ՄԻԱՀԱՄՈՒՌ ՈՒԺԵՐՈՎ ՇԵՆԱՑՆԵՆՔ ՀԱՐԱԶԱՏ ԳՅՈՒՂԸ |
11.09.2018 12:27 |
Սեպտեմբերի 10-ին հանդիսավոր օր էր Ասկերանի շրջանի Ներքին Սզնեքի համայնքում: Տոնական տրամադրությամբ պարուրված սզնեքցիները հավաքվել էին նշելու հարազատ գյուղի տարեդարձը, որն արդեն բարի ավանդույթ էր դարձել նրանց համար: Գյուղում և գյուղից դուրս ապրող սզնեքցիները հավաքվել էին վերստին մեծարելու իրենց գյուղն ու հպարտանալու նրա անցյալով ու ներկայով: Իսկ գյուղի անցյալն այնքա՜ն լուսավոր ու օրինակելի էր…Նախկին Սզնեքը հայտնի էր իր քաղաքակիրթ, ստեղծագործ և ուսումնատենչ լինելով: Պատահական չէր, որ գյուղն անվանում էին <<Փոքր Թիֆլիս>> անունով: Այսօր մի առանձնահատուկ հպարտությամբ են այդ մասին հիշում սզնեքցիները և շեշտում, որ գյուղի երբեմնի փառքն անպայման վերականգնվելու է: Եվ հենց դրան էր միտված օրվա միջոցառումը, որը համախմբվածության, հայրենասիրության, գյուղը շենացնելու մի յուրահատուկ կոչ է հանդիսանում: Սզնեքցիների ուրախությունը կիսելու էին եկել ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Արայիկ Հարությունյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը: Մինչ հանդիսավոր միջացառման սկսելը ներկաներն այցելեցին Հայրենական Մեծ և Արցախյան պատերազմերում զոհված խիզախ հայորդիների հիշատակին կառուցված հուշահամալիր և ծաղիկներ տեղադրելով՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: Անկախ և ազատ հողում ապրող սզնեքցին բարձր է գնահատում այն տղաների անձնվիրությունը, ովքեր իրենց կյանքի գնով կերտել են այսօրվա խաղաղ մեր կյանքը: Սզնեքցին երբեք չի մոռանա նրանց անունները և սերունդներին կպատգամի բարձր պահել նահատակների հիշատակը: Տոնական միջոցառումը շարունակվեց Ներքին Սզնեքի Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցում: Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մելիքսեթ Սահակյանը. -Տոնական և հիշարժան այս օրը բերկրանքով է պատում յուրաքանչյուրիս հոգին: Սզնեքցիներս հերթական անգամ հավաքվել ենք տոնելու մեր գյուղի տարեդարձը, և այս բարի ավանդույթը, համոզված եմ, շարունակական է լինելու: Միջոցառումը մի յուրօրինակ դաս է բոլորիս համար: Երբ մեր կողքին տեսնում ենք բարերար համագյուղացիների, պետական այրերի, ավելի մեծ ուժ ենք ստանում և լցվում հավատով: Թող միշտ փոխադարձ հարգանքը, համերաշխությունն ու բարեսրտությունը թագավորեն մեր համայնքում: Շնորհավորանքի խոսք ասաց համայնքի ղեկավար Էդուարդ Մուսայելյանը: Հուզմունքով, երախտագիտությով և հպարտությամբ էր շաղախված նրա ելույթը. - Բոլորիս համար հրաշալի այս օրը, ես ցանկանում եմ շնորհակալանքի խոսքեր հղել բոլոր այն սզնեքցիներին, ովքեր իրենց լուման են ներդնում հարազատ գյուղի շենացման համար: Մենք ունենք այնպիսի համագյուղացիներ, ովքեր բնակվելով այլ տեղերում, չեն դադարում ապրել գյուղի կյանքով, նրա դարդ ու ցավերով: Այսօր գյուղի հիմնադրման 301-ամյակն է: Մինչև գյուղի հիմնադրումն այստեղ գոյություն են ունեցել այլ բնակատեղեր, որոնց մասին են վկայում հնագույն պատմամշակութային հուշարձանները: Գյուղի տարածքում պահպանված ամենահին հուշարձաններից է <<Պառավ խաչ>> կոչվող սրբավայրը, որտեղի խաչքարերը 10-13-րդ դարերի թվագրությամբ են արձանագրված: Գյուղի <<Սուրբ Աստվածածին>> եկեղեցին, որ կառուցվել է 1849 թվականին, կանգուն է առ այսօր: Ըստ վկայությունների, գյուղն իր անվանումն ստացել է շրջապատում մեծ քանակությամբ սզնի ծառերի առկայությունից: 1890-ական թվականների սկզբներին գյուղում կար 92 տուն և 727 բնակիչ, իսկ 1979 թվականին՝ 36 տուն և 109 բնակիչ: Այսօր գյուղում կա 32 տուն և 120 բնակիչ: Էջմիածնի սինոդին ներկայացված Արցախի թեմի զեկուցագրում նշվում է, որ 1873 թվականին Շուշի գավառի Սզնեք գյուղում բացվում է նախակրթարան՝ 31 աշակերտով, դասավանդում էր մեկ ուսուցիչ: 1874-75 ուս.տարում գյուղի հասարակության խնդրանքով բացվում է եկեղեցական ծխական դպրոց, որտեղ սովորում են 20 աշակերտ: 1880-ական թվականների վերջերին գործում էր ծխական դպրոց՝ 35 աշակերտների ընդգրկմամբ: Գործում էր երկու բաժանմունք, դասավանդում էր մեկ ուսուցիչ: 1896 թվականին ցարական կառավարության կողմից Արցախում փակվում են բոլոր հայկական դպրոցները, սակայն Սզնեքում գաղտնի գործում էր դպրոցը, որտեղ հաճախում էին նաև հարևան գյուղերի երեխաները: 1907-08 ուս.տարում գյուղում բացվում է ծխական երկսեռ դպրոց՝ 45 աշակերտով: Մինչև 1950 թվականը գյուղի դպրոցը գտնվել է մասնավոր տներում: 1950 թվականին կառուցվել է նոր 8-ամյա դպրոցի շենք, որտեղ սովորում էին 65 աշակերտ: Այն գործել է մինչև 1982 թվականը: Դպրոցը փակվելուց հետո աշակերտները հաճախում էին հարևան Կարմիր գյուղի դպրոցը: Սզնեքի դպրոցը վերաբացվել է 1988 թվականին, սկզբից որպես տարրական, իսկ 1991թվականից՝ 8-ամյա: 2000 թվականից մինչ այսօր դպրոցը միջնակարգ է: Չնայած աշակերտների փոքրաթիվ քանակին/ներկայումս՝ 13 աշակերտ/, դպրոցը վերջին տարիներին անընդհատ ճանաչվում է որպես շրջանի լավագույն դպրոցներից մեկը: Միայն 2017-2018 թվականների ուսումնական տարիներին դպրոցի 4 աշակերտներ մասնակցել են օլիմպիադայի հանրապետական փուլին, իսկ 3 աշակերտներ՝ նաև Երևան քաղաքի եզրափակիչ փուլին և ստացել դիպլոմներ և գովասանագրեր: Ակնհայտ ճշմարտություն է, որ գյուղը կանգում կլինի այնքան, ինչքան կգործի դպրոցը: Ի սկզբանե, սզնեքցիները հայտնի էին որպես հմուտ արհեստավորներ: Հիմնականում տարածված էր դերձակությունը և ոսկերչությունը: 1930-1950 թվականներին այստեղ գործում էր կարի ֆաբրիկա, որտեղ աշխատում էր 40 մեքենա: Մեր ժողովուրդը միշտ էլ հայտնի է եղել որպես աշխատասեր և շնորհաշատ ժողովուրդ: Սզնեք գյուղն ակտիվորեն և անմնացորդ նվիրվել է Հայրենիքի համար մղվող պայքարին, ինչպես Մեծ Հայրենականին, այնպես էլ Արցախյան գոյապայքարին: 105 սզնեքցի անմահացան Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, իսկ Արցախյան ազատամարտում 12 տղաներ իրենց մատաղ կյանքը զոհաբերեցին հանուն այս սուրբ հողի, իսկ մեկ սզնեքցի համարվում է անհայտ կորած: Արցախյան պատերազմից հետո սզնեքցին կարողացավ դիմակայել բոլոր դժվարություններին, չկորցրեց հավատն ապագայի հանդեպ և ավելի մեծ նվիրումով մասնակցեց հայրենիքի շենացմանն ու բարգավաճմանը: Իրականացվել են աշխատանքներ գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ: Գյուղում գործում են գյուղացիական անհատական տնտեսություններ, որոնք հիմանկանում զբաղվում են հացահատիկի, բանջարեղենի մշակությամբ, մեղվաբուծությոմբ և անասնապահությամբ: Տեղին է շեշտել, որ մեր ժողովուրդն իր աշխատասիրության շնորհիվ կարողանում է հասնել հաջողությունների, իսկ այն խնդիրները, որ դեռևս գոյություն ունեն համայնքում, մենք պատրաստ ենք հաղթահարել՝ լինելով այսպես համախմբված և միաբան: 2017 թվականի ընթացքում իրականացվել են հին հանդիսությունների տան կապիտալ շինարարության աշխատանքներ, սակայն անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այն դեռևս ավարտին չի հասցվել: Աշխատանքներն իրականացվել են ԱՀ կառավարության կողմից հատկացված ֆինանսական և համայնքի ներդրած միջոցների շնորհիվ: Վստահ եմ, որ մոտ ապագայում համատեղ ուժերով մեզ կհաջողվի ավարտին հասցնելու մեր ժողովրդի համար կարևոր հարցի լուծումը: Օգտվելով առիթից մեր գյուղի բնակչության անունից երախտագիտություն ենք հայտնում Արայիկ Հարությունյանին, ում աջակցության շնորհիվ մենք կատարել ենք այդ աշխատանքները: 2018թ. փետրվար-ապրիլ ամիսներին վերակառուցվեց գյուղամիջյան աղբյուրը և հարևանությամբ կառուցվեց սրբատեղի՝ <<Տանձի խաչ>> կոչվող հին խաչքարի կողքին կառուցելով նոր խաչքար, բարեկարգվեց հարակից տարածքը: Երախտապարտ ենք մեր համագյուղացի, երջանկահիշատակ Բելա Աթայանին այս բարեգործությունը հարազատ գյուղի համար նախաձեռնելու և նրա ամուսնուն՝ Վագիֆ Աթայանին շինարարության ողջ ծախսերը հոգալու համար: Պետական միջոցներով նախատեսվում է առաջիկա ամսվա ընթացքում բարեկարգելու համայնքային ճանապարհները և գյուղամիջյան փողոցները: Դեռևս չլուծված է մնում ջրմատակարարման ներքին ցանցի կապիտալ վերակառուցման խնդիրը, ինչը գտնվում է համայնքի գործունեության օրակարգի մեջ: Այսօր համայնքի առջև ծառացած կարևոր խնդիրներից է ժողովրդագրական իրավիճակի բարելավումը: Կոչ եմ անում գյուղից դուրս ապրող մեր համագյուղացիներին իրենց հնարավոր ներդրումը բերել հայրենի գյուղի պահպանման և զարգացման գործին: Երբ 2014 թվականին ռուսաստանաբնակ մեր համագյուղացի Վալերի Ասծատրյանը ժամանեց գյուղ և սկսեց կապիտալ վերակառուցել իր հայրական տունը, սզնեքցիներիս մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ընդունեցինք այդ փաստը: Դրանից հետո նա ամեն տարի, առնվազն մի քանի ամիս անց է կացնում գյուղում և յուրաքանչյուր այցի ժամանակ իրականացնում է տարբեր նվիրատվություններ: Բացի գյուղում որոշակի բարեգործություններ իրականացնելը, նրա ուշադրությունն ավելի շատ սևեռված է լինում դպրոցի և երիտասարդ սերունդի վրա: Համագյուղացիների անունից շնորհակալություն եմ հայտնում մեր բարերարին և հույս հայտնում, որ նրա գեղեցիկ օրինակով կվարակվեն մեր հեռավոր հայրենակիցները: Շնորհակալությունս եմ հայտնում այսօրվա միջոցռաման բոլոր մասնակիցներին և աջակիցներին՝ կրկին անգամ ասելով. <<Տոնդ շնորհավոր, Սզնեք>>… Շահեն Մարգարյանի խոսքում այնքա՜ն ջերմություն, հպարտություն և երախտագիտություն կար. -Այսօր յուրահատուկ օր է բոլորիս համար: Օր, որը համախմբման, ընդօրինակման ձգտում ունի: Սզնեք գյուղը, որ նշանավոր մարդիկ է տվել և միշտ հայտնի է եղել իր քաղաքակրթությամբ ու աշխատասիրությամբ, պետք է վերականգնի իր անունը՝ մնալով նախկին բարձունքի վրա: Հպարտությամբ եմ շեշտում, որ մեզ հետ ուրախանում և գյուղի օրն է տոնում Արայիկ Հարությունյանը, ում մենք համարում ենք մեր գյուղի լավագույն զավակներից մեկը և ընդունում ենք որպես հարազատի: Շնորհակալություն Ձեզ բոլոր օգնությունների և աջակցության համար: Մինչև վերադասից ինչ- որ բան պահանջելը՝ ինքներս կատարենք մեր քայլերը: Կոչ եմ անում բոլորին լինել միասնական, լավատես և վստահությամբ լցված: Մտածենք, որ կգա այն օրը, երբ Ներքին Սզնեքի այս դպրոցը կնեղվի աշակերտների քանակից, իսկ գյուղում կթնդան հարսանիքների զուռնան և դհոլը: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր բարերար Վալերի Ասծատրյանին, ում աջակցությամբ կազմակերպվել է այս գեղեցիկ միջոցառումը: Թող այս տոնը նշվի հազարամյակներ շարունակ… Հանդիսավոր միջոցառման մասնակիցները դիտեցին գյուղի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը, որի հեղինակը <<Բերդ>> շրջանային թերթի խմբագիր Վալերի Պետրոսյանն էր, իսկ նկարահանման հովանավորը՝ Վալերի Ասծատրյանը: Բարերարի նախաձեռնությամբ համերգային ծրագրով հանդես եկավ Ասկերանի <<Բերդ>> համույթը և միջոցառմանն ավելի հանդիսավոր ընթացք տվեց: Վալերի Ասծատրյանը նվերներ հանձնեց դպրոցը համալրած երեք աշակերտների: Ինչ խոսք, օրվա խորհուրդն ակնհայտ էր: Գյուղն ավելի հզոր, ուժեղ և կանգուն տեսնելու փափագով ապրող սզնեքցիները պատրաստ էին իրենց երազանքներն ի կատար ածելու: Սզնեքցիների համար հաճելի անակնկալ էր, երբ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը խոստացավ լինել <<Սզնեք>> հիմնադրամի առաջին նվիրատուն: Նշենք, որ գյուղում բարեկարգման, վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար սկսված են բարեգործական հիմնադրամ բացելու աշխատանքները: Սզնեքցիների ոգևորությունն ավելի մեծացավ, երբ իմացան գյուղում սպասվող հերթական բարեգործական քայլի մասին, որը կկատարվի Ներքին և Վերին Սզնեքներում: 2019 թվականի հունվարի մեկից այս երկու գյուղերում ծնվող յուրաքանչյուր երեխայի կնվիրաբերվի 1000 ԱՄՆ դոլար, նախաձեռնությունը Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Արայիկ Հարությունյանին է պատկանում։ Միջոցառման վերջում սզնեքցիների համար կազմակերպվեց հյուրասիրություն, որի հովանավորը բարերար Վալերի Ասծատրյանն էր: Թող բարեգործություններն ու ներդրումները շարունակական լինեն Ներքին Սզնեքի համայնքում, թող մեր ժողովուրդը միահամուռ և ողջամիտ և առողջ լինի: Շնորհավո՛ր տոնդ, Սզնեք… Հ.Գ. Միջոցառումից մեկ օր հետո, տեղեկացանք, որ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Արայիկ Հարությունյանի աջակցությամբ լուծվել է գյուղի հանդիսությունների տան վերանորոգման հետ կապված հիմնախնդիրների մի մասը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |