ՏԱՂԱՆԴԱՇԱՏ ՆԿԱՐԻՉՆ ՈՒ ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ ԿԴԱՌՆԱՐ 57 ՏԱՐԵԿԱՆ
13.09.2018 17:44

Արդեն 20 տարի է, ինչ Նորագյուղի միջնակարգ դպրոցը կրում է §Մարտական խաչ¦ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Վիտալի Հակոբի Պետրոսյանի պանծալի անունը։

Ամեն տարի դպրոցի տնօրինությունը պարտքի վեհ զգացումով է նշում անմահ հերոսի ծննդյան տարեդարձը։ Այս անգամ դպրոցի փոխտնօրեն Լիդա Հայրիյանի նախաձեռնությամբ Վիտալի Պետրոսյանի ծննդյան օրվա նախօրեին դպրոցի փառքի սրահում բացվեց հերոսի պահպանված նկարների անհատական ցուցահանդեսը։ Այն, որ Վիտալի Պետրոսյանն ինքնուս ու տաղանդավոր նկարիչ է,  բացահայտվել էր դեռևս նրա դպրոցական տարիներին։ Վիտալին նկարում էր վաղ մանկության տարիներից։ Ցուցահանդեսին ցուցադրված նկարներից մեկը թվագրված էր 1971 թվականով, երբ Վիտալին դեռևս 10 տարեկան էր։ Նա նկարում էր ուր պատահի՝ թղթի, կտավի, նույնիսկ փայտի վրա։ Նկարում էր և՛ բնանկարներ, և դիմանկարներ։ Նրա նկարներում հայրենի բնությունն է, Արցախն ու Հայաստանը կապող ճանապարհը, ալեհեր Սիսն ու Մասիսը։ Վիտալիի նկարներին նայելիս զգացվում է քամու շարժումն անգամ, բնության զարթոնքը, Խաչենի հովտում տիրող կախարդական ու դյութիչ քար լռությունը։ Ազդեցիկ էր §Ղարաբաղցի հարսը¦ վերնագրված նկարը, որը Վիտալին նկարել էր, երբ դեռ 13 տարեկան էր։ Նկարն առանց գունազարդելու է, հայկական տարազով սլացիկ բոյով աղջնակը կուժը ուսին կանգնած է ծաղկած դաշտում՝ գլխավերևում խաղաղության աղավնիներ։ Մի պահ շվարած քարանում ես։ Դարձյալ ճակատագի՞ր, թե պատահականություն է սա։ Տաղանդաշատ նկարիչն ու յուրօրինակ անձնավորությունը, ով շատ-շատ բան ուներ տալու, սովորեցնելու մեզ, Հայրենիքին՝ մոռացավ ղարաբաղցի իր հասանելիք հարսին ու ամբողջովին նվիրվեց Հայրենիքին ու հանուն վեհ գաղափարների զինվորագրվեց Հայրենիքին, դարձավ հազարավոր հարսների խաղաղության երաշխավորը… Միայն թե ծաղկի Ղարաբաղը …

Վիտալի Պետրոսյանի անմար հիշատակին նվիրված տողանին ներկա էին հերոսի հարազատները, ովքեր ամեն անգամ խորին երախտագիտությամբ են լցվում դպրոցի ողջ անձնակազմի, նվիրյալ ուսուցողների և ուսյալների հանդեպ։ Դպրոցում բարձր հիմքերի վրա են դրված սերը կրթության և գիտության հանդեպ, այստեղ աշակերտներին սովորեցնում ու դաստիարակում են դպրոցի լավագույն աշակերտների վառ օրինակներով։ Նորագյուղի դպրոցականները դպրոց են հաճախում հատուկ համազգեստով։ Գուցե և դրանից է սկսվում կարգ ու կանոնը, որին ենթարկվում են անխտիր բոլորը։

Նախքան միջոցառման հանդիսավոր մասին անցնելը հատուկ հանձնաժողովը որոշեց օրվա նկարչական մրցույթի հաղթողներին, իսկ մասնակիցները 10-ն էին, և յուրաքանչյուր նկարի մեջ զգացվում է հայրենասիրության շունչը, հավատը լուսավոր ապագայի հանդեպ և  լավագույն տղաների կորստյան անհուն ցավը։ Բոլոր նկարներն էլ ինքնատիպ էին ,սակայն Մարինեն հոգում թանձրացած անհուն կարոտն ու հոր պատմություններից տպավորություններ էր հանձնել թղթին՝ վեհափառ Մասիսների արանքից փայլատակում է ազատության արևը, իսկ հեռվում, ձյունածածկ Օմարի սարերում դեռևս ընկած է հորեղբոր արյունոտված հեռադիտակը։ Առաջին պլանում խաղաղության աղավնին է կտցին հորեղբոր դեռևս  88-ին գրած առաջին ցուցապաստառը՝ Հայկական հողերը հայերին…

Ողջունելով ներկաներին դպրոցի կազմակերպչական գծով փոխտնօրեն Լիդա Հայրիյանը դպրոցականներին ներկայացրեց Վիտալի Պետրոսյանի կյանքն ու գործունեությունը, նրա անցած փառահեղ մարտական ուղին։

Նորակառույց Նորագյուղի նորակերտ դպրոցի առաջին դասարանցիներից էր Վիտալին, ով ուսումնառության տարիներին գերազանց սովորելու հետ մեկտեղ առանձնանում էր բնատուր նկարչական տաղանդով և բացառիկ ընդունակություններով։ Դեռևս պատանեկության տարիներից նրա մոտ ի հայտ եկան աներևակայելի հայրենասիրությունն ու ազգասիրական հայացքները։ Ավարտելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ստանալով ինժեներ-էներգետիկի մասնագիտություն՝ վերադարձավ հայրենի գյուղ և աշխատանքի անցավ կոլտնտեսությունում, ազատ ժամերին տրվելով սիրած զբաղմունքին՝ նկարչությանը։  Նկարչության հետ կապված մեծ պլաններ ուներ Վիտալին, և նա մեծ ասելիք ուներ արվեստի այս բնագավառում։ Դա է թերևս վկայում Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի մոտ առաջացած զարմանքն ու հիացմունքը դիտելով Վիտալիի՝ Կարկառի հովիտն իր մարդաշատ գյուղերով ու գեղատեսիլ բնության տեսարաններով պատկերող կտավները։ Հ. Ռուխկյանի խոսքերով՝ բազմափորձ նկարիչն անգամ ռիսկ չէր անի այսպիսի մեծ գործի ձեռք զարկել, այս ուսանող տղան ինչպես է հանդգնել այսպիսի կտավ սկսել ու տակից դուրս գալ։ Այդպես համարձակ կարող է լինել միայն ղարաբաղցին։ Կտավներից միայն մեկն է պահպանվել՝ 2,5մետր լայնությամբ և 9մետր երկարությամբ, ստեղծագործական հիանալի լրացումներով, որն այժմ էլ գյուղի հանդիսությունների սրահի պատն է զարդարում։

Վիտալին նույնքան համարձակ ու հանդուգն էր Հայրենիքի սահմանների անառիկության պահպանման գործում։ Նա անվարան, անմնացորդ նվիրվեց հարազատ բնօրրանի ազատության ու անկախության համար մղված մարտերին։ Վիտալին այնտեղ էր, որտեղ թեժ մարտեր էին։ Աշխարհի և ոչ մի զորեղ ուժ ի զորու չէր նրան ետ պահելու հայրենանվիրական գաղափարներից, նույնիսկ այն ժամանակ, երբ նա հերթական մարտական հերթապահությունց վերադարձել էր ոտքերը ցրտահարած։ Բուժակ հոր հորդորներն անգամ ետ չպահեցին քաջորդուն։ Որոշել էր. հերթական հաղթանակը կտոնեն քրոջ՝ Պոլինայի տանը, ապրիլի 13-ին, այդ օրը զարմիկի՝ Արայի ծննդյան օրն էր։

Ավաղ 1994թ, ապրիլի 13-ը սևով բացվեց Պետրոսյանների և ամբողջ նորագյուղցիների համար, զոհվեց քաջամարտիկների առյուծասիրտ հրամանատարը, թողնելով ծնողների, հարազատների և բոլոր նրան ճանաչողների սրտերում անեզր մորմոք, ցավ ու դառնության։

…Ասում են, յուրաքանչյուր մարդու կյանք մի կտավ է, լույսի ու ստվերի համադրությամբ, վառ ու պաղ գույներով, ներքին դրամատիկ պատկերներով, բայց ինքնատիպ ու յուրօրինակ։  Վիտալի Պետրոսյանի կտավի գույները վառ ու թանձրացված են։ Նկարիչը կարծես թե շտապել է իր հոգու ողջ սերն ու գույները պահ տալ կտավին, կանխազգալով, որ նախախնամությունը նրան ընդամենը 33 տարվա կյանք է շնորհելու։

Միջոցառմանն ազդեցիկ հայրենասիրական երգերով հանդես եկան մի խումբ դպրոցականներ։

Վերջում Վիտալի Պետրոսյանի ծննդյան 57-րդ տարեդարձին նվիրված նկարչության, շախմատի և հնգամարտի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները տնօրինության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով։ Պատվոգրեր ստացան նկարչության մրցույթի բոլոր մասնակիցները։ Անշուշտ Վիտալի Պետրոսյանն իր ծանրակշիռ խորհուրդը կտար նորընծա նկարիչներին ու կհորդորեր յուրաքանչյուր մասնագիտություն սիրել՝ հայրենասիրություն երբեք սրտից չհանելով։

Ինչպես նշեց Լիդա Հայրիյանը, հերոսի ծննդյան օրվան նվիրված առաջին միջոցառումն է, որ նշվում է այս ձևաչափով՝ նկարչական մրցույթով և մեծ հայրենասերի անհատական ցուցահանդեսով, հետագայում տեղ գտած աննշան թերությունները կշտկվեն և սեպտեմբերի 13-ն այսուհետ դպրոցում կնշանավորվի նաև նկարչական մրցույթի կազմակերպմամբ։

Կարծում եմ, երախտագիտական ինչպիսի խոսքեր էլ հնչեցնենք միջոցառման կազմակերպիչներ Լիդա Հայրիյանի և Անահիտ Արզումանյանի հասցեին չի բավականացնի արտահայտելու մեծ հուզմունքն ու  հպարտությունը, որ ապրեցին Վիտալիի հարազատները։ Հերոսի հարազատները խոստացան այսուհետ ևս  լինել դպրոցի կողքին, ապրել նրա հոգսերով...

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ



 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter