ՄԱՂԹԵՆՔ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
02.08.2018 15:21 |
Այսօր մեր երկրի համար հրատապ խնդիրներից է բնակչության կենսամակարդակի էապես բարձրացումը և սոցիալական վիճակի բարելավումը: Այդ նպատակին են միտված պետական նշանակության տնտեսական բնույթի մի շարք ծրագրեր, որոնց արդյունավետ ցուցանիշները լավ հիմք են հանդիսանում սոցիալական բնագավառում տեսանելի առաջընթացի համար: Անշուշտ, գնահատելի են սոցիալական ոլորտի աշխատողների գիտելիքները, նվիրվածությունն ու բարեխղճությունը: Չէ որ նրանք շփվում են սոցիալական անապահով խավերի, թոշակառուների, հաշմանդամների հետ, որոնց հետ պետք է աշխատել զգուշորեն, տանել բացատրական աշխատանքներ՝ երբեք չվիրավորելով նրանց արժանապատվությունը: ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության Ասկերանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը զբաղվում է թոշակների նշանակմամբ: Բացի կենսաթոշակ նշանակելուց, բաժինը նաև կառավարության որոշմամբ առանձին խմբերի քաղաքացիների նշանակում է համապատասխան դրամական օգնություն: Աշխատող թոշակառուներն իրավունք ունեն տարին մեկ անգամ վերահաշվարկել իրենց կենսաթոշակը: Ներկա դրությամբ բաժինը սպասարկում է 2595 կենսաթոշակառուների և 781 դրամական օգնություն և պարգևավճար ստացողների, որն իրականացվում է <<Արցախփոստ>> և <<Արցախբանկ>> ՓԲԸ-ների մասնաճյուղերի միջոցով: Բաժինը ղեկավարում է բաժնի պետ Սամվել Միրզոյանը, աշխատում են երկու գլխավոր, մեկ առաջատար և կրտսեր մասնագետներ: Ինչպես մեզ տեղեկացրեց բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Իսրայելյանը, ԱՀ կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի տեղադրումից հետո համապատասխան աշխատանքները գործում են նոր ծրագրով: 2018 թվականի հունվարի 1-ից գործող ծրագիրը մատչելի ու հետաքրքիր է և ավելի դյուրին է դարձնում աշխատանքները: 2018 թվականի առաջին կիսամյակում թոշակ նշանակելու համար բաժին են դիմել 84, վերահաշվարկի համար 140, կենսաթոշակի տեսակի փոխման համար 13, դրամական օգնություն նշանակելու համար 36, կենսաթոշակի վկայական ստանալու համար 83 քաղաքացիներ, որոնց դիմումներն ընթացքավորվել են համաձայն գործող օրենքի: ԲՍՓՀ-ից ստացված քաղվածքների համաձայն 61 քաղաքացիների համար կայացվել են համապատասխան որոշումներ և գրանցվել մատյաններում: Թաղման նպաստ ստանալու համար դիմած 88 քաղաքացիների վճարվել են համապատասխան գումարներ: Հաշվետու ժամանակաշրջանում բաժին է մուտք գործել 476 նամակ-գրություններ, որոնց ևս տրվել է համապատասխան ընթացք: 91 չաշխատող կանանց վճարվել է հղիության և ծննդաբերության նպաստ: 2 գործատուի փոխհատուցվել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստ, 1 անհատ ձեռնարկատիրոջ վճարվել է մայրության նպաստ: Նաիրա Իսրայելյանը տեղեկացրեց նաև, որ բաժնի կողմից իրականացվում է ԱՀ Ոստիկանության, ԱԱ և ԱԻՆ թվով 70 կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարումը, ավելացրեց նաև, որ այս կիսամյակում եղել են նաև բանավոր դիմումներ, որոնց տրվել են համապատասխան պարզաբանումներ: Իսկապես, գնահատելի է այս ոլորտի աշխատողների գործունեությունը: Ինչպես իրենք են ասում, թեև գործակալության գործը շատ հեշտ է թվում, սակայն այն բարդ բնույթ է կրում: Բաժնի կրտսեր մասնագետ Ամալյա Մելքումյանը, ով շուրջ 20 տարի աշխատում է այս ոլորտում, մեծ տեղ է տալիս թոշակառուի հանդեպ աշխատողի վերաբերմունքին և ասում, որ դրանից շատ բան է կախված: <<Մեզանից յուրաքանչյուրը պետք է համբերատար, ներողամիտ և բարյացակամ լինի: Պետք է կարողանանք լսել դիմացինին և տանք ճիշտ ուղղություններ: Շփվում ենք տարբեր խավերի մարդկանց հետ, երբեմն դժվար է լինում, քանի որ արցախցին անցել է մեծ դժվարությունների միջով, ունի հազար ու մի դարդ ու ցավ, լինում են նաև դժգոհություններ: Մենք աշխատում ենք բոլոր թոշակառուներին հատուկ ուշադրություն դարձնել և ամենակարևորը՝ լսել նրանց: Աշխատում ենք, որպեսզի մեր խոսքն ու գործը համոզիչ և վստահելի լինեն>>,-նշում է Ա.Մելքումյանը: Անշուշտ, իրենց հիմնական աշխատանքից բացի բաժնի աշխատողները թոշակառուներին կարողանում են տալ այն ամենը, ինչի կարիքը նրանք ավելի շատ են զգում՝ հոգատարություն, ուշադրություն և սրտացավություն: Եվ հենց դա է ամբողջացնում բաժնի հիմնական գործունեությունը: Դե ինչ, Ասկերանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատողներին ցանկանանք գործնական հաջողություններ և թող մեր թոշակառուներին միշտ բարի և լավ լուրեր փոխանցեն, որոնց նրանք շատ են սպասում: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |