ՈԼՈՐՏԻ ԱՊԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԱԿՆԱՌՈՒ ԵՆ
02.08.2018 16:47

2018թ. ընթացքում Ասկերանի սոցիալական գործակալությունում ծախսվել է շուրջ 200 միլիոն դրամ։

Ինչպես տեղեկացրեց գործակալության տնօրեն Էվելինա Աղաջանյանը, սոցիալական ոլորտում բնակչության հիմնախնդիրները լուծվում են սոցիալական ծրագրերի շրջանակներում և ֆինանսավորվում պետական բյուջեից։

-Հարկ է նշել, որ մեր պետության կողմից մարդկանց սոցիալական կարիքների բարելավմանն ուղղված ֆինանսական և այլ միջոցները հսկայածավալ են, որը բոլորիս վստահություն է ներշնչում, որ մոտ ապագայում կփոխվի հասարակության սոցիալական ապահովվածության դիմանկարը և կնշմարվեն ոլորտի ապագա զարգացման հեռանկարները,- ասում է գործակալության տնօրենը։

Հաշվետու ժամանակահատվածում տարածքային գործակալությունում մուտքագրվել են քաղաքացիների 1991 տարաբնույթ դիմումներ, որոնց գերակշիռ մասը վերաբերում է նպաստների նշանակմանն ու վերանշանակմանը, ծնելիության, բազմազավակության խթանման ծրագրով նախատեսված միջոցների, բարեգործական և ֆինանսական օգնության տրամադրմանը։ Մուտքագրված դիմումներն ուսումնասիրվել և ընթացքավորվել են սահմանված ժամկետներում։

Ընթացիկ տարում շրջանում ծնվել է 156 երեխա և նրանց համար նշանակվել է ընդհանուր առմամբ 45միլիոն դրամ ծննդյան միանվագ նպաստ։ 1078 ընտանիքների երեխաների համար նշանակվել է շուրջ 133 միլիոն դրամ ամենամսյա պետական նպաստ։

Ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով Արցախբանկի շրջանային մասնաճյուղում ընտանիքում ծնված յուրաքանչյուր 3-10 և հաջորդ երեխաների անվամբ բացվել են 52 նպատակային ժամկետային ավանդային հաշիվներ։ Ներկա դրությամբ տարածքային գործակալությնում ձևակարպված և Արցախբանկի Ասկերանի մասնաճյուղում 1433 ընտանիքների համար բացված են նպատակային ժամկետային ավանդային հաշիվներ։

Նշված ժամանակահատվածում գործակալություն դիմած 64 քաղաքացիների համար ստեղծվել են անձնական գործեր՝ ամուսնության միանվագ նպաստ հատկացենլու համար, որը կազմում է 7միլիոն 800 հազար դրամ։

Շրջանում սկսված է 1998-2000թվականներին ծնված և 18 տարին լրացած ավանդատերերի ավանդների տրամադրման գործընթացքը՝ 37 ավանդատերեր արդեն ստացել են իրենց ավանդները։

Շրջանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությանը ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից տրամադրվել է առողջարանային բուժման 31 ուղեգիր, որոնք տրամադրվել են զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամներին և հաշմանդամ երեխաներին։

Էվելինա Աղաջանյանի հավաստմամբ  գործակալության աշխատակիցներն այսուհետ ևս կձեռնարկեն հնարավոր բոլոր միջոցները շրջանի սոցիալապես  առավել խոցելի խմբին ժամանակին և որակյալ ծառայություն մատուցելու  գործում։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter