ՓԱ՛ՌՔ ՄԵՐ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ |
03.09.2018 16:00 |
Սեպտեմբերի 2-ը համայն հայության այն առանձնահատուկ տոներից է, որը շրջադարձային եղավ մեր ժողովրդի համար և լրիվությամբ փոխեց պատմության ընթացքը: Այն ազդարարեց Արցախի Հանրապետության ծնունդը, որը մեր հերոսական ժողովրդի երկարամյա պայքարի, անկոտրում կամքի արդյունքն էր: Վերջապես մենք նվաճեցինք մայր հողում ազատ և երջանիկ ապրելու իրավունքը… Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանի գլխավորությամբ շրջանի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները, շրջվարչակազմի բաժինների վարիչները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Արցախի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած ասկերանցի հերոսների հիշատակը հավերժացնող հուշավահանակին: Այնուհետև այցելեցին Տանկ հուշահամալիր, որտեղ ևս ծաղիկներ տեղադրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: Միջոցառման մասնակիցներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև Արցախյան ազատամարտում և Հայրենական Մեծ պատերազմում զոհված Ասկերանի շրջանի բոլոր հայորդիների հիշատակին կանգնեցված հուշահամալիրում՝ գլուխ խոնարհելով նրանց անունների առջև: Մինչ հանդիսավոր միտինգի սկսվելը՝ հնչեց Արցախի հանրապետության պետական օրհներգը: Ասկերանի շրջավարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը ողջունելով ներկաներին և շնորհավորելով բոլորին ԱՀ անկախության հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշեց. -Այս անկախությունն ու ազատությունը ձեռք ենք բերել մեր ժողովրդի ուժեղ կամքի և ոգու շնորհիվ: Մենք կարողացել ենք հաղթահարել բազում դժվարություններ և խոչընդոտներ՝ կերտելով այսպիսի հրաշալի երկիր, որ կոչվում է Արցախ աշխարհ: Թող մեր երկինքը միշտ անամպ լինի, թող մեր ընտանիքներում թևածեն խաղաղությունն ու համերաշխությունը: Փա՜ռք մեր անկախ պետությանը, փա՜ռք մեր հերոսական ժողովրդին: Զեկույցով հանդես եկավ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը. -Քսաներորդ դարի վերջին հայոց պատմության մեջ տեղի ունեցածը դարակազմիկ նշանակություն ունեցավ՝ ծնվեց հայոց երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Անկախությունն ու ազատությունն արցախցու համար գաղափարներ էին, որոնց հասնելու ճանապարհը զոհասեղան դարձավ մի սերնդի համար, ով չտարակուսեց անձնազոհվելու և լուսավոր կանթեղ դառնալու գալիքի համար: Ամեն մի ժողովուրդ իր պատմության ողջ ընթացքում ինչպես հաղթանակներ, այնպես էլ պարտություններ է կրել: Արցախցու պարտությունը ոչ թե մարտի դաշտում եղավ, այլ շքեղ պալատներում՝ սևով սպիտակի վրա գրված: 1991 թվականի մարտի 16-ին Մոսկվայում չարաբաստիկ պայմանագիր կնքվեց և ստորագրվեց խորհրդային կարգերի մեծ բռնապետ Ստալինի կողմից: Հենց այդ պայմանագրով վճռվեց արցախցու ճակատագիրը և ոտնահարվեց նրա ազգային, ինքնորոշման, ազատ և անկախ ապրելու իրավունքը: Ուղիղ յոթանասուն տարի մեր ժողովուրդը դիմակայում էր խորհրդա-ադրբեջանական չինովնիկների կոշտ ու համազգային վտանգ ներկայացնող կտտանքներին: Գորբոչովյան վերակառուցումը փրկության դուռ պիտի բացեր, սակայն ավա՜ղ, իսկական պայքարը դեռ առջևում էր: 1988 թվականի փետրվարին հասունացավ պահը, արցախահայությունն սթափվեց, հստակ որոշեց գնալ նոր պատերազմի՝ հանուն ազատ ու անկաշկանդ կյանքի, հանուն սերունդների բարորության: Սկսվեց արցախյան շարժումը, հայ ժողովրդի ոգեղեն հավատը մի նոր պատմական էջ բացեց, որի մասին հարյուրամյակներ շարունակ երազում էին մեր պապերը: Մեր հերոս տղաների շնորհիվ կարողացանք այդ պատմական պոռթկումը հասցնել հաղթական հանգրվանի: Կարծում եմ, չկա հայ ժողովրդի դաստիարակության ավելի ճշգրիտ նկարագիր, քան տվել է Գարեգին Նժդեհը. <<Սերունդը պիտի դաստիարակվի այն ոգով, որ պետք է մեռնել ապրելու համար, և ոչ թե ապրել մեռնելու համար>>: Հենց այս ոգով էլ մենք սերունդ ենք դաստիարակում, սերունդ, ով բարձր է գնահատում այդ հաղթանակը, ով չի երկնչում ոչնչից, չի զլանում Հայրենիքի սահմանները գիշեր ու զոր պաշտպանելուց: Մեր սերունդը բարձր է գնահատում իր բանակը, եռագույնը, զինանշանն ու օրհներգը, հասկանում է, որ մայրն ու Հայրենիքն անգին են, և պատահական չէ, որ այդ երկու նվիրական բառերն իրար հետ արտահայտում են ամենամեծ իմաստը՝ Մայր Հայրենիք: Մեր անկախությունը մեզ համար թանկ արժեցավ, տարավ պարտադրված պատերազմի և, ցավոք, շարունակական է մինչև օրս: Բայց մենք վճռական ենք, մենք կանք արդեն երկու տասնյակից ավելի և աշխարհն ստիպված է հաշվի նստելու պատմական ճշմարտության հետ: Մեր պայքարը պիտի շարունակվի և դիվանագիտական ճկունությամբ մենք կհասնենք միջազգային ճանաչման: Շնորհավո՛ր տարեդարձդ նորաթուխ պետություն, եղիր միշտ հպարտ ու անսասան, հարատևիր դարերով՝ ապավեն ու ապաստան լինելով բազմաչարչար ժողովրդիս: Հանդիսավոր միջոցառման մասնակիցներին շնորհավորանքի խոսք հղեց Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը. -Այսօր հավաքվել ենք արժևորելու մեր հանրապետության անցած 27-ամյա ճանապարհը: Այսօր արևածագն Ասկերանում այլ գույն ունի, գեղահրաշ բնությունն այլ բույր ունի: Ասկերանում տոնախմբություն է… Մենք հույսով ու հավատով, արարումի ճանապարհով կերտեցինք Արցախի Հանրապետությունը, մեր Հայրենիքը: Դարեր շարունակ հայ ժողովրդին ուղեկցել են պատերազմները, բայց հայը կարողացել է ապացուցել իր կամքի ոգեղենությունը, աշխարհին պարզել իր լինելիության քվեն և գոյության խորհուրդը: Այդպես էր բոլոր ժամանակներում, այդպես էր 1988-ին և 1991-ին: Ազգային զարթոնքի վերջերից մինչև անկախություն, ճանապարհը հարթ ու ողորկ չէր: Մենք անցանք տառապանքի, մաքառումի, դեգերումների ճանապարհ: Անցանք պատերազմի բովով, կռվեցինք, պայքարեցինք և հաղթեցինք: Եվ այսօր կանք և ունենք անկախ Արցախի Հանրապետություն, որը սոսկ տարածք չէ, այլ Հայրենիք: Իսկ նրանք, ովքեր դարձել են սուրբ նահատակներ՝ խաղաղ նինջ և անդորրություն: Շենացնենք մեր երկիրը, տեր կանգնենք մեր հող ու ջրին, ծառ ու ծաղկին, հանդ ու այգուն, մեր ավանդույթներին: Շարունակենք կառուցել մեր երազած երկիրը: Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում հավետ խաղաղություն՝ խաղաղ ամբարների օրհներգությամբ և արևային բարությամբ շաղախված: Անկախության սերնդին հղում եմ իմ պատգամը.-<<Օտար ափերում ազատությունն այլ գերություն է, և որքան էլ օտար ջրերը խոստանան անմահություն, Հայրենիքիդ լեռան աղբույրն է մաքրաջուր>>: Միջոցառումն ուղեկցվեց Ասկերանի <<Բերդ>> համույթի տոնական համերգով: Ելույթները, որոնք առլեցուն էին հայրենասիրական ոգով, մեծ ոգևորություն և հույզեր պարգևեցին ներկաներին, իսկ Ասկերանի արվեստի դպրոցի պարի խմբակի սաների պարն ավելի մեծ հավատ և վստահություն հաղորդեց: Այո՛, նրանք՝ այս հրաշալի մանուկներն են մեր երկրի պայծառ ապագան և նրանք մեզանից ոչ պակաս խելացի, ուժեղ և պատրաստակամ են լինելու: Միջոցառման վերջում մասնակիցների համար կազմակերպվեց հյուրասիրություն և ավելի անմիջական, անկեղծ և մտերմացնող ակնթարթներ ավելացրեց օրվա խորհրդին: Շնորհավո՛ր տոնդ, Արցախ…Թող խաղաղության սպիտակ աղավնիները հավետ սավառնեն քո կապույտ երկնակամարում… Կարինե Բախշիյան
|