ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է
20.07.2018 12:09

Ասկերանի շրջանում սանիտարա-համաճարակային հսկողությունը վերահսկվում է համաճարակաբանության և հիգիենայի Ասկերանի շրջանային բաժնի կողմից: Ինչպես մեզ տեղեկացրեց բաժնի պետի պաշտոնակատար Համլետ Աղաբալյանը, վերահսկողությունը կատարվում է պատշաճ մակարդակով և ամենայն պատասխանատվությամբ:

Բաժինը տանում է աշխատանքներ սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման համաճարակային իրավիճակի բարելավման համար: 2018 թվականի հունվարից առ այսօր վարակիչ հիվանդությունների իրավիճակը կայուն է:  Բոլոր նման հիվանդությունների օջախներում կատարվել են ընթացիկ և եզրափակիչ ախտահանման աշխատանքներ: Բացի այդ աշխատանքներից, ամառային շրջանին ընդառաջ բաժնի կողմից մշակվել են առանձնակի միջոցառումներ, իրականացվել է հսկողություն հանրային սննդի, սննդի արդյունաբերության, առևտրի օբյեկտների նկատմամբ: Մեծ ուշադրություն է դարձվում առևտրի օբյեկտներում սանիտարական կանոնների պահպանման դրվածքին, սննդամթերքի փաթեթավորման, պիտակավորման և դասավորվածության, ինչպես նաև աշխատողների արտահագուստի, նրանց առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բուժզննման վրա: Կրկնակի ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերված թերությունները մեծամասամբ շտկվում և կարգավորվում են:

Համլետ Աղաբալյանի խոսքով բաժնի աշխատողները պարբերաբար հաճախում են համայնքները, ստուգում սանիտարական վիճակը և լաբորատոր հետազոտությունների համար վերցնում ջրի նմուշներ: Բոլոր համայնքների ղեկավարները տեղեկացվում են այդ հետազոտությունների արդյունքների մասին :

Կազմակերպվել է Ասկերան քաղաքի և գյուղական համայնքների ջրատար ցանցի և ջրավազանների լվացում և ախտահանում: Իրագործված միջոցառումների արդյունքում սուր աղիքային ինֆեկցիաների քանակը նախորդ տարիների հետ համեմատած նվազել է 10 տոկոսով:

Բաժնի լաբորատորիայի կողմից իրականացվում են անհրաժեշտ ծավալի մանրէաբանական, քիմիական և մակաբուծաբանական հետազոտություններ: 2018 թվականի հունվարից մինչև այսօր հետազոտության համար վերցվել է ջրի 238 նմուշներ, որից 148-ը՝ գյուղական բնակավայրերից, 10-ը՝ լողավազաններից և 80-ը՝ գործող տարբեր օբյեկտներից: Մանրէաբանական ցուցանիշներով 47-ը չէր համապատասխանում հիգիենիկ նորմերին: Խնդիրը կայանում է նրանում, որ որոշ համայնքներում ջրի ակունքը գտնվում է բաց վիճակում, չկա սան-պահպանիչ, հոսքաջրերը խառնվում են խմելու ջրին, հոսում են մինչև ջրամբար, որի լվացումը և վարակազերծումը տվյալ պարագայում ցանկալի արդյունք չի տալիս: Բաժնի կողմից նաև բացատրական աշխատանքներ են տարվում բնակչության շրջանում՝ նրանց ուշադրությունը սևեռելով աղբի և կեղտաջրերի համապատասխան աղբանոցներում թափելու վերաբերյալ:

Ընթացիկ տարում շրջանի համայնքների տարածքներում սանիտարական մաքրման և բարեկարգման միջոցառումներ են կազմակերպվել, որի ավարտից  հետո բաժնի կողմից կատարվել է շրջայց և անց է կացվել առողջ ապրելակերպի քարոզչություն:

Համլետ Աղաբալյանը նշեց նաև, որ ամառային օրերին ավելի է խստացվում բաժնի կողմից իրականացվող վերահսկողությունը շրջանի սանիտարական կանոնների պահպանման ուղղությամբ:

Համաճարակաբանության և հիգիենայի Ասկերանի շրջանային բաժինը սերտ համագործակցում է շրջանի բոլոր համայնքների ղեկավարների, Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ-ի  և շրջանում գործող հիմնարկ-ձեռնարկությունների հետ:

Ինչ խոսք, մեզանից յուրաքանչյուրը երազում է ունենալ մաքուր, բարեկարգ և գեղեցիկ շրջապատ: Հենց նման միջավայրում մենք կարող ենք մեզ զգալ այս չքնաղ երկրի տերն ու տիրակալը: Ուստի, ուշադրության կենտրոնում պահենք համայնքների տարածքների մաքրության պահպանման կարևոր գործընթացը, շարժվենք սրտացավորեն, գնահատենք մեր ունեցածը և լրջորեն մտածենք այն պահելու մասին…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter