ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԿԻՈԿՈՒՇԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
09.08.2018 10:11

Օրերս Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում  տեղի ունեցավ Արցախի Կիոկուշին կարատե դո ֆեդերացիայի շրջանային բաց առաջնություն։ Առաջնությանը մասնակցում էր շուրջ 300 մարզիկ՝ Արցախի տարբեր բնակավայրերից։ Մրցումներն անցան բավականին ակտիվ և անզիջում պայքարում։ Արդյունքներն ամփոփելուց հետո մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացան մեդալների և պատվոգրերի։ Պատվոգրեր ստացան նաև մրցումների կայացմանն

աջակցած անձինք։

Ինչպես նշեց Արցախի կիոկուշին կարատե դո ֆեդերացիայի նախագահ Գագիկ Ավանեսյանը Ֆեդերացիան ստեղծվել է 2014թ. հունվարին՝ 30 մարզիկով և 2 մարզչով։

-Տարիների մեր տքնաջան աշխատանքի շնորհիվ կարողացանք հասնել նրան, որ այսօր ամբողջ Արցախով մեկ գործում են մասնաճյուղեր և մարզիկների քանակը հասնում է 300-ի, որոնց հետ պարապում է 8 մարզիչ։ Նշված կազմով էլ այսօր բոլորը մասնակցում են տեղի ունեցող մրցմանը։

Իսկ թե ինչու է մրցությունը հենց Նորագյուղում անցկացվում ֆեդերացիայի նախագահը պատասխանեց, որ քանի որ առաջին խումբը ձևավորվել է Նորագյուղում, ուստի նպատակահարմար են գտել մրցույթն այստեղ անցկացնել։ Նորագյուղի թիմի մարզիչ Սասուն Բրուտյանի սաներն  արդեն բարձր ցուցանիշներ են գրանցել Հայաստանի Հանրապետությունում՝ զբաղեցնելով պատվավոր տեղեր։

Խոսելով կիոկուշին կարատեի առավելությունների և մարզաձևի առանձնահատկությունների մասին Գ. Ավանեսյանը նշեց, որ նրանք որոշել են Արցախում զարգացնել և մասսայականացնել այս մարզաձևը, քանի որ այն օգնում է ինչպես ինքնագնահատականի բարձրացման, այնպես էլ մարզիկների մեջ բարձրացնում է ռազմական ոգին և ֆիզիկական պատրաստվածությունը։ Հաշվի առնելով, որ մենք պատերազմող երկիր ենք, ուստի միշտ պետք է պատրաստ լինենք թե՛ ֆիզիկապես և թե հոգեպես։ Այսինքն, մեզ հարկավոր է առողջ սերունդ։

Ապագայում բազմաթիվ ծրագրեր ունի ֆեդերացիան։ Նախատեսվում է համապատասխան խմբակներ ունենալ նաև հանրապետության մյուս շրջաններում, որտեղ դրանք բացակայում են։ Գ. Ավանեսյանի խոսքերով, նրանք մարզիչների պակաս չունեն և առաջիկայում կանեն ավելին՝ մարզաձևի տարածման ուղղությամբ։

Ինչպես նշեց Գ. Ավանեսյանը, ֆեդերացիայի գլխավոր մարզիչ, Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի և Հայաստանի բազմակի չեմպիոն Արթուր Առուշանյանի վրա է ընկած ֆեդերացիայի ողջ գործունեությունը՝ լինի դա կազմակերպչական առումով, ՝թե պլանային, որոնք կատարվում են նրա անմիջապես մասնակցությամբ և վերահսկողության ներքո։

-Օգտվելով ընձեռնված հնարավորությունից իմ շնորհակալությունն եմ հայտնում ֆեդերացիայի բոլոր մարզիչներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում մատաղ սերնդին ամուր և առողջ մարմնով և ոգով դաստիարակելու համար։ Ինչպես նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանին, Ասկերանի ԱԱԾ տնօրեն Իվան Հարությունյանին, կրթության շրջբաժնի վարիչ Կառլեն Մայիլյանին և բոլոր նրանց ովքեր աջակցել են այս առաջնության կայացմանն ու շարունակում են սատարել ֆեդերացիային։

Գ. Ավանեսյանն իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ռուսլան Իսրայելյանին՝ ում գլխավորությամբ ֆեդերացիայում ահագին առաջընթաց է գրանցվել։ Մենք ունենք Եվրոպայի չեմպիոններ, ոսկե և արծաթե մեդալակիրներ։ Իսկ KWU վարկածով Արթուր Առուշանյանը միակն է տարածաշրջանում (Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և այլն), որ արժանացել է Աշխարհի չեմպիոնի տիտղոսին։

Մեզ հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ Արթուր Առուշանյանը նշեց, որ առաջին անգամ է Կիոկուշին կարատեի շրջանային առաջնություն անցկացվում և դատելով գրանցված արդյունքներինց այն հավակնում է ավադույթ դառնալ։

Ինչպես նշեց Ա. Առուշանյանը, ֆեդերացիան շրջաններում մեծ ծրագրեր ունի, մասնավորապես մեր շրջանում, քանզի Ասկերանը միակ շրջանն է, որտեղ տարբեր համայնքներում՝ Ասկերանում, Նորագյուղում, Այգեստանում խմբակներ են գործում։

-Ասեմ ավելին, շրջանների երեխաների կոփվածությունն ու ֆիզիկական պատրաստվածությունն ավելի մեծ է, քան քաղաքի երեխաներինը, դա արդեն գալիս է նրանց առօրյայից, ինչը մեծապես տարբերվում է։ Այգեստանից մենք արդեն ունենք Հայաստանի չեմպիոն, ինչը շատ մեծ արդյունք է։

2016թվականի ապրիլին Արթուրը նույնպես մարտական հենակետերում էր՝ առաջնագծում, սակայն նրան ապրիլի 24-ին մրցումներ էին սպասվում։ Արթուրին ոչ այնքան հուզում էր այն հանգամանքը, որ 20 օրից ավելի առաջնագծում էր և հնարավորույթուն չուներ մարզվելու, այլև այն, որ դարավոր թշնամուն, որի նենգադավ դիվերսիաներին օրեր առաջ հերոսաբար դիմակայում էին, պետք էր մարզական հարգանք մատուցեր։ Արյունը եռում էր հայ երիտասարդի երակներում, և այլևս միայն թշնամուն հաղթանակելու վճռով էր լեցուն։ Դա ապրիլի 24-ին էր, հայերիս համար ամենատխրահռչակ օրը, Արթուրը պետք է գոտեմարտեր ադրբեջանցու և թուրքի հետ։ Խնդիրն այստեղ արդեն պատվիր խնդիր էր՝ մեռիր, բայց պիտի հաղթես, ինքն իրեն կրկնում էր Արթուրը։ Արյունարբու թշնամիներին նոկաուտով տապալեց մեր հերոսն ու դուրս եկավ եզրափակիչ։ Ինչպես աշխարհի չեմպիոնը նշեց, մրցումների ժամանակ շատ հանդիպում էր ունեցել հայերիս համար վճռորոշ ամսաթվերի՝ մայիսի 9-ին, ապրիլի 24-ին՝ ադրբեջանցի կամ թուրք մարզիկների հետ և 10 նման հանդիպումներից միայն 1 է պարտվել, այն էլ մրցավարների կողմնակալ վերաբերմունքի պատճառով։

-Մանավանդ երբ մրցավարական կազմը մուսուլմանական ազգի ներկայացուցչիներ են լինում հայերիս նկատմամբ շատ խիստ են դատում և անում ամեն ինչ, որպեսզի հայկական դրոշ չբարձրացվի։ Իմ պարագայում առավել ևս, քանզի իմ անունը միջազգային մամուլում հայտնի է, որպես Արցախը պրոպագանդող մարզիկ։ Ուստի մրցավարները հաճախ են ինձ խիստ դատում։ Դրա համար ես այսպիսի ռազմավարություն եմ մշակել, որ պետք է այնպիսի հաղթանակ տանեմ, որը վիճարկելի չլինի։ Ու հիմնականում իմ գոտեմարտերը վերջանում են նոկաուտով, դրանով ես համարում եմ, որ նաև մրցավարին եմ հաղթում։

Ինչպես նշեց Ա. Առուշանյանը, ներկայում պատրաստվում են պատանիների Աշխարհի և մեծահասակների Եվրոպայի առաջնություններին։ Նորագյուղի մարզիկներից մեկը պիտի մասնակցեր Թուրքիայում տեղի ունեցող առաջնությանը, սակայն ելնելով մեր մարզիկի անվտանգությունից՝ թշնամու բարեկամ երկրում, նպատակահարմար գտան բաց թողնել այդ առաջանությունը։

-Սակայն մենք արդեն հայտ ենք ներկայացրել հաջորդ տարի մասնակցելու Թուրքիայի բաց առաջնությանը, որին հանդես կգանք Հայաստանի դրոշի ներքո՝ մեր լավագույն հավաքականով և մեր վրեժը կլուծենք թշնամուց մեր պապենական հողում,- ասաց Արթուր Առուշանյանը։

Այն, որ այդ հողերը պատմական Հայաստանի տարածք են, երկու կարծիք լինել չի կարող և մաղթում ենք, որպեսզի հայկական հողը կրկնակի ուժ տա մեր մարզիկներին՝ թշնամուն հաղթելու և հայոց եռագույնը ծածանելու համար։ Դա կլինի արդարացի, և մեր մարզիկների՝ նման վտանգավոր խաղերին մասնակցելը՝ արդարացված։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter