ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ |
10.09.2018 09:27 |
Շատ երիտասարդներ, ուսանելով ՀՀ արվեստի ԲՈՒՀ-երում, հնարավորություն չունեն իրենց մշակութային արտադրանքի ցուցադրման, հանրահռչակման, ինչպես նաև միջազգային փորձի մեջ ինտեգրման համար: Այդ պատճառով նրանց մոտ առաջանում է թերարժեքության բարդույթ, չեն ձգտում նորարարական մոտեցումների ընկալման, ինքնադրսևորման և ինքնարտահայտման համար ուղիների որոնման: Այդ հիմնախնդիրների պատճառով շատ արհեստավարժ արվեստագետներ լճանում են, չեն զարգանում և հետագայում չեն համալրում ազգային և համամարդկային մշակութային ժառանգության պահոցները: Հենց այդ հիմնախնդիրների վերացմանն է միտված ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից կազմակերպվող <<Մինասի գույներով>> երիտասարդ նկարիչների միջազգային պլեները, որն առաջին անգամ կազմակերպվեց 2012 թվականի օգոստոսին: Երիտասարդ նկարիչների հանրապետական առաջին պլեներին մասնակցում էին երիտասարդ նկարիչների պատվիրակություններ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երևան քաղաքից, ինչպես նաև վաստակավոր նկարիչներ Ռուսաստանից, ովքեր հայ արվեստագետների կողքին անց էին կացրել վարպետաց դասեր: Ծրագիրն առաջինն էր ՀՀ-ում, և արձագանքն այնքան մեծ էր, որ կարիք առաջացավ այն դարձնել ամենամյա ՝ տարեցտարի մեծացնելով մասնակից պատվիրակությունների թիվը: Այս անգամ միջազգային 7-րդ պլեները կազմակերպվեց օգոստոսի 28-31-ը ՀՀ Շիրակի մարզի <<Աղաջանյան>> ճամբարում: Ծրագրին մասնակցել են 18-30 տարեկան թվով 45 նկարիչներ ՀՀ ողջ տարածքից, Արցախի Հանրապետությունից, Ջավախքից: Պլեները նվիրվել է մեծանուն հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին և Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և կրել է <<Անկախ Հայաստանի երիտասարդ արվեստագետները>> խորագիրը: Երիտասարդ նկարիչների միջազգային պլեներին մասնակցելու համար հրավեր էր ստացել նաև Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժինը և մասնակցության համար հայտ էին ներկայացրել Սյուզաննա Բարսեղյանը, Լուսինե Թադևոսյանը /Իվանյան/ Արմինե Բարսեղյանը /Նորագյուղ/: Խմբի ղեկավարի պարտականությունները դրված էին Սյուզաննա Բարսեղյանի վրա: Ծրագրի նպատակն է ՀՀ և օտարերկրյա երիտասարդ արվեստագետների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ՝ այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության և տարածաշրջանում ապահովման երաշխիք: Պլեները տևեց երեք օր, այն ուղեկցվեց բացօթյա նկարչությամբ, վարպետաց դասերով, գիտաճանաչողական էքսկուրսիաներով և շրջիկ ցուցահանդեսներով: Մասնակիցների համար կազմակերպվեցին մարզական, մշակութային և ժամանցային հետաքրքիր միջոցառումներ: Իսկ պլեների փակման հանդիսավոր արարողության ժամանակ կազմակերպվեց այդ օրերի ընթացքում նկարված աշխատանքների ցուցահանդես, լավագույն նկարիչներին հանձնվեցին պատվոգրեր: Ինչպես նշեցին պլեների արցախցի մասնակիցները՝ ծրագիրն ինքնադրսևորման և ինքնարտահայտման իսկական առիթ էր: Երիտասարդները ճամբարային բարեկամական և միջմշակութային պայմաններում մասնակցեցին պլեներային դասերի, նկարեցին Հայաստանի պատմության և մշակույթի հուշարձանները, իրենց գործերում նկարագրեցին Հայաստանի կախարդական բնությունը՝ իր բազմազանությամբ և հրաշագեղ գույներով: Վերջում մասնակիցները մեկնեցին Ջաջուռ՝ Մինաս Ավետիսյանի թանգարան, եղան նաև նկարչի տանը: Պլեների մասնակիցները այցելեցին նաև Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան: Ասկերանի շրջանի երիտասարդ նկարիչները վառ տպավորություններով վերադարձան Արցախ: Նրանց համար այդ օրերն այնքան հետաքրքիր, այնքան զարմանահրաշ և հաճելի էին, որ երազում էին կրկին լինել Գյումրիում, հանդիպել նորածանոթ նկարիչների հետ ու մասնակցել հերթական պլեներին: Սյուզաննա Բարսեղյանը, Լուսինե Թադևոսյանը և Արմինե Բարսեղյանն իրենց երախտագիտությունը հայտնեցին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանին, ում աջակցությամբ իրականացվել է նրանց ուղևորությունը դեպի ՀՀ Շիրակի մարզ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |