ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՔԵԶ, ՍԻՐԵԼԻ՛ ԷԴՎԱՐԴ… |
31.08.2018 17:35 |
Իսկ աննըշան եթէ մնայ Երկրի մէկ խորշն հողակոյտն իմ, Եւ յիշատակս ալ թառամի, Ա՜հ, ա՛յն ատեն ես կը մեռնիմ… Պետրոս Դուրյան Օգոստոսի 30-ին Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում կրկին մեծարման հուշ-ցերեկույթ էր: Թեև միջոցառումը տխրության, ցավի և անհուն կարոտի շունչ էր հաղորդում, սակայն սզնեքցիները մի առանձնահատուկ հպարտությամբ էին պարուրվել: Քանզի այս համայնքում զոհված ազատամարտիկների հիշատակը հարգելն ու նրանց մեծարելը սուրբ պարտականություն և բարի ավանդույթ է դարձել: Սզնեքցիները հավաքվել էին գլուխ խոնարհելու անվեհեր և խիզախ ազատամարտիկ Էդվարդ Վանյայի Մարգարյանի հիշատակին, հավաքվել էին ասելու. <<Ծնունդդ շնորհավո՛ր, սիրելի՛ Էդվարդ, մեր քաջ ու բարի նվիրյալ >> … Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի գլխավոր մասնագետ Գրիգորի Մարտիրոսյանը, հերոսի հարազատներ, մարտական ընկերներ, համագյուղացիներ, Ն զորամասի զինվորներ: Ներկաները նախ ծաղիկներ դրեցին սզնեքցի զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը: Ապա հանդիսավոր միջոցառումը շարունակվեց Ներքին Սզնեքի Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցում: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի զինղեկ Գարիկ Մարգարյանը. -Երբ մեր հայրենիքը վտանգի մեջ էր, երբ թշնամին նորից էր հանդգնել արյան մեջ խեղդել արդարության ձայնը, հայ քաջորդիները ոտքի ելան, կենաց մահու կռիվ մղեցին՝ հանուն այս ազատ ու անկախ երկրի: Հաղթեցինք թշնամուն: Ավա՜ղ այս հաղթանակը ձեռք բերեցինք բազում քաջորդիների կյանքի գնով: Հավերժ փա՜ռք ու պատիվ զոհվածներին, նրանց անունները միշտ կմնան մեր սրտերում: Զեկույցով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մելիքսեթ Սահակյանը: Էդվարդ Մարգարյանը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 30-ին Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում: 1975 թվականին ընդունվել տեղի ութամյա դպրոցի առաջին դասարանը: 1982 թվականին ուսումը շարունակել է Կարմիր գյուղի միջնակարգ դպրոցում և այն ավարտել 1985 թվականին: Դպրոցում Էդվարդը լավ էր սովորում: Բարեհամբույր խառնվածքի, ինչպես նաև ակտիվ բնավորության և ընկերասիրության շնորհիվ ուսուցիչների և ընկերների սիրելին էր: Դպրոցն ավարտելուց հետո, նույն թվականին Էդվարդն ընդունվեց Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը: Երկրորդ կուրսից զորակոչվեց ԽՍՀՄ բանակի շարքերը: Նրա զինվորական մասնագիտությունը տանկի մեխանիկ- վարորդ էր: Երկու տարի օրինակելի ծառայելուց հետո, վերադարձավ և շարունակեց ուսումը: Սակայն ալեկոծված հոգով երիտասարդը չէր կարող անմասն մնալ հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններից: Արցախի ճակատագիրն էր որոշվում և հայրենասիրությամբ տոգորված երիտասարդն ուսումն անմիջապես տեղափոխեց հեռակա բաժին և վերադարձավ հարազատ գյուղ, որտեղ արդեն կազմավորվել էր Սզնեքի ինքնապաշտպանական ջոկատը: Նա ինքնամոռաց նետվեց պայքարի մեջ: Գրիշա Միքայելյանի հրամանատարությամբ Սզնեքի ջոկատը հերթապահություն էր իրականացնում Շոշ-Թոփխանա բնագծում՝ խոչընդոտելով Շուշիի կողմից թշնամու առաջխաղացումը դեպի Շոշ և այդ ենթաշրջանի մյուս գյուղերը: Քաջ և անվախ էր Էդվարդը՝ պատրաստ ցանկացած զոհողության: Պատահական չէր, որ մայիսի սկզբներին նա գրանցվեց Շուշիի գրոհին մասնակցելու համար: Այդ ժամանակ ջոկատում ընդամենը հինգ ինքնաձիգ կար և բոլորը չէին կարող մասնակցել մարտին: 1992 թվականի մայիսի 8-ի վաղ առավոտյան սկսվեց հինավուրց բերդաքաղաքի գրոհը: Ջոկատը, որի կազմում էր նաև Էդվարդը, շարժվում էր զառիթափով: Կեսօրին, մարտի ամենաթեժ պահին, օգնություն եկած թշնամու ուղղաթիռներն սկսում են հրետակոծել մեր մարտիկների ուղղությամբ: Հրթիռներից մեկի պայթյունից մահացու վիրավորվեց Էդվարդը: Նա ընդամենը 24 տարեկան էր… Էդվարդի կարճ, սակայն բովանդակալից կյանքը լրիվությամբ նվիրված էր Արցախին ու նրա ազատագրման վեհ գործին; Քաջ հայորդին հետմահու պարգևատրվել է <<Շուշիի ազատագրման համար>> և <<Արիության համար>> մեդալներով: Հուզմունքով էր պատված հոբելյարի մարտական ընկեր, համայնքի ղեկավար Էդվարդ Մուսայելյանի խոսքը: <<Այս միջոցառումը պատմություն կերտած անհատականությունների վաստակի արժևորման հրաշալի առիթ է: Այսօր նշելով Էդվարդի ծննդյան 50-ամյակը՝ մենք միաժամանակ հիշում ենք մեր բոլոր զոհված և անհայտ կորած ազատամարտիկներին: Էդվարդն առաջիններից մեկն էր, ով կամավորագրվելով Սզնեքում նոր կազմավորվող ինքնապաշտպանական ջոկատում, զենք վերցրեց և կանգնեց հայրենիքի պաշտպանության դիրքերում: Դեռևս պատանեկության տարիներից էին նրա մեջ արմատավորվել հայրենասիրական գաղափարները: Նա շատ էր սիրում հարազատ գյուղը և երազում էր ուսում ստանալուց հետո վերադառնալ հարազատ գյուղ և շենացնել հայրենի բնօրրանը:Սակայն անողոք պատերազմը կիսատ թողեց նրա բոլոր նպատակները… Համոզված եմ, որ Էդվարդի ու բոլոր մեր մարտական ընկերների հայրենասիրական ոգով են պատված այսօրվա մեր զինվորները և վստահորեն են իրականացնում իրենց առջև դրված խնդիրները: Ցանկանում եմ ասել, որ հարկ լինելու դեպքում, մենք՝ ազատամարտի վետերաններս պատրաստ ենք կրկին զենք վերցնելու և կանգնելու այսօրվա հայրենյաց պաշտպանների կողքին: Թող այսուհետ հայոց հողում միայն խաղաղություն լինի, փառք հայոց բանակին, հավերժ հիշատակ մեր նահատակներին >>: Կարոտն ու մորմոքը խեղդում էին հերոսի ուսուցիչ և հորեղբայր Շահեն Մարգարյանին: Այս կյանքից անհիշատակ հեռացած երղբորորդուն հիշելիս մշտապես ճմլվում է նրա սիրտը, մտաբերում է նրա մանկությունը, պատանեկությունն ու խոստումնալից ապագան: Հիշում է, թե ինչպես մի անգամ, երբ Էդվարդը փոքրիկ երեխա էր, ոտքը սայթաքեց ու ընկավ վառվող թոնրի մեջ և իր մայրը՝ ասես գերբնական մի ուժով կրակի միջից հանեց թոռնիկին և շուտ հասցրեցին հիվանդանոց: Էդվարդը կազդուրվեց, սակայն կրակն իր հետքը թողեց նրա անմեղ դեմքին: Ինչ իմանային, թե տարիներ հետո դաժան պատերազմն էր հետքեր թողնելու Մարգարյանների գերդաստանի սրտերում…Իսկ նրանց գերդաստանը մեծ էր: Սարգիս և Շուշան Մարգարյանները ծնել ու դաստիարակել են 10 զավակների, ովքեր իրենց սերունդների հետ այսօր հավաքվել էին հիշելու Էդվարդին: Շահեն Մարգարյանը երախտագիտության խոսքեր ասաց միջոցառման կազմակերպիչներին, գյուղի հասարակությանը՝ շեշտելով, որ մարդ ապրում է այնքան, որքան իրեն հիշում են: Այսօրինակ միջոցառումները պետք են նոր սերնդին, նա պիտի իմանա, թե ինքը ով է, որտեղից է գալիս, ինչ պատմություն ունի և ուր է գնալու: Քարացած դահլիճը շարունակեց լսել Էդվարդի մյուս հորեղբայր Կառլեն Մարգարյանի սրտի խոսքը. -Սովորաբար մարդու կյանքում գոյություն ունեն տարբեր զգացմունքներ, որոնցից մեկը գլուխ է բարձրացնում՝ լռեցնելով մյուսին: Այս պահին մեր հոգիներում միաժամանակ թևածում են մի քանի զգացմունքներ՝ հպարտությունն ու տխրությունը, ցավն ու կսկիծը: Եվ դրանք միահյուսվել են իմ հոգում՝ որպես Էդվարդի հարազատի, ուսուցչի, պարզապես մարդ արարածի: Ես չեմ կարողանում հավատալ, որ նա 50 տարեկան կդառնար: Իմ հիշողության մեջ մնացել է նրա 24-ամյա կյանքի ամենավերջին ակնթարթը: Մեզանից յուրաքանչյուրի համար ցավալի էր նման երիտասարդների կորուստը, ամենքի հիշատակի առաջ ծնկի եմ գալիս և խոնարհում գլուխս: Մեր գյուղի տղաներն իրենց բաժնն են բերել այս հողի համար: Զոհվածներին կասեի ՝ հավերժ փա՜ռք, ապրողներիս երկար կյանք: Ես ցանկանում եմ շնորհակալություն ասել Էդվարդի ծնողներին՝ Վանյային և Արմիդային: Չեմ կարող մոռանալ, թե ինչպես էր երբեմնի հաղթանդամ և ուժեղ հայրը ցավից փոքրացել ու մի բուռ դարձել: Կորստի հետ չհամակերպվեցին նրա ծնողները և վաղաժամ հեռացան այս կյանքից: Ոչինչ և ոչ ոք չփոխարինեցին Էդվարդին՝ անգամ իրենց չորս զավակները: Ծնողական մորմոքն ստիպում էր նրանց շուտ հասնել իրենց որդուն: Շնորհակալությունս եմ հայտնում նաև Էդվարդի ուսուցիչներին, որ կրթել ու դաստիարակել են նման տղաների, շնորհակալություն այս հողին, որ ծնել է այդպիսի նվիրյալների: Աղոթենք, որ այս գիշեր երկնքից լույս ծորա դեպի նրանց գերեզմանները, և փայլատակեն տղաների հոգիները: Միջոցառումն ուղեկցվում էր ասմունքով ու երգով: Ասկերանի Ն զորամասի ժամկետային զինծառայող Հովհաննես Հովհաննիսյանի ելույթները լի էին վստահությամբ և հպարտությամբ, իսկ Արգինե Մարգարյանի ասմունքը մի առանձնահատուկ հույզեր հաղորդեց ներկաներին: Էդվարդ Մարգարյանի ուսանողական և մարտական ընկեր Գառնիկ Ավանեսյանի հիշողություններում իր ընկերը խիզախ, կենսուրախ, ընկերասեր և անչափ բարի անձնավորություն էր: Նրա հետ կարելի էր առանց երկմտելու մարտի գնալ, լինել ամենավտանգավոր տեղերում, չվախենալ ոչնչից: Գառնիկ Ավանեսյանն այս միջոցառումը համարեց ամենաիսկական հայրենասիրական մի դաս, որին կարելի է տալ միայն գերազանց գնահատական: Միջոցառումն ավարտվեց դպրոցականների ելույթներով, որոնք հերոս տղաներին մեծարելու և նրանց գործը գնահատելու խորհուրդ էին կրում: Անշուշտ, այն իր խոհուն իմաստով անմոռանալի կնիք թողեց Ներքին Սզնեքի պատմության էջերում: Համոզված եմ, սզնեքցիներից յուրաքանչյուրը հոգու խորքում աղոթում էր զոհված տղաների համար և հպարտանում, որ փոքրիկ այս գյուղը տվել է պանծալի տղաներ, որոնց հիշատակը հիշվում և հիշվելու է սերնդեսերունդ: Հ.Գ. Չեմ կարող չանդրադառնալ և հիացմունքով չխոսել Ներքին Սզնեք համայնքում տիրող համախմբվածության և համերաշխության մասին: Դպրոց-համայնք փոխհամագործակցությունը ստեղծում է հենց այն երանելի ներդաշնակությանը, որ այսօր ակնառու է գյուղում: Մտածենք մեր անցյալը գնահատելու, ապագան կերտելու մասին: Ընդունենք այն իմաստալիցը, ինչ կա մեր շրջապատում, ընդօրինակենք… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|