ԱՍԿԵՐԱՆԻ ՊԵՏՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՐԱԿՅԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՆ Է
03.08.2018 17:07

Ինչպես գիտենք, պետական ռեգիստրում իրավաբանական անձանց գրանցման ու անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման նպատակն առևտրային կազմակերպությունների հիմնադիրների, մասնակիցների, կառավարման մարմինների անդամների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձնաց իրավունքների և շահերի պաշտպանվածությանը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում արդյունավետ քաղաքականության

մշակմանը նպաստելն է։  Թե ինչպես են ընթանում աշխատանքներն Ասկերանի պետական ռեգիստրում՝ իմացանք պետռեգիստր Ալինա Հայրապետյանից։

-Տիկին Հայրապետյան, պատմեք մի փոքր Ասկերանի պետական ռեգիստրի գործունեության մասին։

-Ասկերանի պետական ռեգիստրը գործում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում՝ որպես կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է իրավաբանական անձնաց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունումը և այդ գործառույթների միջոցով կազմված փաստաթղթերի տրամադրում, ինչպես նաև փաստաթղթային սպասարկում, ապահովում փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները։

Միաժամանակ իրականացնում ենք քաղաքացիների հետ խորհրդատվություն, տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը, հաճախ նաև աջակցում քաղաքացուն լրացնել ձևաթղթերը։

-Որո՞նք են Ասկերանի պետական ռեգիստրի հիմնական գործառույթներն ու խնդիրները։

- Պետական ռեգիստրի հիմնական խնդիրն Ասկերանի շրջանի տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց գրանցման ու անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումն է՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Ասկերանի սպասարկման գրասենյակում քաղաքացիների համար ստեղծված են պետական ռեգիստրի գործունեությանն անռնչվող օրենքներին և իրավական այլ ակտերին ծանոթանալու բոլոր պայմանները։

 - Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում քաղաքացիներին որակյալ ծառայություն մատուցելու, ինչպես նաև ավելորդ քաշքշուկներից զերծ պահելու համար։

- 2016 թվաականից աշխատում ենք էլեկտրոնային կառավարման համակարգով, որը թույլ է տալիս ավելի կարճ ժամկետում կատարել գրանցումները, և որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս օգտվել պետական ռեգիստրի ծառայություններից՝ անկախ  բնակության վայրից։ Միաժամանակ դիմորդին տեղում տրամադրվում է նաև հարկ վճարող հաշվառման համարը։ Այսինքն, եթե նախկինում պետական գրանցում կատարելու ժամանակ քաղաքացին մի քանի անգամ գնում-գալիս էր, այժմ այդ հարցը լուծվում է րոպեների ընթացքում։

-Լինո՞ւմ ենք դեպքեր, երբ անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումը մերժվում է։

-Այո, բացառությամբ այն դեպքերի, երբ նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, կամ օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Իսկ երբ ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունն ամբողջական չեն լինում, ապա անձին հնարավորություն է տրվում 2-օրյա ժամկետում շտկել դրանք, որից հետո հաշվառումն իրականացվում է։ Նշեմ նաև, որ անձի հաշվառումն աննպատակահարմարության շարժառիթով մերժել օրենքով չի թույլատրվում, իսկ մերժելու դեպքում պարտադիր նշվում է մերժելու հիմքերը։ Նույնը վերաբերում է նաև իրավաբանական անձնաց պետական գրանցմանը՝ որոշակի առանձնահատկություններով։

-Տիկին Հայրապետյան, եթե համեմատական անցկացնենք նախորդ տարիների հետ, ինչպիսի՞ն է պետական ռեգիստր դիմողների վիճակագրությունը։

-2018 թվականի հունվար - օգոստոս ընկած ժամանակահատվածում պետական գրանցում է ստացել 5 իրավաբանական անձ և հաշվառվել՝ 52 անհատ ձեռնարկատեր, ընթացիկ պետական գրանցում է ստացել 10 իրավաբանական անձ, 2 հիմնարկություն և 5 անհատ ձեռնարկատեր։ Լուծարվել է 2 իրավաբանական անձ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գրանցվածների և հաշվառվածների թիվը էապես չի փոխվել։

-Կա՞ն հանգամանքներ, գործարքների կնքման հետ կապված խնդիրներ, որոնք խոչընդոտում են ձեր գործելաոճին։

-Ոչ, պետական ռեգիստրի տարածքային գրասենյակը գործում է ԱՀ օրենքի տարրին և պահանջին համահունչ։ Ավելին, ԱՀ արդարադատության նախարարության կայքէջում պետական ռեգիստրում գրանցվել ցանկացողները կարող են նախապես ծանոթանալ և ընտրել պետական գրանցման իրենց նախընտրած ձևը։ Սակայն եթե ոչ բոլորին է համացանցը հասու կամ տեղյակ չեն կայքէջի գոյության մասին՝ ապա տեղերում յուրաքանչյուր պետական ռեգիստրի ստորաբաժանման ղեկավար կամ աշխատակից մանրակրկիտ տեղեկատվություն է տրամադրում։

-Աշխույժ աշխատանքային օր, շաբաթ, ամիս, տարի ենք մաղթում, միաժամանակ, ցանկանալով լսել ձեր բարեմաղթանքն արցախցիներին։

-Շնորհակալություն։ Արցախ աշխարհին միայն ու միայն խաղաղություն, սա մեր՝ արցախցիներիս միակ ու ցանկալի երազանքն է։Թող մեր սահմանները պաշտպանող քաջարի զինվորներն իմանան, որ տանը սպասում են նրանց, բարի ծառայություն և բարի վերադարձ մեր զինվորներին։

Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter