ԱՐՅՈՒՆՈՎ ԳՐՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ |
23.08.2018 17:04 |
Արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարիներին բազմաթիվ նվիրական անուններ ոսկե տառերով գրվեցին հայոց նորօրյա պատմության տարեգրքում։ Անուններ, որոնք որպես սրբություն կփոխանցվեն սերնդե-սերունդ, դառնալով հայրենասիրության, վեհ գաղափարների ու անմնացորդ նվիրումի վառ օրինակներ։ 30 տարի առաջ սկիզբ առած հայոց համազգային զարթոնքը հայ երիտասարդների հոգիներում նորովի արթնացրեց հայի պահանջատիրական ու ազատատենչ ոգին։ Այլևս անհնարին էր դարձել ձգել օտարի լուծը։ Եվ սկիզբ առավ համազգային զարթոնք, որով պիտի հիմք դրվեր հայոց նորանկախ պետականության։ Այլևս վտանգված էր Արցախ աշխարհի խաղաղությունն ու անդորրը։ Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները հաճախակի էին թշնամու ոտնձգություններին ենթարկվում։ Շուտով սկսվեցին ձևավորվել առաջին ինքնապաշտպանական ջոկատները, որոնք գիշերային հերթապահություն էին անցկացնում թշնամու հետ սահմանակից տարածքներում։ Ստեփանակերտը վերցված էր օղակի մեջ. մի կողմից Կրկժանը, մյուս կողմից Մալիբեյլին, Ջանհասանը, իսկ բարձունքից Շուշին։ Ի՞նչ էր մնում վտանգված Հայրենիքի և ազգի կործման բոթն առած քաջ տղաներին, եթե ոչ Հայրենիքի ազատագրությանը զինվորագրվելն ու կյանքի գնով այն պաշտպանելու վճռականություն ու հաստատակամություն դրսևորելը։ Արցախ աշխարհը հերոսների պակաս չունեցավ, նրա նվիրական անունն ու փառքը աշխարհով մեկ ճանաչ դարձրեցին բազմաթիվ անձնուրաց քաջազուններ։ Այդ հերոս տղաներից մեկն էր ԱՐԹՈՒՐ ԿԻՄԱՅԻ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ՝ նվիրյալ երիտասարդ, ում թողած երկու շառավիղները՝ Աշոտն ու Արմենը, թերևս, ապրեցրեցին որդեկորույս ծնողներին, դեռատի կնոջը։ Արթուր Աղաջանյանը ծնվել է 1963թ. հունվարի 13-ին Դաշուշենում՝ Կիմա և Սվետլանա Աղաջանյանների հարկի տակ։ Դեռևս մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվել էին Ստեփանակերտ, քանի որ ծնողներն աշխատում էին կոշկի ֆաբրիկայում։ Ավարտելով Ստեփանակերտի համար 2 միջնակարգը, զորակոչվել է խորհրդային բանակի շարքերում ծառայելու։ Ծառայությունն անցկացել է Խաբարովսկի տանկային գնդում, որտեղ ձեռքբերած զրահամեքենայի հետ վարվելուն և հատուկ հմտություններին տիրապետումն իրենց գործածությունը գտան Արցախյան ազատամարտի տարիներին։ Արթուրի անդրանիկ զավակը՝ Աշոտը, չնայած 6 տարեկան էր, սակայն այսօրվա պես հիշում է, թե ինչպես է հայրը ընկերների հետ իր անձնական մեքենայով զենքը բերում տուն, թաքցնում այն բազմոցի տակ։ - Որպես սուրբ մասունք, այսօր էլ հորս վարած մեքենան պահում ենք,- ծանր խորհրդածությամբ ասում է Աշոտն ու շարունակում,- երբ ծնվեց առաջնեկս, ոչ մեկ կասկածանք չուներ, որ նա կրելու է հորս հերոսական անունը՝ Արթուր, իսկ երբ եղբայրս հայր դարձավ և կրկին անունը Արթուր կնքեց, հասկացանք, որ մեզանից յուրաքանչյուրն իր բաժին Արթուրին է ուզում ունենալ իր հարկի տակ։ Արթուր Աղաջանյանը մասնակցել է Շուշիի ազատագրմանը, ինչպես նաև Մարտակերտի շրջանի ռազմավարական նշանակության մի շարք գյուղերի ազատագրական մարտերի։ Զրահամեքենաների վերանորոգման վաշտի կազմում՝ Վլադիմիր Պողոսյանի հրամանատարությամբ, Կիչան, Դրմբոն, Չլդրան ուղղություններում, որպես զրահամեքենաների վերանորոգման և վերականգնման խմբի անդամ զինակից ընկերների հետ հերոսական մարտեր էին մղում։ Նախկին հրամանատարի խոսքերով՝ Արթուրը մարտական ընկերների հետ միասին գործում էին ամենաթեժ մարտերի ժամանակ ևս։ -Ժամանակ էր լինում, որ շարքից դուրս եկած զրահամեքենան մնում էր մարտի դաշտում և տղաները մարտ վարելով մոտենում էին վնասված զրահամեքենային և հենց մարտի ժամանակ կա՛մ վերանորոգում կա՛մ էլ մարտի դաշտից դուրս էին բերում՝ վտանգելով սեփական կյանքը,- ասում է Վ. Պողոսյանը՝ հավելելով, որ բազմաթիվ հերոսական դրվագների է ականատես եղել, թե ինչպես էին տղաները անվարան մարտի դաշտ նետվում՝ անտեսելով վտանգը։ 1992-ի սեպտեմբերի 1-ը սևով գրվեց Աղաջանյանների գերդաստանի համար։ Չլդրան գյուղի մոտակայքում մարտական հերթական առաջադրանքը կատարելիս Արթուրը մահացու վիրավորում ստացավ։ Մինչդեռ կինը՝ Ստելլան, սրտի անհուն թրթիռով էր սպասում սեպտեմբերի 1-ին, քանզի անդրանիկ զավակը պիտի ոտք դներ առաջին դասարան։ Բոլոր ծնողների նման նա էլ երազում էր ամուսիններով իրենց զավակի ձեռքը բռնած տանեն նրան այդ կարևոր ու պատասխանատու քայլին, սակայն չարագույժ լուրը ամուսնու զոհվելու մասին խաթարեց ընտանիքի ճակատագիրը։ Եվ Աշոտը, ով երազում էր հասակակից ընկերների հետ ժամ առաջ ճաշակել իր համար դեռևս չբացահայտված հասկացությունը՝ դպրոց հաճախեց մեկ տարի անց։ Արթուր Աղաջանյանը հետմահու պարգևատրվել է Արցախի և Հայաստանի Հանրապետությունների §Արիություն¦ մեդալներով։ Որդեկորույս ծնողները թև ու թիկունք դարձան հարսին՝ Ստելլային և իրենց մեջ գտնելով ուժ ու զորություն՝ կարողացան արժանավայել կերպով մեծացնել թոռներին՝ հոգու ողջ սիրո և գորովանքի հետ ներարկելով նրանց հայրենապաշտություն։Արթուրի երկու զավակներն էլ բարձրագույն ուսում ստացան, արժանապատվորեն ծառայեցին Արցախի պաշտպանության բանակում, իսկ կրտսեր որդին՝ Արմենն, այժմ էլ շարունակում է իր ծառայությունը Հայրենիքին։ Տիկին Ստելլան ամբողջովին նվիրվելով տղաների դաստիրարկությանը և ընդմիշտ թաքցնելով հոգու խռովքը՝ ծառայության անցավ Արցախի պաշտպանության բանակում և անցնելով վաստակած թոշակի վայելում է որդիների, հարսերի սերն ու հարգանքը՝ իր մխիթարանքը գտնելով երեք թոռների մեջ։ - Կյանքում հաճախ եմ դժվարությունների հանդիպել, որոնք պատվով հաղթահարելուց հետո մեկեն մտածել եմ, որ ինչ-որ գերբնական ուժ ասես ինձ առաջնորդում է, չի թողնում վհատվեմ,- ասում է Աշոտը՝ հավելելով, որ նույնիսկ ամենադժվարին պահերին չէր մտածել Արցախից հեռանալու մասին։ Դա է թերևս պատճառը, որ 2016-ի ապրիլին, երբ կրկին վտանգված էր Արցախի խաղաղությունը Աշոտն առաջիններից մեկը եղավ, ով կամավոր մեկնեցին առաջնագիծ։ Արցախ աշխարհի ազատության ու խաղաղության համար անչափ թանկ գին վճարած տղան հորից ժառանգած արիության ու խիզախության օրինակ է իր զավակների համար և ձգտում է արդար ու տքնաջան աշխատանքով իր նպաստը բերել Արցախ աշխարհին։ -Ապրիլյան պատերազմի ժամանակ մեկ անգամ ևս համոզվեցի, որ հայրս այլ կերպ վարվել չէր կարող, չէ որ իր զավակների ապագան վտանգված էր, Հայրենիքի լինել չլինելու հարցն օրհասական։ Ապրիլյան ծանր օրերին առաջնագծում անընդհատ մտածում էի արցախյան ազատամարտի տարիների մասին. ի՞նչ զենքերով են կռվել, եղանակային ինչպիսի՞ պայմաններում, ու այդպես տարիներ շարունակ… Գրիչս ծանրանում է թղթի վրա և խոսքերն արդեն անզոր են դառնում փոխանցելու այն մեծ վիշտն ու ափսոսանքի, կորստյան ցավը, որն արդեն տասնամյակներ ապրում են նահատակ քաջ տղաների հարազատները։ Հերոս տղաների ծնողներից շատերն արդեն հրաժեշտ են տվել երկրային կյանքին և իրենց տառապած աչքերում մարեցին սիրասուն զավակներին տեսնելու վերջին հույսերը։ Իսկ ողջ մնացածներն էլ ապրում են անդառնալի կորստյան ցավն ու անհուն կարոտը սրտներում, գուցեև կյանքին հրաժշետ տվողներին երանի տալով... Այո, ծանր ու դժվարին ժամանակաշրջանում մեծացան արցախյան ազա-տամարտում զոհված ազատամարտիկների երեխաները՝ զրկված հայրական գուրգուրանքից, խրատներից ու սիրուց։ Սակայն դժվարին ու մաքառումով լի տարիները նրանց չչարացրեցին, այլև կոփեցին՝ դարձնելով ավելի առնական, հաստատակամ ու հայրենապաշտ։ Հայրենքի ամեն մի քար նույնիսկ անչափ հարազատ ու սուրբ է նրանց համար, քանզի դրանք ցողված են իրենց հարազատների արյունով։ Եվ այսօր բոլորս պարտք ունենք քաջարի տղաների զավակների, նրանց հարազատների առջև, պարտք, որը և ոչ մի գնով չենք կարող մարել, քանզի նրանք տվել են ամենաթանկագինը՝ կյանքը, իրենց հարազատների աչքերում ընդմիշտ դրոշմելով կորստյան անդառնալի ցավը, ինչը և ոչ մի զորեղ ուժ ի զորու չէ բժշկել։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |