ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
21.08.2018 10:32

Ասկերանի շրջանի արհեստակցական կազմակերպությունների միությունը, առաջնորդվելով խորհրդի  կողմից հաստատված աշխատանքային  պլանով ու պլան-միջոցառումներով, որոշակի աշխատանքներ է կատարել, որոնք ուղղված էին աշխատավորական կոլեկտիվների արհկազմակերպության անդամների իրավունքների պաշտպանությանը, աշխատանքային պայմանների բարելավմանը, նրանց հանգստի կազմակերպմանը և սոցիալական խնդիրների լուծմանը:

Կատարած աշխատանքների մասին մեզ տեղեկություններ հաղորդեց Ասկերանի շրջանի արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Գայանե Գաբրիելյանը:

-Տիկին Գաբրիելյան, ինչպիսի աշխատանքներ են իրականացվել 2018 թվականին:
-2018թվականի  օգոստոսի 1-ի դրությամբ շրջանում գործում են 99 սկզբնական արհեստակցական կազմակերպություններ, որոնց մեջ ընդգրկված են 111   հիմնարկ-ձեռնարկություններ՝ 2193 անդամներով: 
2018թվականի ապրիլից մեկնարկել են հաշվետու-ընտրական ժողովները: Մի շարք սկզբնական կազմակերպություններում դրանք կազմակերպվել ու անց են կացվել, իսկ մյուսներում ամառային արձակուրդների պատճառով հետաձգվել են մինչև սեպտեմբեր ամիսը: Ժողովների ընթացքում արհմիության անդամների կողմից բարձրացվել են բազմաթիվ հարցեր, հատկապես  <<Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին>> ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Հրատապ հարցերին տրվել են համապատասխան լուծումներ, իսկ մյուս հարցերը ժողովների ավարտից հետո վերլուծության կենթարկվեն և ողջամիտ ժամկետներում կներկայացվեն համապատասխան մարմիններին՝ խնդիրներին լուծում տալու նպատակով:

Մեր ամենօրյա աշխատանքների արդյունքում աշխատել ենք գործել այնպես, որ բարձրացնենք սկզբնական արհեստակցական կազմակերպությունների դերը և կարծում եմ, դա հաջողվել է մեզ:

-Գիտենք, որ Ձեզ հաջողվում է համագործակցություն և նորմալ հարաբերություններ ստեղծել գործատուների հետ…
-Իրոք, ճիշտ եք նկատել: Մեզ համար շատ կարևոր է վստահության և փոխըմբռնման մթնոլորտում աշխատանքներ տանել: Ելնելով այն փաստից, որ արհմիությունը սերտ համագործակցում է գործատուների հետ, միաժամանակ տալով իրավաբանական մեկնաբանություններ, շրջանում այս տարի կոպիտ խախտումներ չեն արձանագրվել գործատու-աշխատող հարաբերություններում: 
2018թվականի օգոստոսի 1-ի դրությամբ արհմիություն մուտք են գործել  տարբեր բնույթի  53 դիմումներ, որոնց սահմանված կարգով տրվել են սպառիչ պատասխաններ:

Հատուկ ուշադրություն ենք դարձրել բանակ-հասարակություն կապին և այդ շրջանակներում ամանորի և մայիսյան եռատոնի կապակցությամբ այցելություններ ենք կատարել առաջնագիծ, հանդիպել զինծառայողներին, ծանրոցներ փոխանցել նրանց, ծանոթացել նրանց խնդիրներին և առօրյային:

-Տեղյակ ենք, որ խրարուսում և օգնում եք արհմիության անդամներին:
-Այո՛, դա բարի ավանդույթ է դարձել մեզ համար: Սկզբնական կազմակերպությունների հոբելյար նախագահներին խրախուսում ենք, այս տարի ևս նրանք արժանացել են նվերների: Ուշադրության կենտրոնում ենք պահում նաև սոցիալապես անապահով անդամներին, որոնց ցուցաբերում ենք նյութական օգնություն: Մի շարք կազմակերպությունների, ովքեր ունեին որոշակի տնտեսական խնդիրներ, աջակցություն ենք ցուցաբերել:

-Ինչ կասեք ամառային շրջանում կազմակերպվող հանգստի մասին:
-Հարկ եմ համարում շեշտել, որ ամռան ամիսներին բավականին աշխատանքներ ենք տանում արհմիության անդամների հանգստի կազմակերպման ուղղությամբ: Պետք է նշեմ, որ այս տարի Ծաղկաձորից բացի, հնարավորություն է ընձեռվել հանգստի օրեր կազմակերպել նաև Սևանա լճի ափին: Բացի կազմակերպվող էքսկուրսիաներից, Ջերմուկ, Արզնի առողջարաններում արհմիության անդամների բուժման  համար տրամադրում ենք ուղեգրեր: 
Երկօրյա էքսկուրսիաներ են կազմակերպվել դեպի Ջերմուկ՝  Խնապատ համայնքի, բուժկետի, Խրամորթի միջնակարգ դպրոցի կոլեկտիվների համար, շրջանի դպրոցների տնօրենների հանգիստը կազմակերպվել է Սևանի ափին: Այգեստանի պետական մանկապարտեզի կոլեկտիվի համար կազմակերպվել է էքսկուրսիա՝ Սևան-Ծաղկաձոր երթուղով, ինչի համար միությունն իր հնարավորությունների սահմաններում ֆինանսական աջակցություն է ցուցաբերել : 
Ասեմ, որ նման միջոցառումները կշարունակվեն մինչև ամառային ժամանակահատվածի ավարտը: 
Ցանկանում եմ փաստել, որ մեր գործունեության ընթացքում ձգտում ենք միշտ պաշտպանել արհմիության անդամների շահերը և ապահովել արհմիութենական կազմակերպությունների ինքնուրույնությունը:

Դե ինչ, Ասկերանի շրջանային արհմիության կատարած աշխատանքներին ծանոթ ենք շատերս: Անհերքելի փաստ է, որ կազմակերպության կողմից իրականացվող ամեն ինչ արվում է հասարակ աշխատավորի, մանուկի, զինվորի և մեր ապագայի համար…

Կարինե Բախշիյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter