ԳԻՐՆ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԻ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԵՆ
02.09.2018 15:50

Սեպտեմբերի 1-ը որպես Գիտելիքի օր պաշտոնապես հայտարարվել է 1980թ. հոկտեմբերի 1-ին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ։ Մինչև 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հայտարարված չէր և այն պարտադիր չէր բոլորի համար։ 1930թ. օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պետք է դպրոց ընդունվեն աշնանը։ Սեպտեմբերի 1-ը որպես Գիտելիքի օր ամրագրվել է տարբեր ազգերի տոնացույցերում, և նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ բազմաթիվ երկրներում օրն անփոփոխ է մնացել։

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հնչեց ավանդական առաջին զանգը։ 2018-19ուս. տարում մեր հանրապետությունում առաջին դասարան հաճախեց ավելի քան 2500 երեխա։ Չնայած ցուցանիշը փոքր ինչ զիջում է նախորդ տարվա ցուցանիշին, այնուամենայնիվ այն ոգևորիչ ու հուսադրող է։ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի առաջին դասարան հաճախեց 28, իսկ նախապատրաստական խումբ՝ 35 երեխա։

Սեպտեմբերի 1-ին մարդաշատ էր Ասկերանի միջնակարգ դպրոցի բակը։ Բազմաթիվ ծնողներ, տատիկներ և պապիկներ եկել էին ականատեսը լինելու իրենց փոքրիկների առաջին լուրջ քայլին։

Դպրոցական առաջին զանգի տոնական տողանին ներկա էր ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Բալասանյանը, Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու սարկավագ Տեր Մեսրոպ քահան Խունոյանը, հյուրեր, ասկերանցիներ։

Ներկաներին ողջունեց դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը՝ շնորհավորելով և՛ աշակերտներին ու ուսուցիչներին, և՛ ծնողներին՝ մաղթելով նրանց հաջողություններով լի ուսումնական տարի։ Ա. Գյանջումյանը բարեմաղթանքների խոսք ասաց հատկապես առաջին դասարանցիներին՝ մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմությունը, իսկ մանկավարժներին, որոնց վստահված է սերունդների կրթության ու դաստիարակության շնորհակալ գործը՝ նվաճումների և ձեռքբերումների բեղմնավոր ուսումնական տարի։

Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը, որի ելևջների ներքո բարձրացվեց պետական խորհրդանիշ դրոշը։

Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը թերթելով մեր պատմության հերոսական էջները՝ նշեց, որ մեծ Արարչի շնորհիվ այսօր մենք ունենք գիր ու գրականություն, որն էլ հանդիսացավ աշխարհի հզորների կողքին մեր հարատևության գրավականը։

- Մաշտոցյան գրերի ստեղծումը, դրան հաջորդած դպրոցաշինության ու կրթության վերելքը մեր ազգային վերածննդի, գիտության ու մշակույթի զարգացման, ազգային ինքնագիտակցության հիմքն են եղել: Ուստի միայն իմաստնությամբ և ամենօրյա տքնաջան աշխատանքով կարող ենք մեր երկիրը հզորացնել և բարձունքների հասցնել։ Իսկ դեպի իմաստնություն տանող ճանապարհը սկսվում է դպրոցից։ Ձեզանից և ոչ մեկը չպիտի թերանա և իր հասանելիք գործը կատարի պարտքի վեհ զգացումով, քանզի այսօրվա մեր խաղաղությանը շատ թանկ գին ենք վճարել։ Աստծո զորությամբ հաստատուն խաղաղություն Արցախ աշխարհին,- ասաց սարկավագը։

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ներկաներին բարեմաղթանքի խոսքեր ասաց Աշոտ Ղուլյանը, ում համար Ասկերանում որևէ միջոցառման մասնակցելը միշտ ցանկալի և պատվաբեր է։ ԱԺ խոսնակն առաջին հերթին շնորհավորեց առաջին դասարանցիների ծնողներին, որոնց համար, իրոք, հիշարժան օր է, քանզի իրենց զավակները բռնել են դեպի իմաստնություն տանող ճանապարհը։

Ա. Ղուլյանը մեր երկրի իշխանությունների անունից շնորհավորեց ասկերանցիներին նշանակալից տոն օրվա առթիվ, ովքեր Արցախ աշխարհի պետականության հիմքերն ամուր պահպանողների շարքերում են մշտապես եղել։ Նա միաժամանակ համոզմունք հայտնեց, որ Ասկերանում հասակ է առնում մի սերունդ, ով իր գիտելիքներով, հմտություններով, կարողություններով և հայրենասիրությամբ գերազանցելու է բոլոր սպասելիքները։

-Շնորհավորում եմ բոլորիդ գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ, հաջողություն եմ մաղթում ձեզ ուսումնառության, ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում։ Անընդհատ աշխատեք և ձեր թանկ ժամանակն օգտագործեք գիտելիքներ ձեռքբերելու համար՝ ապագայում կայուն գիտելիքներով մասնագետներ ունենալու համար, քանզի վաղն անվերապահորեն ձեզ է վստահվելու  երկրի շենացման և բարգավաճման գործը,- ասաց Ա. Ղուլյանը՝ շնորհավորելով ներկաներին Արցախի Հանրապետության պետական անկախության տոնի առթիվ։

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանի սրտի խոսքն ուղղված աշակերտներին հորդոր էր ուսման մեջ երբեք ոչ մի հարցում չթերանալու, ուսուցիչներին՝ ջանք ու եռանդ չխնայել ուսման որակն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ։

- Պատահական չէ, որ սեպտեմբերի մեկը նշվում է որպես գիտելիքի օր, գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը։ Շնորհավորելով բոլորիս գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նոր ուսումնական տարում հաջողություններ և ամենայն բարիք,- ասաց Մ. Ավանեսյանը:

2017-18 ուսումնական տարում գերազանց առաջադիմություն ցուցաբերած աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով։

Միջոցառման տոնական մասն ապահովեցին դպրոցականները, որը սկսվեց ֆլեշմոբով, ապա շարունակվեց արտասանություններով և երգերով։ Դպրոցի ՄՊ կազմակերպիչ Գայանե Հայրիյանը շնորհավորելով ներկաներին սեպտեմբերյան երկու տոների առթիվ՝ մաղթեց մեր երկրին կայուն խաղաղություն, որպեսզի 2018-19 ուսումնական տարին լինի միայն հաղթանակների ու նվաճումների տարի։

Առաջին զանգը հնչեցնելու պատիվը տրվեց առաջին դասարանցի Գենադի Աղաջանյանին և 12-րդ դասարանցի Լիլիթ Բեգլարյանին։

Ինչպես և հանրապետության մյուս դպրոցներում Ասկերանում նույնպես առաջին դասը նվիրված էր Հայրենիքին, հայրենասիրությանը։ Դպրոցի բոլոր դասարաններում կազմակերպվեցին արիության դասեր։

Դպրոցի դահլիճում հավաքված ավագ դպրոցի աշակերտների համար հայրենասիրական դասն անցկացրեց ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նա արժևորելով ասկերանցիների դերն ու նշանակությունը Արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարիներին, համոզմունք հայտնեց, որ այսօր Ասկերանում հասակ են առնում նույնքան անձնվեր զավակներ  և նվիրյալներ, ովքեր չմոռանալով անցյալի դասերը և բարձր գնահատելով նախնիներից ստացած և անչափ թանկ գնով ձեռքբերված Անկախությունը՝ արժանապատվորեն շարունակելու են Հայրենիքը դեպի վերելք տանող ճանապարհը։

Արիության դասն անցավ անկաշկանդ և անմիջական մթնոլորտում, յուրաքանչյուր ոք գիտակցում էր հնչած ամեն մի խոսքի կարևորությունն ու արդիականությունը։

Հաստատ, ինչքան էլ ժամանակներ անցնեն ու սերունդներ փոխվեն երբեք չի խամրի ու չի իմաստազրկվի դպրոցական առաջին զանգը, որով սկիզբ է դրվում նորանոր ձեռքբերումների։

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter