ԵՐԲ ՍՏԱՆՈՒՄ ԵՍ ՔՈ ԱՐԴԱՐ ՔՐՏԻՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ… |
18.08.2018 09:57 |
Ազնվորեն կատարված ամեն մի աշխատանք օգտակար է, հետևաբար արժանի է հարգանքի… Ստենդալ Մարդու համար ամենագեղեցիկը, ամենաթանկը դա հենց նրա կյանքն է, իսկ կյանքը պահպանվում է բազմատեսակ, անխոնջ աշխատանքով: Հիրավի, ճիշտ է ասված, որ նա, ով աշխատում է, միշտ երիտասարդ է, առողջ և դիմացկուն: Եվ ինչպես ժամանակին նշել է Ուշինսկին. <<Եթե դուք հաջողությամբ ընտրեք աշխատանքը և նրանում ներդնեք ձեր ամբողջ հոգին, ապա երջանկությունն ինքը ձեզ կգտնի>>… Մշտապես իր սիրելի գործով զբաղվող, մենատնտես Անդրանիկ Բադալյանին շատերն են ճանաչում մեր հանրապետությունում: Այո՛, իր ողջ ջերմությունն ու հոգին, ուժն ու համառությունը նա դրել է իր սիրելի աշխատանքի մեջ, տարիներ ի վեր զբաղվում է հողագործությամբ: Այնպես պատահեց, որ վերջերս հանդիպում ունեցա Բադալյանների ընտանիքի հետ ու երբ ասացի, որ եկել եմ իմանալու, թե ինչպես է նրանց հաջողվում հողի հետ կռիվ տալով ապրել, ստեղծել ու արարել, ընտանիքի հայրը բարեհոգաբար ժպտալով՝ ասաց. <<Երբ գործին նվիրվում ես սիրով և նպատակ ես դնում անպայման հասնել արդյունքի, ապա ոչինչ չի կարող խոչընդոտել և չկա այնպիսի մի բան, որ չհաղթահարվի անմնացորդ աշխատանքով>>: Անդրանիկ Բադալյանը ծնվել է 1960 թվականի հունիսի 26-ին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո՝ ընդունվել է Ստեփանակերտի բժշկական տեխնիկումը և այն ավարտել կարմիր դիպլոմով՝ ստանալով բուժակի մասնագիտություն: Այնուհետև ծառայել է խորհրդային բանակի շարքերում: Զորացրվելուց հետո՝ որպես բուժակ աշխատանքի է անցել Ասկերանի հոգեներվային հիվանդանոցում: 1986 թվականին ամուսնացել է Ազգանուշ Քարամյանի հետ և նրանց գեղեցիկ ընտանիքում ծնվել ու դաստիարակվել են երեք զավականեր: Երեխաներին կարողացել են տալ պատշաճ դաստիարակություն, երեքն էլ ստացել են բարձրագույն կրթություն և այսօր մեր հասարակության լիարժեք անդամներ են դարձել: Անդրանիկ Բադալյանը շատ է հպարտանում իր զավակներով, ովքեր իրեն նեցուկ են կանգնում ցանկացած հարցում: Մեծ է նաև Անդրանիկի հպարտությունն իր հարազատ գյուղի, նախնիների նկատմամբ: Անչափ շատ է սիրում իր գյուղը, հանդ ու քոլերը, զուլալ աղբյուրներն ու սրբատեղերը: Կարոտով պատմում է իր մանկության ու երիտասարդության տարիների մասին: Մի առանձին հպարտությամբ է շեշտում, որ իր նախապապ Տեր-Միքայելը գյուղի քահանան էր և աչքի էր ընկնում յուրահատուկ բնավորությամբ: Նվիրված և բարեպաշտ մարդ էր, նրան սիրում էին մեծերն ու փոքրերը: Անդրանիկի պապը միշտ պատմում էր իր զավակներին, որ Տեր-Միքայելն ու Ղազարոս Աղայանը շատ մոտիկ ընկերներ էին, միասին սովորել էին Լազարյան ճեմարանում: Հայտնի գրողը հաճախակի էր այցելում Բադալյանների օջախը, ընկերոջ հետ մի պատառ հաց կիսում, խաղում նրա զավակների հետ: Հենց այդ օջախում էլ ծնվեց Աղայանի <<Մանիր, մանիր իմ ճախարակ>> հայտնի ստեղծագործությունը, որի հերոսները՝ Տիգրանիկն ու Գաբրիելը Տեր-Միքայելի որդիներն էին: Ղազարոս Աղայանը նշում էր, որ Տեր-Միքայելը շատ աղքատ, չունևոր մարդ էր, սակայն ուներ մեծ և բարի սիրտ: Բոլոր այս իրողությունները վկայող ձեռագրերը, որոնք ջերմ ու թանկ հուշեր էին Բադալյանների գերդաստանի համար, վառվել են Արցախյան պատերազմի ժամանակ: Անդրանիկ Բադալյանի խոսքով, իր արմատների հետ կապված բոլոր գնահատելի հիշողությունները փոխանցվում են սերնդեսերունդ: Եվ նա հպարտանում էր ոչ միայն իր նախապապով: Նրա հայրն ու մայրը հիանալի մանկավարժներ էին, գյուղում մեծ հարգանք էին վայելում: Հայրը Մեծ Հայրենականի վետերան էր, հասել էր մինչև Բեռլին, իսկ հորեղբայրը նույն պատերազմին մասնակցել է որպես կործանիչ օդաչու: Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Անդրանիկը որպես հմուտ բուժակ ծառայության է անցել Ասկերանի 4-րդ պաշտպանական շրջանի հոսպիտալում: Ահեղ ու անողորմ տարիներ էին: Նվիրյալ բուժակը կռվում էր վիրավորների կյանքը փրկելու համար, պատերազմին մասնակցած յուրաքանչյուրը գիտե, թե ինչ է նշանակում բուժակ լինել պատերազմի ժամանակ: Զինվորի համար տունը խրամատն էր, իսկ բժշկի և բուժակի համար՝ հոսպիտալն ու հիվանդանոցը: Ցավոք Արցախյան պատերազմի զոհեր դարձան այս գերդաստանի երկու զավակները՝ Սուրենը և Աշոտը: Եղբայրների մասին խոսելիս Անդրանիկը պատվում է անհուն կարոտով ու թախիծով.<< Երանի՜ թե նրանք ողջ լինեին, առաջվա պես միասին ու երջանիկ կլինեին>>… Պատերազմի ավարտից հետո Անդրանիկի ընտանիքը բնակություն հաստատեց Ասկերանում: Ինչպես շատերի, այնպես էլ նրանց համար դժվար տարիներ էին: Պետք էր հոգալ ընտանիքի սոցիալական կարիքները, զավակները մեծացել և ընդունվել էին բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ինչպես ինքն է ասում, ֆինանսական կարիքն ստիպում էր մտածել ինչ-որ քայլեր ձեռնարկելու մասին: Որոշեց զբաղվել հողագործությամբ և Տիգրանակերտի շրջակայքում մոտ 3 հա հողատարածք մաքրեց և մի մասում սկսեց բանջարաբոստանային կուլտուրաներ ցանել, մի քանի տարուց հետո մյուս մասը վերածեց նռան այգու: 1999 թվականից մինչ այսօր Անդրանիկը զբաղվում է հողագործությամբ, որն արդեն սիրելի աշխատանք է դարձել իր համար: Միակ օգնականն իր որդին է՝ Միքայելը, իսկ ընտանիքի մյուս անդամներն օգնում են բերք ու բարիքն իրացնելու հարցում: Իրացումը շատ հեշտ է ստացվում, որովհետև մենատնտեսը կարողանում է աճեցնել որակով և առողջ միրգ ու բանջարեղեն: Պատահական չէ, որ նրա համբավը տարածվել է ողջ հանրապետությունում: Իսկ միակ խնդիրը, որը ավտոմեքենայի բացակայությունն էր, լուծվել է 2016 թվականին: Երկրի նախագահի կողմից որպես նվեր ավտոմեքենա է ստացել, ինչն այսօր շատ է օգնում իր աշխատանքներին: <<Իհարկե, շատ դժվար է աշխատել հողի հետ, երբեմն կռիվ ես տալիս, երբեմն փաղաքշանքով խոսում հետը: Սակայն գալիս է մի պահ, որ լրիվությամբ կապվում ես նրան հետ և զգում, որ առանց քո սիրած աշխատանքի այլևս չես կարող: Առանձնապես, եթե հողը քեզ տալիս է քո արդար քրտնքի պատասխանը, ավելի ես ոգևորվում, ուժեղանում: Կարծում եմ, բացառիկ երջանկություն է, երբ զբաղվում ես քո սիրելի և հաճելի գործով: Ապրել Արցախում և չզբաղվել գյուղատնտեսությամբ, համարում եմ սխալ: Լավ հողագործի աշխատանքը միշտ էլ կգնահատվեն ու կխրախուսվեն իշխանությունների կողմից: Հիշեցեք, աշխատանքով են թարմացվում մարդու ուժերը, և հենց նրա մեջ է երկարակեցության առեղծվածը>>,-ասում է մենատնտեսը և Արցախ աշխարհին խաղաղություն մաղթում… Անդրանիկ Բադալյանն աշխատում է նաև Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերում: Եվս մի դժվարին ու ծանր աշխատանք, որին նա նվիրված է ոչ պակաս պատասխանատվությամբ: Մեր զրույցի ընթացքում մենք համտեսում էինք նրա ձեռքով աճեցրած մեղրածոր սեխն ու ձմերուկը, իսկ Անդրանիկի զավակները հոգատարությամբ շրջապատել էին իրենց հորը և ուշադրությամբ լսում էին նրան: Ստեղծվել էր ուրախ և անկեղծ մթնոլորտ ու ես անկեղծորեն հիանում էի այս ընտանիքի համերաշխությամբ և լավատեսությամբ: Այնքա՜ն ջերմություն և լույս կար այս օջախում, հավանաբար հենց այս ներդաշնակությունն էր նրանց հաջողությունների գրավականը: Լսելով հողի մշակի բազում խորհուրդները՝ ցանկանում եմ եզրափակել իմ հոդվածը հետևյալ տողերով. <<Աշխատիր, երբ տխուր ես. դա տխրությունը վանելու միակ միջոցն է: Աշխատիր, որպեսզի չընկնես թախիծի մեջ՝ ոչ մի բան այնպես չի փրկում վհատեցնող վիճակից, ինչպես աշխատանքը: Աշխատիր, երբ քեզ ուղեկցում է հաջողությունը՝ <<գլխապտույտի>> դեմ ոչ մի այլ դեղ չկա, բացի աշխատանքից>>… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|