ԱՐԺԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԿԵՂԾ ՀԱՐԳԱՆՔԻՆ ՈՒ ՍԻՐՈՒՆ… |
10.07.2018 12:34 |
Ասկերանի ՇԲՄ-ում իր բուժոգնությունը բարձր մակարդակով է իրականացնում ողջ բուժանձնակազմը՝ գլխավոր բժիշկ Գոհար Հակոբջանյանի գլխավորությամբ: Այստեղ հիվանդները ստանում են պատրաստակամ, բարեգութ վերաբերմունք, իսկ բուժաշխատողները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի հիվանդների հետ ստեղծեն փոխադարձ հարաբերություն՝ բարձրացնելով նրանց վստահությունն իրենց հանդեպ: Այս անգամ իմ հարցազրույցն Ասկերանի շրջբուժմիավորման գաստրոէնթերոլոգ Արևիկ Թունյանի հետ էր: -Տիկին Թունյան, ինչո՞ւ ընտրեցիք հենց բժշկի բարդ ու դժվարին մասնագիտությունը: -Դեռևս վաղ տարիքից էի ընտրել այդ մասնագիտությունը: Երբ տեսնում էի որևէ մեկին անօգնական և տկար վիճակում, անպայման փորձում էի որևէ կերպ օգտակար լինել, և հենց այդ պատրաստակամության զգացումն իմ մեջ ծնեց սեր դեպի բժշկությունն ու բժիշկ դառնալու ցանկությունը: Գիտեի, որ բժիշկ դառնալու համար նախ և առաջ պետք է ունենալ մեծ սեր մասնագիտության հանդեպ, աշխատասիրություն և համբերություն: Փոքրուց ցանկությունս այնքան մեծ էր, որ այն իրականություն դարձրեցի և այսօր շատ հպարտ եմ դրանով: -Ըստ Ձեզ ինչպիսի՞ մարդկային հատկանիշներով պետք է օժտված լինի բժիշկը, որոնք եք դուք կարևորում: -Բժիշկի մասնագիտությունն ամենամարդասիրական մասնագիտությունն է, և յուրաքանչյուր բժիշկ պետք է օժտված լինի ամենավսեմ արժեքներով: Նա պետք է բարեխիղճ, սրտացավ և հիվանդի հանդեպ շատ ուշադիր լինի, ունենա կատարյալին հասնելու ձգտում: Այսօր հաջողության հասած մասնագետին անհրաժեշտ է, որ նա լինի նախաձեռնող, տիրապետի առողջապահության բնագավառում առկա օրենքներին, իրականացնի հանրօգուտ ծրագրեր, ունենա հանրության հետ շփման ունակություններ, լինի լավ հոգեբան: Կարևոր է նաև յուրաքանչյուր հիվանդի հետ ունենալ յուրովի մոտեցում, քանի որ հենց դրանից է կախված հիվանդի հավատը դեպի բժշկությունը: -Ձեր բուժած հիվանդներից շատերին գիտեմ, հաճախ եմ դրվատանքի խոսքեր լսում ձեր մասին: Համարո՞ւմ եք Ձեզ գնահատված մասնագետ և ի՞նչն է խրախուսում Ձեզ աշխատանքում: -Երբ տեսնում եմ իմ հիվանդի շնորհակալ հայացքը, դա վեր է ցանկացած տեսակի պարգևներից: Կա այսպիսի արտահայտություն. <<Մինչդեռ դու զննում ես հիվանդին, նա զննում է քեզ>>: Հետևաբար, միշտ աշխատում եմ հնարավորինս լինել զգոն և համակ ուշադրությամբ վերաբերվել հիվանդին: Երբեք չեմ զգացել անվստահության մթնոլորտ իմ ու հիվանդիս միջև և որևէ հատուկ կամ արտառոց հնարք չեմ կիրառել, որպեսզի վայելեմ վստահություն կամ արժանանամ դրան: Ասեմ, որ օրվա իմ մեծ մասն անցնում է հիվանդանոցում՝ հիվանդների կողքին: Իմ բջջային հեռախոսը միշտ հասանելի է հիվանդների համար: Օրվա ցանկացած պահի, ես կապի մեջ եմ նրանց հետ, լինում են նաև դեպքեր, երբ անհրաժեշտության դեպքում, պարտավորեցնում եմ նույնիսկ գիշերը գալ հիվանդանոց: Մեծ բավականություն եմ ստանում և հոգիս լուսավորվում է, երբ հիվանդները գոհ են մնում ստացած բուժումից: -Ստացվում է, արդյոք, աշխատել և զուգահեռաբար հետամուտ լինել նոր գիտելիքների ձեռքբերմանն ու կատարելագործմանը: -Պետք է նշեմ, որ դա ստացվում է ինքնաբերաբար. երբ հետքրքրված ես քո սիրելի մասնագիտությամբ, երբ ձգտում ես լինել կատարյալ, ցանկանում ես իմանալ ավելին: Ես միշտ հետևում եմ համաշխարհային նորություններին, և դա դարձել է, որպես բժշկի, իմ առօրյա գործունեության անբաժան մասը, քանի որ այլ կերպ հնարավոր չէ ապահովել որակյալ բուժօգնություն: -Բժշկական սխալներից ոչ մի բժիշկ ապահովագրված չէ այս աշխարհում: Ի՞նչ կարծիքի եք… -<<Բժշկական սխալ>> եզրույթ գոյություն չունի: Ոչ պատշաճ գործելակարգը կամ անփութությունը ներկայացվում է որպես բժշկական սխալ: Նման հարցի մասին խոսելիս պետք է բազմաթիվ գործոններ հաշվի առնել: Մեր հասարակության մեջ տարածված է կարծիք, երբ հիվանդի համար բուժման գործընթացը ցանկալի ելքով չի վերջանում, ապա մեղադրվում է միայն բժիշկը: Դա այդպես չէ: Հասարակության մեջ պետք է սերմանել սեփական առողջության նկատմամբ պատասխանատվություն կրելու և ժամանակին բժշկի դիմելու գաղափար: Շատ դեպքերում հիվանդները բժշկի են դիմում արդեն իսկ բարձիթողի վիճակից հետո և պահանջում հրաշքներ գործել, ինչը ոչ միշտ է իրագործելի դառնում: Հորդորում եմ բոլորին, առողջական որևէ խնդիր լինելու դեպքում, անհապաղ դիմել բժշկի: Գնահատե՛ք ձեր առողջությունը… -Տիկին Թունյան, ՀՀ-ից Արցախ եք տեղափոխվել 2012 թվականից և մշտական աշխատանքի անցել Ասկերանի ՇԲՄ-ում… -Անկեղծորեն ասեմ, որ անչափ սիրեցի Արցախ աշխարհը: Այստեղ ամեն ինչ յուրահատուկ է՝ բնությունը, մարդիկ, ավանդույթները: Արցախցին չափազանց հյուրասեր է, բարի, ազնիվ…Երբ տեղափոխվեցի Ասկերան, անմիջապես հարմարվեցի, ասես այստեղ էի ծնվել ու մեծացել: Ճակատագրի բերումով և Աստծո կամքով Ասկերանում գեղեցիկ ընտանիք կազմեցի, ունեմ երկու որդի, ովքեր մեր Հայրենիքի ապագա զինվորներն են լինելու: Աշխատում եմ առողջ, համերաշխ կոլեկտիվում և ինչպես բոլոր մեր բուժաշխատողները, հույս եմ հայտնում, որ մի օր էլ մենք կունենանք նոր և հարմարավետ հիվանդանոց և կկարողանանք ավելի լավ պայմաններում իրակացանել մեր աշխատանքները: Մեր ժողովրդին խաղաղություն, առողջություն և բարեկեցիկ կյանք եմ մաղթում: Դե ինչ, հանձին բժշկուհի Արևիկ Թունյանի՝ բոլոր բուժաշխատողներին ցանկանանք միշտ մնալ բարձունքի վրա, հասնել նորանոր ձեռքբերումների և շարունակել վայելել հասարակության անկեղծ հարգանքն ու սերը… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |