ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔ՝ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
24.08.2018 10:24

Օգոստիսի 23-ին Ասկերանի մշակույթի, և երիտասարդության հարցերի բաժինը §Առողջ ապրելակերպ¦ ծրագրի շրջանակներում կազմակերպեց հեծանվավազքի մրցույթ։ Մրցույթին մասնակցում էին դպրոցահասակ երեխաներ՝ Ասկերանից և Խնապատից։

Միջոցառմանը ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, տեղակալ Վլադիմիր Բալասանյանը, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, ասկերանցիներ, երկրպագուներ։

Ողջունելով հեծանվավազքի մրցույթի մասնակիցներին մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը նշեց, որ մրցույթի նպատակն է երեխաներին վաղ հասակից ուսուցանել առողջ ապրելակերպի կանոնները, որպեսզի նրանց ազատ ժամանցն ու առօրյան անցնի ավելի ակտիվ և օգտակար։

- Արցախը դարեր ի վեր համարվել է երկարակյացների բնակավայր, սակայն հետազոտությունները փաստում են, որ Արցախում կտրուկ աճել է մահացությունների քանակը, որին զուգահեռ իջել է կյանքի տևողությունը։ Պատճառներից մեկն էլ հասարակության վարած նստակյաց կյանքն է, ոչ ճիշտ սնվելը, անառողջ սնունդը, ծխելը,  որոնք բացասաբար են անդրադառնում առողջությանը: Հեծանվորդությունը առողջության պահպանման  կարևոր գրավականներից մեկն է, ինչը հուսանք լավ մարզավիճակի պահպանման հետ մեկտեղ նաև կխթանի առողջ ապրելակերպ ձևավորելուն,- ասաց Ռ. Մկրտչյանը։

Մշակույթի և երիտսարդության կենտրոնի երիտասադրության հարցերի կազմակերպիչ Նինել Գաբրիելյանը մրցույթի մասնակիցներին բացատրեց կանոնները՝ հույս հայտնելով, որ միջոցառումը կնպաստի առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտելիքների, տեղեկատվության տարածմանը՝ նպաստելով առողջ սերուն, երիտասարդություն ու հասարակություն ձևավորվելուն:

Հեծանվավազքին մասնակցում էր 38 երեխա, որոնք բաժանվել էին ըստ տարիքային խմբերի՝ ձևավորելով 3 խումբ։ Մրցույթի մասնակիցները մրցում էին իրենց հեծանիվներով։

Մրցույթի մեկնարկը տրվեց Դանեիլյան փողոցի սկզբնամասից մինչև Ասկերանի բերդ և հետդարձի երթուղով Դանիելյան փողոցի սկզբնամաս։

Նշենք, որ երեխաները մեծ խանդավառությամբ էին մասնակցում հեծանավավազքին։ Եվ ի ուրախութուն բոլորիս մրցույթի ընթացքում ոչ մի արտակարգ դեպք չի արձանագրվել, այն անցել է բավականին աշխույժ, առողջ մրցակցության և անզիջում պայքարի մթնոլորտում։

Մրցույթի արդյունքների ամփոփմամբ մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվեցին շրջվարչակազմի ղեկավարի պատվոգրերով և դրամական պարգևներով։ Մրցույթի մասնակից միակ աղջնակը՝ Վալենտինան ակտիվություն և խիզախություն ցուցաբերելու համար պարգևատրվեց վարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանի կողմից՝ անձամբ։

Նշենք, որ նման մրցում շրջանում առաջին անգամ է կազմակերպվում և դատելով մրցույթի մասնակիցների թվաքանակից հավակնում է ավանդական դառնալ։ Այն մեծապես կնպաստի երեխաների առողջ ապրելակերպով դաստիարակվելուն, առաջ բերելով նրանց մոտ հաղթելու և առաջ գնալու պատրաստակամություն։

Անահիտ Պետրոսյան


 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter