ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
23.08.2018 11:54

Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի դպրոցների տնօրենների ավանդական օգոստոսյան խորհրդակցություն, որին ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, փոխնախարար Միքայել Համբարձումյանը, տեսչության պետ Մանվել Մխիթարյանը, ԿԳՍ ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության

բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, շրջանի դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, մանկապարտեզների վարիչներ:

Մինչ խորհրդակցության աշխատանքներին անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ուսումնական տարվա ընթացքում կյանքից հեռացած գործընկերների հիշատակը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ կրթության բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը և ներկայացրեց 2017-18 ուսումնական տարում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը:

-Ուսումնական տարին բարենպաստ էր հաջողությունների, ձեռքբերումների առումով: Արժեքների վերաիմաստավորման այս փուլում  քիչ չեն նաև մեր անելիքները: Մենք պետք է ձերբազատվենք համակարգում առկա իներցիաներից, դասավանդման ավանդական մեթոդներից, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքները հասցնենք նոր որակական մակարդակի, նախադպրոցականների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դպրոցականների  համար ապահովենք առանձնահատուկ պայմաններ, իրականացնենք ծրագրային պահանջները:

2017-2018  ուսումնական տարում գործող 32 հանրակրթական դպրոցների կարգավիճակի փոփոխություն է կատարվել: Սարդարաշենի միջնակարգը վերակազմավորվել է հիմնականի, Ուղտասարի  հիմնականը` միջնակարգի, իսկ Ջրաղացների մասնաճյուղ  դպրոցը `  հիմնականի: Շրջանում գործում են 24 միջնակարգ, 9 հիմնական դպրոցներ: 5 մասնաճյուղ  դպրոցներ են գործում Սառնաղբյուր, Հիլիս, Փառուխ, Արմենակավան, Մոշխմհատ համայնքներում:

Անցած ուսումնական  տարվա նախօրեին որոշակի աշխատաքներ են տարվել Սառնաղբյուրի կրթօջախը հիմնականի վերակազմավորելու ուղղությամբ: Այդ հարցն այսօր էլ օրակարգում է: Շենքային պայմանները և աշակերտական կոնտինգենտի թվաքանակն այդ հնարավորություններն ընձեռնում են:Եթե ԱՀ ԿԳՆ-ի կողմից ցուցաբերվի  աջակցություն, կարծում եմ կհաջողվի այն իրականացնել:

2017-2018   ուսումնական տարում հանրակրթական  դպրոցներ են հաճախել 2448 աշակերտ, որը 78 աշակերտով ավելի է անցած ուսումնական  տարուց: Վերջին 5 տարիներին արձանագրվել է աշակերտների թվաքանակի աճի միտում:

Ուսումնական գործընթացն իրականացնում են բարձրագույն կրթությամբ` 660 և միջնակարգ մասնագիտական կրթությամբ` 15 ուսուցիչներ, իսկ սպասարկման ոլորտում ընդգրկված են 314 աշխատողներ:

Առաջնորդվելով դպրոցներում թափուր տեղերը մրցույթային կարգով համալրելու հրամանով, օգոստոսի 23-30-ը, մրցույթի անցկացման նոր կարգի համաձայն, զինղեկի, հայոց լեզվի, մաթեմատիկայի, ֆիզիկայի, դաստիարակի թափուր տեղերի համար, կկազմակերպվեն մրցույթներ,  սակայն պետք է նշեմ, որ եթե Խնածախի և Այգեստանի դպրոցների զինղեկների, Հարավի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ուսուցչի թափուր տեղերի համար դիմել են 4 և ավելի ուսուցիչներ, ապա  Խնապատի և Նախիջևանիկի կրթօջախների մաթեմատիկայի ուսուցչի թափուր տեղի համար դիմորդներ չեն գրանցվել:

Թվով 8 ուսուցիչներ /մրցութում հաղթած/ օգտվում են ԼՂՀ կառավարության կողմից ընձեռնված հավելավճարներից:

Անցած ուսումնական տարիներին Նորագյուղի, Խնապատի, Իվանյանի նախադպրոցական հիմնարկներում կազմակերպվել են դաստիարակի թափուր տեղերի մրցույթներ, իսկ այս ուսումնականում` Ակնաղբյուրում:

Պետական նախադպրոցական հիմնարկներում ընդգրկված են 293 նախադպրոցականներ: Ասկերանի և Խնձրիստանի հովանավորչական մանկապարտեզներ են հաճախում 124  նախադպրոցականներ: Նախադպրոցական հիմնարկներ հաճախող երեխաների թիվը  կազմում է շրջանի նախադպրոցական տարիքի երեխաների /1730/ 24 տոկոսը:

Նոր մանկական հիմնարկ է կառուցվում Շոշում: Սարուշենի մանկապարտեզի շենքը պատրաստ է, գույքը՝ տեղադրված, հուսանք, որ նոր ուսումնականում երեխաների ընդգրկման գործընթացը կսկսվի:

Նախատեսված է նաև նոր նախադպրոցական հիմնարկ կառուցել Այգեստան համայնքում:

Խնապատի և Ակնաղբյուրի  մանկական հիմնարկները տեղակայված են դպրոցական շենքերում: Հուսանք, որ հետագայում նոր նախադպրոցական հիմնարկներ կբացվեն նաև շրջանի մյուս համայնքներում:

Ասկերանի շրջանի մանկապատանեկան  ստեղծագործական կենտրոնի սաները 2017-2018  ուսումնական տարում հիանալի նվեր ստացան` աշխատանքներն սկսելով հարամարավետ, բոլոր հարմարություններով  ապահովված վերանորոգված  շենքում:

Այսօր կենտրոնում գործում է 36 խումբ`  380 երեխաների ընդգրկմամբ: Խմբակներ են գործում  Ասկերանի, Խնապատի, Իվանյանի, Նախիջևանիկի, Նորագյուղի, Այգեստանի, Բերքաձորի, Հովսեփավանի, Շոշի, Ավետարանոցի, Պատարայի, Ակնաղբյուրի համայնքներում:

Ընթացիկ ուսումնական տարում համընդհանուր տեսչական ստուգումներ են անցկացվել Պատարայի և Խանցքի դպրոցներում, կատարված  աշխատաքներին տրվել են  համապատասխան գնահատականներ: Խնապատի, Շոշի, Այգեստանի, Խնածախի, Կամիր գյուղի  կրթական հաստատություններում ևս պետք է   կազմակերպվեն   տեսչական ստուգումներ ու մեթոդական օգնություն:

Ընթացիկ ուսումնական տարում շրջանի 105 ուսուցիչների ընդգրկմամբ կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ: Ինչ խոսք,  նշված 105 ուսուցիչներն անցան նաև ատեստավորման փուլը: Տեսնենք, թե նրանցից քանիսը կձգտեն ստանալ որակավորման տարակարգ: Այսօր տարակարգ ստանալու մեծ  մրցակցություն է Պատարայի և  Նորագյուղի միջնակարգ դպրոցներում, ինչը և´ողջունելի է, և´խրախուսելի:

Գաղտնիք չէ, որ դպրոցականների առարկայական օլիմպիադայի նպատակը շարունակում է մնալ սովորողների աշխատասիրության,   բարձր պատասխանատվության, համակողմանի զարգացման   առաջնայնության ապահովումը: Այս առումով ձեռքբերումները գոհացուցիչ են: Օլիմպիադայի շրջանային փուլին մասնակցած 383 դպրոցականներից  հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ստացած 55 աշակերտներ զբաղեցրել են մրցանակային 11 տեղեր:

Հանրապետությունում օլիմպիադայի արդյունքներով զբաղեցրել ենք առաջին տեղը. դա և´պատիվ , և´պարտավորեցնող, այսուհետ իրավունք չունենք դրանից ցածր հարթակ զբաղեցնելու:

Շեշտեմ, որ հաղթանակներն ապահովել են Ակնաղբյուրի, Սզնեքի, Ասկերանի, մասամբ  Նորագյուղի և Պատարայի  դպրոցականները:

Ինչ ասել մյուս մանկավարժական կոլեկտիվների մասին, արդյոք  ժամանակը չէ՞ զգաստանալ և սթափ մտածել, թե համակերպվել «կխոսեն, կանցնեն» կարգախոսին:

ԿԳՍՆ ԳԹԿ-Ի կողմից արտաքին ընթացիկ ստուգումները /դեկտեմբեր և ապրիլ ամիսներին/ ևս նպաստում են բարձրացնելու մանկավարժների, սովորողների պատասխանատվությունը:  Տնօրենների խորհրդակցություններում խորությամբ վերլուծություն  է կատարվում` ստուգումների արդյունքների ուղղությամբ:

2017թ. դեկտեմբերի 5-ի արտաքին ընթացիկ գնահատումների արդյունքներով մասնակցած 701 աշակերտներից անբավարար են ստացել 143-ը կամ մասնակիցների 21%-ը: 529 աշակերտներ կամ մասնակիցների 75%-ը ստացել են 4-8 միավոր: 9 և10 միավորներ են հավաքել 29 աշակերտ:

2018 թվականի ապրիլի 18-ի գնահատումների արդյունքներով 520 աշակերտից 157-ը կամ մասնակիցների 30%-ը ստացել են անբավարար գնահատական: Նման ցուցանիշ առաջին անգամ է գրանցվել գնահատումների ամբողջ ընթացքում:

Շրջանի դպրոցականներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ասմունքի, շարադրությունների, ստեղծագործող աշակերտների, պատանի նկարիչների մրցույթներին:

Աշակերտներն ակտիվորեն են մասնակցել նաև Արցախյան շարժման 30-րդ ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղին /Խնապատի, Ակնաղբյուրի, Իվանյանի, Ավետարանոցի, Ասկերանի, Նորագյուղի, Նախիջևանիկի, Խրամորթի դպրոցները/:

Ընթացիկ ուսումնական տարում շրջանում անց են կացվել 9 մարզական առաջնություններ: Այդ առաջնություններին ակտիվ մասնակցել են Ասկերանի, Նորագյուղի, Խաչենի, Խնձրիստանի, Իվանյանի, Խնապատի, Պատարայի, Ակնաղբյուրի կրթական հաստատությունների աշակերտները: Շրջանի հավաքական թիմերը՝ ըստ մարզաձևերի հանրապետությունում գրավել են տարբեր մրցանակային տեղեր:

Նշեմ, որ ակտիվությամբ է կազմակերպվել նաև դպոցականների ամառային հանգիստը:

Կրթության բաժինն անելիքներ ունի դպրոցներում ղեկավար կադրերի սերնդափոխության նախապատրաստական աշխատանքներում:

Մտահոգության տեղիք է տալիս նաև մի շարք դպրոցներում տիրող  բարոյահոգեբանական վատառողջ մթնոլորտը: Ղեկավարները և մանկավարժները սթափ մտածելու կարողություն պետք է ցուցաբերեն,  ոչ թե առիթ-անառիթ ստեղծեն բախումների, վեճերի, փոխադարձ  վիրավորանքների մթնոլորտ:

Դասղեկական աշխատանքների պլանում պետք է նախատեսել բնակավայրերի պատմության ուսումնասիրումը և դպրոցներում տեսանելի տեղերում ունենալ գյուղի պատմության մասին վկայող տեղեկություններ:

Նախադպրոցական հիմնարկների աշխատաքները հստակեցնելու նպատակով, գտնում ենք, որ  պետք է համապատասխան հաստիք նախատեսել:

Հասունացել է նաև 5-օրյա աշխատանքային ռեժիմի անցնելու հարցը,  ինչպես նաև կրտսեր դպրոցներում երկարօրյա խմբերի ձևավորումը:

ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը շնորհավորելով շրջվարչակազմի նորանշանակ ղեկավարին ստանձնած պաշտոնի համար՝միաժամանակ շեշտեց, որ ակնկալում է արդյունավետ համագործակցություն, քանի որ շատ հարցերում համակարծիք են:

-Փաստ է, որ այս տարիների ընթացքում կրթության ոլորտում կատարվել են հսկայական աշխատանքներ, առաջնահերթ է դարձել դպրոցաշինության խնդիրը, համայնքներում կառուցվում են դպրոցական նոր շենքեր: Այսօր փոփոխությունների ժամանակաշրջան է, կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ և միանում ենք նոր կրթակարգին: Այսօրվա աշակերտը խիստ տարբերվում է 10 տարի առաջվա աշակերտից: Փոխվել է նաև ուսուցչի, դպրոցի դերակատարությունը: Ինքնին փաստ է, որ ուսուցչի աշխատանքը գնահատվում է արդյունքով: Աշխատանքի արդյունքը պետք է գնահատվի նաև, թե ինչպիսի մարդ է դաստիարակվում դպրոցում և որքանով է նա պատրաստ կյանք մտնելուն: Իհարկե, ռազմահայրենասիրական դաստիարակությունը միշտ ուշադրության կենտրոնում է, սակայն պետք է կարողանանք փոխել մեր մոտեցումները և մտածենք նոր սերնդին գիտելիքներ տալու հետ մեկտեղ, այնպես անել, որ նա սիրի սեփական համայնքը, մտածի շենացնել այն և լավ մարդ դառնա:

Այսօր մեր խնդիրն է, որ կարողանանք պատրաստել նոր սերնդի ուսուցիչներ, շատ քիչ տնօրեններ գիտեմ, որ ցանկություն ունեն լավ մասնագետներ ներգրավել, այլ ուսուցիչներին նայում են որպես աշխատողներ և ապահովում նրանց սոցիալական վիճակը: Այս ձևով չենք կարող տալ որակյալ կրթություն: Գիտենք դեպքեր, երբ ուսուցիչներն արգելք են հանդիսանում երեխաներին հիմնական դպրոցից հետո որևէ արհեստ սովորելու հարցում, քանի որ մտածում են դասաժամերը պահպանելու մասին: Մինչև չփոխենք այս համակարգը, չենք հասնի նոր ձեռքբերումների: Դպրոցի տնօրենները պետք է շահագրգռվեն ուսուցիչների թափուր տեղերը լավագույն մասնագետներով համալրելու և աշխատեն գործել անաչառ ու անկողմնակալ:

Այս ուսումնականում Ասկերանի շրջանը առարկայական օլիմպիադաներում գրավել է առաջին տեղը, սակայն օլիմպիադան չպետք է դառնա գերնպատակ: Դպրոցը պետք է պարտադիր ներդրում ունենա նաև համայնքի կյանքի բարգավաճման հարցում: Ցանկացած երկիր զարգանում է իր ռեսուրսների ճիշտ օգտագործմամբ, երեխաների համար ստեղծենք այլընտրանք, մանկուց նրա մեջ առաջացնենք ձեռներեցության ջիղը, հետաքրքրություն դեպի գյուղատնտեսությունը, որը կարևոր է մեր երկրի համար: Կարևոր է նաև երեխաների համար ստեղծել շփման հնարավորություն, ինչու չհամագործակցել Սփյուռքի դպրոցների հետ:

ԱՀ ԿԳՍ նախարարն անդրադարձավ նաև նոր ուսումնականից դպրոցը 5-օրյա դարձնելու, երկարօրյա պարապմունքների համար խմբեր ձևավորելու հարցերին և առաջարկեց ծնողական կոմիտեների հետ տեղերում քննարկել, համաձայնության գալ և ներկայացնել առաջարկությունները: Նա ավելացրեց նաև, որ նախադպրոցական հիմնարկների ստեղծման առումով ևս ահագին աշխատանքներ են կատարվել, սակայն ոչ բոլոր համայնքներում կան նախակրթարաններ: Պետք է մտածել, թե որ համայնքում է ավելի նպատակահարմար մանկապարտեզ ունենալ:

ԿԳՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը ևս անդրադառնալով կրթական բարեփոխումներին՝ միաժամանակ շեշտեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել աշակերտի գնահատականներին, որոնք մեծ մասամբ ուռճացված են և աշակերտները չեն կարողանում պահպանել, իսկ դպրոցների տնօրեններին հորդորեց աշխատանքի ընդունել լավ մասնագետներին՝չառաջնորդվելով խնամի, ծանոթ ու բարեկամ կապերով:

Նշենք, որ խորհրդակցությունն անցավ անկեղծ, ազատ և ակտիվ մթնոլորտում: Բարձրացվեցին բազում հարցեր, որոնց տրվեցին համապատասխան պատասխաններ:

Վերջում շրջվարչակազմի ղեկավարը կարգադրեց տնօրեններին կատարել համապատասխան հետևություններ և մեկ տարի հետո հանդիպել նոր ձեռքբերումներով ու նոր գործելավոճով:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter