ԲԱՐԴ, ԴԺՎԱՐԻՆ, ԲԱՅՑ ՊԱՏՎԱԲԵՐ ԱՇԽԱՏԱՆՔ… |
02.08.2018 14:59 |
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության գործառույթներ, արտակարգ իրավիճակում և ռազմական դրության ժամանակ բնակչության և տնտեսության օբյեկտների պաշտպանության, ինչպես նաև փրկարարական, հրդեհաշիջման և այլ աշխատանքներ: Որոշակի պարզաբանումներ ստանալու համար և իմանալու, թե ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվում Ասկերանի շրջանի ԱԻՊԾ բաժնում, որոշեցինք հանդիպել բաժնի պետ Արամ Ասրյանի և ԱԻՊԾ ՀՓՄ պետ Դավիթ Դանիելյանի հետ: Հրշեջ փրկարար մասում ծառայում Է 29 հոգի, գործում է 5 հիմնական հրշեջ և 1 բժշկական ավտոմեքենաներ: Հրշեջ փրկարար մասին կից գործում է Սարուշենի առանձին ջոկը, որին սպասարկում է մեկ ավտոմեքենա: Բաժնում ծառայում Է նաև 2 սակրավոր, ովքեր անհրաժեշտության դեպքում շրջանում կատարում են ականազերծման աշխատանքներ: Կառավարման կետում, իրար փոխարինելով, աշխատում են 3 ռադիո-հեռախոսավար: 2018 թվականի առաջին կիսամյակում բաժնում գրանցվել Է հրդեհի 25 դեպք, որոնք ժամանակին հրդեհաշիջվել են: Դրանք էին՝ 4 ավտոտրանսպորտային միջոցներ, 20 բուսական տարածք և 1 փայտյա ծածկոց: Ասկերանի շրջանի արտակարգ իրավիճակների բաժինը համագործակցում է շրջանում գործող բոլոր կառույցների հետ: Կատարում է տարվա կտրվածքով նախատեսված բոլոր միջոցառումները: 2017թ. շրջվարչակազմի ղեկավարի որոշումով հաստատվել է հակահրդեհային-կանխարգելիչ միջոցառումների պլանը, համայնքներում ստեղծվել են հակահրդեհային անվտանգության հանձնաժողովներ համայնքների ղեկավարների գլխավորությամբ և 10-15 հոգուց բաղկացած կամավոր հրշեջ-խմբեր: Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը շրջանում անց է կացվել համաձայն նախօրոք մշակված պլանի և վերահսկվել է հակահրդեհային անվտանգության հանձնաժողովի կողմից: Բերքահավաքն անկորուստ կազմակերպելու ուղղությամբ իրականացվել են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ: Ամառային շրջանում շրջանի Ակնա թաղամասում տեղադրվել է 4 հրշեջ-փրկարարական հենակետ, իսկ մեկ հենակետ՝ Սարուշենի տարածքում և մնացել են այնտեղ մինչև բերքահավաքի ավարտը: Այդ ժամանակահատվածում բոլոր աշխատանքներն իրականացվում են արտակարգ ռեժիմով: Ակնա թաղամասի գյուղապետարանում իրականացվել է շուրջօրյա հերթապահություն՝ ծագած հրդեհների օպերատիվ արձագանքելու և հարկ եղած դեպքում շրջանի բնակչությանն ընդգրկելու նպատակով: Արամ Ասրյանի խոսքով, ոչ բոլոր համայնքների ղեկավարներն են փոխհամագործակցում բաժնի հետ, ինչը մեծ դժվարությունների առաջ է կանգնեցնում: Նա կոչ արեց բոլոր քաղաքացիներին դրսևորել պատրաստակամություն և համագործակցել Ասկերանի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնի հետ: Առանձնապես դա կարևոր է հրդեհավտանգ ժամանակաշրջանում: Ինչ խոսք, բարդ ու դժվարին է արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործունեությունը: Ամեն անգամ կարող է վտանգվել ծառայության աշխատողներից յուրաքանչյուրի կյանքը, սակայն նրանք անձնազոհաբար նետվում են ամենաթեժ կետերը, որպեսզի օգնեն ու փրկեն, պատահական չէ, որ նրանք փրկարար են կոչվում: Թող ձեր ուժն ու եռանդը կրկնապատկվեն, և էլ ավելանա ձեր հանդեպ ունեցած ժողովրդի վստահությունն ու հավատը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|