ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ |
12.08.2018 15:23 |
1999թ. դեկտեմբերի 17-ին, Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր։ Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին: Ձևավորված ավանդույթի համաձայն օգոստոսի 12-ին՝ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասադրության հարցերի բաժնի նախաձեռնությամբ երիտասարդների միջազգային տոն օրվան նվիրված Ասկերանում կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ՝ երիտասարդների ազատ ժամանցն ու հանգիստը նպատակային և արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև նրանց մտավոր հմտություններն ու ինտելեկտուալ մակարդակը բարձրացնելու նպատակով։ Միջոցառմանը ներկա էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը։ Ողջունելով ներկաներին մշակույթի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը շնորհավորեց երիտասարդներին տոնի կապակցությամբ՝ կարևորելով երիտասարդության դերն ու նշանակությունը հասարակության զարգացման մեջ։ Տրվեց ինտելեկտուալ խաղի մեկնարկը։ Մշակույթի և երիտասադրության հարցերի բաժնի երիտասարդության հարցերով մասնագետ Իննա Մուսայելյանը ներկայացրեց ժյուրիի կազմն ու խաղի մասնակիցներին։ Խաղին մասնակցում էր շրջանի համայնքներում գործող մշակութային օջախները ներկայացնող 10 թիմ։ Խաղն ընթացավ երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված էր 10 հարց։ Հարցերը բավականին հետաքրքրաշարժ էին, բազմաբովանդակ և հիմնական շեշտադրումն արված էր երիտասարդների ինտելեկտուալ կարողությունները բացահայտելու վրա։ Խաղի ողջ ընթացքում թիմերի միջև ակտիվ մրցակցություն էր ծավալվել և ակնառու էր թիմի յուրաքանչյուր անդամի ակտիվ ներգրավվածությունը խաղի մեջ։ Փուլերն ընդհատվում էին Ասկերանի էդմոն Բարսեղյանի անվանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Յուլիա Հայրապետյանի գեղեցիկ և սրտաբուխ երաժշտական կատարումներով։ Հաշվետար հանձնաժողովի արդյունքների ամփոփմամբ առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Սղնախի թիմը, երկրորդ հորիզոնականում էր Իվանյանի, երրորդում Ասկերանի թիմերը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն արժանացան Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պատվոգրերի և դրամական պարգևների, որոնք հաղթող թիմերի ավագներին հանձնեց վարչակազմի ղեկավարի Գեղամ Բեգլարյանը։ Վարչակազմի ղեկավարը շնորհավորեց երիտասարդներին նշանակալից օրվա առթիվ՝ մաղթելով նրանց լինել աշխատասեր, գործունյա և նախաձեռնող, քանզի հաղթանակները կռվում են ոչ միայն զենքով, այլ նաև ամենօրյա տքնաջան աշխատանքով։ Անկասկած, բոլոր ժամանակներում էլ անգնահատելի է եղել երիտասարդության դերը երկրում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ և յուրաքանչյուր սերունդ յուրովի է ապացուցել, որ ինքն է երկրի շարժիչ ուժը։ Շնորհավո՛ր տոնդ, հայ երիտասարդ։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|