ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ՕՐԵՐ |
01.08.2018 11:39 |
Արդեն բարի ավանդույթ է դարձել ամառային շրջանում ՀՅԴ ուսանողական միությունների կողմից ճամբարների կազմակերպումը: Տարբեր տեղերից երիտասարդական և ուսանողական միություններից տասնյակ երիտասարդներ այցելում են Արցախ և մի շարք բնակավայրերում երեխաների համար հանգիստ կազմակերպում: Սփյուռքից ժամանող երիտասարդները մեր երեխաների ամառային հանգիստը կարողանում են կազմակերպել բովանդակալից, հետաքրքրաշարժ՝ մատաղ սերնդի մեջ սերմանելով հայրենասիրական վեհ զգացմունքներ և ամրապնդելով նրանց պահանջատիրական ոգին: Անշուշտ, վաղվա սերունդը պետք է քաջ գիտակցի, որ ինքն է լինելու այս երկրի տերն ու պահապանը և պետք է կարողանա իր նպատակների համար պայքարել ու անպայման հասնել դրանց իրականացմանը: Նա պետք է հայ ազգի ձայնը լսելի դարձնի ամբողջ աշխարհում՝ պահանջելով Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչումը: Ճամբարի նպատակը ոչ միայն երեխաների ամառային հանգստի բազմաբովանդակ անցկացումն է, այլև Արցախ-Սփյուռք կապերի, ազգային ավանդույթների ամրապնդումը, նոր ծանոթությունների ստեղծումը և երեխաների մեջ կարգապահություն, պատասխանատվություն և ընկերասիրություն սերմանելը: Հուլիսի 23-ից Լիբանանի և Արցախի Հայ Հեղափոխական Դաշնակցության Երիտասարդական միությունների համատեղ ջանքերով Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում մեկնարկեց ամառային ճամբարը: Ճամբարում ընդգրկված էին 9-16 տարեկան շուրջ 150 երեխաներ, ովքեր ներկայացել էին շրջկենտրոնից և հարակից համայնքներից: Ճամբարականների հետ աշխատում էին Լիբանանից ժամանած 5 երիտասարդներ: Նրանք առաջնորդվում էին հատուկ ծրագրով, որում ընդգրկված էին երգի ուսուցման, հայոց պատմության դասընթացներ: Անց էին կացվում մտային խաղեր, մարզանք և սպորտային մրցույթներ: Առիթներ ունեցա մի քանի անգամ շփվելու հայրենասեր այդ երիտասարդների հետ և ամեն անգամ նորանոր գծեր էի բացահայտում նրանցից յուրաքանչյուրի մոտ: Ընդգծված հայրենասիրություն ունեին այդ երիտասարդները: Քաղցրահնչյուն նրանց արևմտահայերենը հաճելի երանգներ էր հաղորդում մեր զրույցներին: Նրանք պատմում էին իրենց մասին, որտեղ են սովորում, ինչով են զբաղվում և ամեն ինչից վեր էին դասում իրենց հայ լինելը: Ապրել օտար հողում, օտարի կողքին՝ այնքան էլ հեշտ չէ հայի համար: Երբ հարցրեցի, թե ինչ լեզվով են տնեցիները տանը խոսում իրար հետ, տարակուսանքով նայեցին ինձ և պատասխանեցին.<<Հարկավ, հայերե՛ն, որիշ ինչպե՞ս կարելի է>>… Ես տեսնում էի, որ այս երիտասարդների համար Արցախում ամեն ինչ գեղեցիկ էր, հետաքրքիր: Նրանք հասցրել էին լինել տարբեր հիշարժան վայրերում, զմայլվել Արցախի գողտրիկ և չքնաղ բնությամբ, հիանալ արցախցիների հյուրընկալությամբ ու մարդասիրությամբ: Լիբանանի Զավարյան ուսանողական միության անդամներ Կիրո Գարավարդանյանը, Նարե Աղասարգսյանը, Լորի Թաշճյանը, Հրագ Արաբաղյանը և Նժդեհ Պոտրոմյանը աշխատելով ճամբարականների հետ՝ մեծ հիացմունք ապրեցին մեր երեխաներից: Նրանց խոսքով արցախցիների մեջ մեծ է պահանջատիրական ոգին, հայեցի մտածելակերպն ու պատվի խնդիրը… Հուլիսի 27-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում կազմակերպվեց <<Միացյալ Հայաստանն իմ տունն է>> ճամբարի փակման հանդեսը: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչ Ալյոշա Գաբրիելյանը, բաժինների վարիչներ, ասկերանցիներ, հյուրեր: Միջոցառումն սկսվեց Արցախ Հանրապետության և Հայ Հեղափոխական Դաշնակցության օրհներգերով: Մենք ականատեսը եղանք ընդամենը 5 օրերի ընթացքում կազմակերպված համերգի: Բացման խոսքով ներկայացավ խմբի ղեկավար Կիրո Գարավարդանյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց շրջվարչակազմի ղեկավարությանը, Ասկերանի մշակույթի կենտրոնի և Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրինություններին աջակցելու և համագործակցելու համար: Խանդավառված երիտասարդը չէր կարողանում իր հույզերը զսպել, քանզի նա Արցախում էր՝ հարազատ հողի վրա: Ոչ պակաս ոգևորված էին նաև երեխաները: Նրանք ցանկանում էին արդարացնել ավագ ընկերների հույսերը և հանդես գալ պատշաճորեն: Հայրենասիրությամբ լեցուն նրանց երգերը, ասմունքն ու պարերը վկայում էին, որ այս կարճ ժամանակահատվածում երեխաների և Լիբաբանանից ժամանած երիտասարդների մեջ ստեղծվել է սերտ կապ: Այնքա՜ն սրտաբուխ և այնքա՜ն շիտակ էին նրանց ելույթները: Իր սրտի խոսքն ասաց ՀՅԴ Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչ Ալյոշա Գաբրիելյանը. -Անչափ մեծ հպարտություն է պատում հոգիս, երբ տեսնում եմ, թե ինչպիսի սերունդ է դաստիարակվում մեր աչքի առաջ: Մենք՝ ավագ սերունդս կարող ենք վստահ լինել, որ ունենք արժանի հերթափոխ, որոնք ոչնչով չեն զիջում մեզ: Ուրախալի է տեսնել, որ վերջին տարիներին կազմակերպվող ամառային այս ճամբարներին մեծ անհամբերությամբ են սպասում մեր երեխաները՝ միշտ ակնկալելով հետաքրքիր և հաճելի օրեր: Սփյուռքի մեր երիտասարդներն ամբողջ տարին աշխատում են, որպեսզի ամռանը կարողանան գալ Հայաստան ու Արցախ և իրենց նպաստը բերեն մեր Հայրենիքին՝ ավելի ամրապնդելով Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնությունը: Այսօր մենք հանդիսատեսը եղանք հիանալի համերգի և նորից համոզվեցինք, որ միշտ հաղթում է համերաշխությունը, միասնական ուժն ու կամեցողությունը: ՀՅԴ Ասկերանի կոմիտեի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանք, ովքեր ընդառաջել և օգնել են հայրենասեր մեր երիտասարդներին այս ճամբարը կազմակերպելու համար: Ալյոշա Գաբրիելյանի առաջարկով երեխաները միասին շնորհակալություն հայտնեցին Լիբանանի և Արցախի Հայ Հեղափոխական Դաշնակցության Երիտասարդական միությունների երիտասարդներին: Միջոցառման վերջում ներկաները հիացան Նժդեհ Պոտրոմյանի անկրկնելի ձայնով ու հայրենասիրական երգերով և լցվեցին հույսով, որ այս հանդիպումները շարունակական են լինելու: Նշենք, որ Լիբանանից ժամանած խումբն առաջիկա շաբաթվա ընթացքում կշարունակի աշխատանքը՝ այս անգամ Ասկերանի ՀՅԴ պատանեկան միության անդամների հետ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |