազմավարական ու օպերատիվ-մարտավարական խնդիրների թելադրանքով: Հիրավի, Աղդամն Արցախի դեմ հակառակորդի ռազմական գլխավոր ու ամենավտանգավոր հենադաշտն էր, որտեղից մշտական սպառնալիքի տակ էին պահվում ԼՂՀ-ի արևելյան եզրերը, սահմանամերձ բնակավայրերը, այդ թվում` Ասկերանը, ինչպես նաև մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանցի ռազմավարները Աղդամը համարել են Ստեփանակերտ ներխուժելու ամենակարճ ճանապարհը: Պատահական չէ, որ Արցախի դեմ առաջին բացահայտ նախահարձակ գործողությունը 1988 թ. փետրվարի 22-ին ձեռնարկվել է հենց Աղդամից` Ասկերանի վրա բազմահազարանոց ամμոխի արտագրոհներով: Իսկ դրանից յոթ տասնամյակ առաջ, 1918 թ. սեպտեմμերին, Աղդամից, տեղի մահմեդականների անկանոն զինված կազմավորումների աջակցությամμ, թուրքական բանակը ներխուժել է Արցախ և յուրահատուկ բարբարոսությամբ ավերել Խաչենի ու Վարանդայի շրջանների սահմանամերձ բնակավայրերը, ապա նաև` մտնել Շուշի քաղաքը: Իսկ 1920 թ. մարտ-ապրիլ ամիսներին մուսավաթական Ադրբեջանի զինված ուժերը և զինված խառնամբոխը հենց Աղդամից Ասկերանի վրայով ներխուժեցին Արցախ, երկրամասի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը հաստատելու նպատակով: XX դարի 60-ական թվականների հայտնի դեպքերի ժամանակ ևս աղդամցիները փորձեցին «պատժել» հայերին… Ինչպես հայտնի է` խորհրդային իշխանության տարիներին Աղդամը երբեք բաց չի թողել հակահայկականությամբ ու ագրեսիվությամբ առանձնանալու առիթը: 1991 թ. վերջերին և 1992 թ. ողջ ընթացքում ադրμեջանական զինված կազմավորումներն Աղդամից բազմիցս փորձեցին ճեղքել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի արևելյան բնագծերը, բայց ամեն անգամ հետ շպրտվեցին, անգամ ժամանակավոր հաջողություններից հետո: Հնարավոր չէ առանց սոսկումի հիշել Աղդամում տեղակայված կրակակետերից ԼՂՀ խաղաղ μնակավայրերի և Ստեփանակերտի բարբμարոսական հրթիռակոծությունները, արկ ու հրթիռի պայթյուններից երեխաների ու կանանց քրքրված մարմինները... Թվում էր, թե Աղդամի պատճառով ստեղծված դժոխքին վերջ չկա, սակայն Արցախի անձնվեր պաշտպանները գնացին շատերին աննախադեպ թվացող համարձակ քայլի` վնասազերծեցին Աղդամի կրակակետերը և ռազմական հենակետը:

Նոր ծավալներ ու չափեր ընդունող, ինչպես նաև արդիական զինատեսակների կիրառմամբ ընթացող պատերազմի տրամաբանությունը գալիս էր փաստելու, որ Ադրբեջանի տենդագին նախապատրաստությունները, սպառազինության ու կենդանի ուժի բազմապատկումը նպատակաուղղված են ԼՂՀ-ի դեմ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսմանը, հետևաբար` անհրաժեշտ էր հակառակորդին նախօրոք զրկել այնպիսի կարևոր ռազմավարական հենադաշտից, ինչպիսին Աղդամն էր, ինչը հնարավորություն կընձեռեր գոնե Ասկերան-Ստեփանակերտ ուղղությունում սահմանափակելու ադրբեջանցիների դիրքային առավելությունը, ի դերև հանելու ամենակարճ ճանապարհով հանրապետության մայրաքաղաք հասնելու հակառակորդի հույսերը: ԻՊՈՒ ռազմավարական և օպերատիվ-մարտավարական խնդիրները թելադրում էին իրականացնել Աղդամի հենադաշտի վնասազերծումը, ինչը կարող էր վճռական բեկում մտցնել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում: Բնականաբար, լավ հասկանալով այդ ռազմագործողության կարևորությունը, Ինքնապաշտպանության կոմիտեն (ԻՊԿ) լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացրեց ինչպես կազմակերպական-հաստիքային բարելավումների, այնպես էլ զորքերի խմբավորման ու լրահամալրման, սպառազինման ու նպաստավոր բնագծերի տիրելու առումներով:

Հետադարձ հայացք ձգելով Աղդամի ռազմագործողության վրա, վերհիշելով դրա անցկացման անհրաժեշտությունն ու նշանակությունը, կարող ենք պատմական ֆոն ապահովել բանակաշինության այդ շրջադարձային փուլը պատկերացնելու համար:

1993 թ. հուլիսի 4-ին սկսված ռազմական օպերացիան պսակվեց հաջողությամբ և հուլիսի 23-ին Աղդամն անցավ ԼՂՀ ԻՊՈՒ-ի վերահսկողության տակ` շնորհիվ հարավից Մարտունիի ՊՇ-ի, հարավ-արևմուտքից Ասկերանի ՊՇ-ի և հյուսիս-արևմուտքից Կենտրոնական պաշտպանական շրջանի, ինչպես նաև այլ ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունների: Արդյունքում վերացավ Ստեփանակերտի գլխին դամոկլյան սրի պես կախված մահացու վտանգը, մայրաքաղաքի ու շրջակա գյուղերի բնակիչներն ի վերջո ազատ շունչ քաշեցին: Հակառակորդին հասցվեց ռազմական ու բարոյահոգեբանական խորտակիչ հարված: Աղդամը հաղորդակցության ուղիների կարևոր հանգույց էր, որից հակառակորդին զրկելը կաթվածահար արեց ոչ միայն ԼՂՀ արևելյան, այլև հարավային սահմանների երկայնքով կենտրոնացված խմբավորումների նախահարձակ գործողությունները և նրանց թիկունքային ապահովումը: Պատահական չէր, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջապես տեղի տվեց և դիմեց ԼՂՀ ղեկավարությանը` կրակի դադարեցման խնդրանքով, ինչը հնարավորություն կտար շշմեցուցիչ հարվածից ու խայտառակ պարտությունից ուշքի գալ և լուծել Աղդամի հենադաշտի կորստին անխուսափելիորեն հետևած բազմաթիվ հիմնախնդիրներ... Արցախի ինքնապաշտպանության ուժերը տիրեցին նպաստավոր բնագծերի ու ռազմավարական առումով շահավետ դիրքերի, ստեղծելով ԼՂՀ-ի շուրջ, մանավանդ` նրա կենտրոնի համար, կենսականորեն անհրաժեշտ անվտանգության գոտի: Միով բանիվ, Աղդամի ազատագրումը, որով խորտակվեց Ադրբեջանի բարոյահոգեբանական ամրոցը, պատմական անհրաժեշտություն էր և թելադրված էր ԻՊՈՒ-ի ռազմավարական ու օպերատիվ-մարտավարական խնդիրներից: Արցախի հայ ազգաբնակչությունը Շուշիից հետո, թերևս, մեկ էլ Աղդամի պարագայում այլընտրանք չուներ, բացի ագրեսիայի այդ մշտական աղբյուրը վերացնելուց...

Վերլուծելով Աղդամի ռազմագործողության ընթացքում և դրան հաջորդած իրադարձությունները, կարելի է հանգել այն եզրակացությանը, որ այդ կարևոր հաղթանակը խթանել է մարտական բարդ խնդիրների կատարմամբ ուղեկցվող բանակաշինության գործընթացին հրամանատարների արհեստավարժության բարձրացման, նրանց գործառութային պարտականությունների իմացության ու արդյունավետ կիրառման, ենթակա ստորաբաժանումների ու անձնակազմի գործողությունների ներդաշնակման, առաջադրված բարդ խնդիրների լուծման և այլ առումներով:

Աղդամի ռազմագործողության ժամանակ ԻՊՈՒ ստորաբաժանումների ու զորատեսակների հրամանատարների մասնագիտական աճի և զորքերի ղեկավարման ու մարտավարության կատարելագործման փաստը նշվել է նաև հրամանատարության կողմից: Ինչպես Պաշտպանության բանակի հրամանատարի` «1993 թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ինքնապաշտպանության ուժերի մարտական գործողությունների արդյունքների մասին» հրամանում է արձանագրված` Աղդամի ռազմագործողության նախապատրաստման ու անցկացման գործում մեծ ավանդ ունեցան Ասկերանի, Մարտունու և Կենտրոնական ՊՇ-ների, ինչպես նաև կենտրոնական ենթակայության հրետանավորները, որոնք գործեցին հմտորեն ու գրագետ, դրանով իսկ նպաստելով հաջողությանը: Մշտապես զգալով ռազմամթերքի պակաս, հրետանավորները կարողացան հասնել առավելագույնին, շնորհիվ ճշգրիտ հասցված կրակային հարվածների և առկա միջոցների արդյունավետ օգտագործման: Հրամանատարների և շտաբների կազմակերպական մեծ աշխատանքի, մարտական գործողությունների փորձի կուտակման, մարտիկների զանգվածային հերոսության և անձնվիրության շնորհիվ Աղդամի ռազմագործողությունը հաջողվեց անցկացնել նվազագույն կարճ ժամկետում և ռազմաճակատի այս հատվածում ավարտել հակառակորդի լրիվ ջախջախումը:

Փոխգնդապետ Տիգրան Դևրիկյանը ևս համամիտ է, որ Աղդամի ռազմագործողությունը պլանավորման, կրակի կառավարման, կրակային խոցման ասպարեզներում ոչ միայն կենտրոնական ենթակայության, այլև գնդային հրետանու բարձր մակարդակի հասնելու վկայությունն էր:

Աղդամի ռազմագործողությունը ոգևորիչ ազդեցություն ունեցավ Արցախի ԻՊՈՒ մարտիկների վրա, բարձրացնելով նրանց մարտական ոգին և ամրապնդելով հավատը սեփական ուժերի նկատմամբ: Հրամանատարները ձեռք բերեցին մարտավարական հմտություններ և զորքերը ղեկավարելու փորձ: Հակառակորդից առգրավված մեծաքանակ սպառազինությունը և տեխնիկան նշանակալիորեն համալրեցին ԻՊՈՒ զինանոցը: Այս ամենը, եթե հավելենք նաև Աղդամի վնասազերծումից ու ներքաղաքական հերթական լարվածությունից հետո Ադրբեջանին թեկուզ և կարճատև հրադադարի պարտադրումը, բնականաբար, բարենպաստ պայմաններ ստեղծեցին անհետաձգելի քայլեր ձեռնարկելու զորքերի մարտունակության, կարգապահության և, իհարկե, նոր վերահսկողության տակ առնված բնագծերում ամրապնդվելու ուղղությամբ:

Մասնավորապես, ինչպես նշված է վերոհիշյալ հրամանում, հուլիս-օգոստոսյան մարտական գործողություններում, ընդհանուր առմամբ, բոլոր ծառայություններն ու զորատեսակները հանդես բերեցին բավականին բարձր մակարդակ: Նկատելի էր շտաբներում աշխատանքի ոճի ու մեթոդների կատարելագործման միտում, շտաբայինների բարձր պատասխանատվություն և իրենց մասնագիտության մեջ հմտանալու ձգտում: Մեծ առաջընթաց է նկատվել մարտական գործողությունների առավել հիմնավոր նախապատրաստման ու պլանավորման ուղղությամբ:

Հուլիսի երկրորդ կեսին ԼՂՀ ԻՊԿ շտաբը տեղափոխվել է նոր շենք: Հիմնականում ավարտվել են ծառայությունների տեղավորումը, որոնք անցել են բնականոն գործունեության: Շտաբի նախկին շենքում տեղավորվեց ԼՂՀ արտաքին գործերի նորաստեղծ նախարարությունը, փաստորեն, ստանձնելով ռազմական հաղթանակները դիվանագիտական ճակատում ամրապնդելու էստաֆետը:

Թեև դրականորեն են նշվել Աղդամի ռազմագործողության ժամանակ մեկական ինքնաթիռ և ուղղաթիռ ցած գցելու, ինչպես նաև ՀՕՊ տեխնիկայի մի շարք վերանորոգողական-կանխարգելիչ աշխատանքների, մասնավորապես` ԲՄ-11 և ԲՄ-12 մեքենաների վերանորոգման ու մյուս սարքերի և համակարգերի անսարքությունների վերացման հաջողությունները, միաժամանակ, բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղի բարդ մակերևույթի պայմաններում տարբեր համակարգերի նորմալ գործունեության կարգավորման, փոխգործակցության ու փոխհամալրման ուղղությամբ մեծածավալ աշխատանք տանելու անհրաժեշտության մասին: Մանավանդ, որ հենց այդ թերություններով էին պայմանավորված հակառակորդի ՌՕՈՒ հանկարծակի ու անպատիժ հարձակումները, որոնք ուղեկցվում էին խաղաղ քաղաքների, գյուղերի ու ԻՊՈՒ դիրքերի ռմբակործանիչ հարվածներով:

Զգալի աշխատանքներ են կատարվել ինժեներական ծառայության գծով: Հաջողվել է նվազեցնել սեփական ու հակառակորդի ականների վրա կորուստներ կրելու դեպքերը, թեև եղածն էլ ոչ մի արդարացում չուներ: Աղդամի ռազմագործողության նախապատրաստման և բուն ընթացքի ժամանակ թույլ տրված սխալները հաշվի առնելով` խնդիր էր դրվում ընդլայնել կանխարգելիչ միջոցառումներն ու նախազգուշացումները, ինչպես նաև ականների որոնման ու ոչնչացման աշխատանքները:

Միաժամանակ արձանագրվել են ականազերծման մեծածավալ աշխատանքները Շելլի-Աղդամ, Մուղանլու-Աղդամ, Աղդամ-Գյոյթեփե ուղղություններով, ինչպես նաև §Պուշկեն-յալ¦-Փափրավենդ-Շահբուլաղ տեղամասում և Աղդամի օդանավակայանի շրջանում: «Դրանից μացի այստեղ,- նշված է հրամանում,- սարքավորվել են երկարաժամկետ կրակակետեր և կրակային դիրքեր: Տարբեր ուղղություններով կարգի են բերվում և բացվում են ճանապարհներ զրահատեխնիկայի համար»:

Աղդամի կրակակետերի ճնշումը, հակառակորդին ստիպելով մի առ ժամանակ դադարեցնել մարտական գործողությունները, հնարավորություն տվեց ի հակակշիռ Ադրբեջանի ռազմական նախապատրաստությունների, ավելի մեծ ուշադրություն հատկացնել μանակաշինության գործընթացին: ԻՊԿ նախագահի 1993 թ. հուլիսի 28-ի հրամանով հրահանգվում էր ուժեղացնել ռազմաճակատի պաշտպանական համակարգը, շեշտադրելով հատկապես Աղդամի շրջանում անհետաձգելի միջոցառումները: Այսպես, 3-րդ ՊՇ-ը խնդիր ստացավ զրահատեխնիկայով ու հրետանիով ուժեղացված ստորաբաժանումներով պաշտպանությունն ամրապնդել Գյոյթափա-Աղդամ բնագծում` հակառակորդի ճեղքման փորձերը հետ մղելու նպատակով: Հրամայվում էր պատրաստականության բերել ՊՇ-ի հրետանին, հակատանկային ռեզերվը, հրաձիգ-հակաօդայիններին, բարձրացնել համազորային պահեստազորի մարտական պատրաստականությունը հանկարծահաս խնդիրների լուծման համար: Անշուշտ, նման միջոցներ ձեռնարկվեցին նաև մյուս պաշտպանական շրջաններում: Առանձնապես հստակեցվեցին ու վերանայվեցին նրանց օպերատիվ-մարտավարական խնդիրները, քայլեր ձեռնարկվեցին հարևան ստորաբաժանումների միջև փոխգործակցության և նրանց պաշտպանական հատվածների ամրաշինական կառույցների կատարելագործման, ռազմագործողություններում շրջանային ուժերի ու միջոցների, պահեստազորի նպատակային օգտագործման ուղղությամբ: Ռազմական տեխնիկայով ու սպառազինությամբ համալրումը, թեև հիմնականում կատարվում էր հակառակորդից առգրավված ռազմավարի միջոցով, բայց բավարարում էր ընթացիկ խնդիրների լուծման պահանջները: Այս ձեռնարկումները, կազմելով 1992 թ. օգոստոսի 14-ին սկիզբ առած Արցախի ինքնապաշտպանության ուժերը բանակային կառույցների վերակազմակերպման գործընթացի բաղկացուցիչ մասը, եզրափակվեցին ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի(ՊՊԿ) 1993 թ. Ýոյեմբերի 10-ի համապատասխան որոշմամբ: ԻՊՈՒ համոզիչ հաղթանակները ռազմաճակատներում, անվտանգության գոտու ստեղծումը ԼՂՀ շուրջ լուրջ հիմքեր էին միջազգային իրավական չափանիշներին համապատասխանող կանոնավոր զինված ուժեր ստեղծելու համար, ինչը պայմանավորված էր նաև պատերազմի բնույթով ու ծավալների ընդլայնմամբ, ինչպես նաև մարտական նոր ու ավելի բարդ խնդիրների առաջադրմամբ: Այդ որոշմամμ ՊԲ հրամանատարությանը հանձնարարվել է սեղմ ժամկետում ՊՊԿ հաստատմանը ներկայացնել Պաշտպանության բանակի կառուցվածքը: Այն ներկայացվեց ու ՊՊԿ նախագահի կողմից հաստատվեց 1994 թ. հունվարի 4-ին:

Այսպիսով, Աղդամի ռազմահենադաշտի վնասազերծումն ունեցավ ոչ միայն ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, այլ նաև դրականորեն ազդեց Արցախում ռազմական շինարարության գործընթացի վրա, նպաստելով ինքնապաշտպանության ուժերը ժամանակակից բանակային կառուցվածքի փոխակերպելուն, ինչը կանխորոշեց 1993-1994 թթ. ձմեռային ռազմարշավի ծանր պաշտպանական մարտերի, ապա և ՊԲ հակահարձակողական գործողությունների հաջողությունը:

 

ՄՀԵՐ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, <<Կաճառ>> գիտական կենտրոնի ղեկավար,

պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter