ԵՐԲ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԵՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԴ
19.09.2018 15:03

Ասում են աշխատանքից հետո հացը մեղրից քաղցր է, առավել ևս, երբ գործ ես ունենում հողի մշակության, հողագործության հետ։ Արցախ աշխարհի անկախության հռչակումից հետո բազմաթիվ նորարարությունների ականատես եղանք, բազմաթիվ առաջընթացներ գրանցվեցին մեր նորանկախ հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերում։ Հողերը սեփականաշնորհվեցին։ Ով կարողացավ օբյեկտիվորեն գնահատել հողի արժեքն ու գինը սկսեց զբաղվել

գյուղատնտեսությամբ, այդկերպ իր խոսքն ու ասելիքն ունենալով ստեղծված պայմաններում։ Այն որ Արցախն ագրարային երկիր է բազմիցս ենք անդրադարձել, իսկ թե ինչպես հողի մշակությունից շահույթ ստանալ, ապահովել մարդկանց աշխատատեղերով և կարողանալ նույնիսկ բարեգործություն կատարել՝ դա առանձին մարդկանց տքնաջան ու համառ աշխատանքի արդյունք կարող է լինելի միայն։

Նվեր Գաբրիելյանը ծնվել է 1985 թվականի հունիսի 16-ին, Ասկերանում։  Ծառայել է ԱՀ պաշտպանության բանակի շարքերում, ավարտել ԱրՊՀ ֆինանսներ և վարկեր բաժինը։ Գրասենյակային գործից գերադասել է գյուղատնտեսությամբ զբաղվելը, գտնելով, որ չկա ավելի հաճելի աշխատանք, քան հողի հետ լեզու գտնելը, հաճախ՝ նաև կռվելով։  Ու այդ գոտեմարտն այնքան է ձգվում՝ մինչև հողի մշակը հասնում է ցանկալի արդյունքի։

2016-ի ապրիլին, երբ կրկին խաթարված էր Արցախ աշխարհի խաղաղությունը, Նվերն առաջիններից էր, ով կամավոր մեկնեց առաջնագիծ։ Չնայած գյուղատնտեսական աշխատանքների ամենաեռուն ժամանակաշրջանն էր, սակայն անձնականի մասին մտածելու ո՛չ ժամանակ, ոչ էլ առավել ևս ցանկություն կար։ Առաջնահերթը Հայրենիքի սահմանների անառիկությունն էր, որի պաշտպանության համար համախմբվել էր պետք։

-Ես հպարտ եմ իմ հերոսական ժողովրդով, ով վտանգի պահին ավելի է համախմբվում և այդպիսի ոգևորությամբ ու ամրակուռ ոգով մեծ հաղթանակների կարող ենք հասնել։ Հայրենիքը հենց այնպես՝ խոսքերով սիրելու երկիր չէ, ու ինչքան էլ փորձեմ՝ ամենագեղեցիկ բառերն անգամ անկարող են նկարագրելու իմ հոգու ողջ սերն ու անմնարցորդ նվիրվածությունը Հայրենիքիս։ Առավել հակված եմ գործով դա ապացուցել, ու ջանում եմ, հաճախ նույնիսկ ուժերիցս վեր՝ անել ամեն ինչ, ինչը կուրախացնի ինձ շրջապահող մարդկանց, իմ համերկրացիներին։  Հայրենիքիս հողը քաղցր, կարոտակեզ և մեր հերոս տղաների արյան գնով սրբագործված հող է։ Այն հայ ժողովրդի նման զրկանքներ է կրել, տնքացել օտարի լծի տակ։  Հողի հետ աշխատելով բոլորովին փոխվել են իմ աշխարհահայցքները։ Այն իմաստնության մի ամբողջ շտեմարան է, որին տիրապետելով միայն կարող ես զգալ դիմացինի ցավն ու բերկրանքը, - ասում է Նվերը և հավելում, որ տարին բոլոր հողվորի աշխատանքը ցավի ու բերկրանքի վայրիվերումներով է անցնում։

Նվերը զբաղվում է գյուղատնտեսությամբ 10 տարուց ավելի։ Բանջարաբոստանային տարբեր կուլտուրաների մշակությամբ է զբաղվել, սակայն Արցախի բնակլիմայական պայմաններից ելնելով այժմ արդեն 80 տոկոսով անցել է սոխի արտադրությանը, որտեղ էլ մոբիլազացված է հիմնական աշխատուժը։

Հասակ առնելով մի ընտանքում, ուր միշտ հարգի էր օգնության կարիք ունեցողին ձեռք մեկնել, օգնել ուժերի ներածին չափով, Նվերը շարունակում է ընտանիքի լավագույն ավանդույթները։ Դա է թերևս պատճառը, որ տասնյակ մարդիկ, ովքեր տարիներով աշխատում են Նվերի մոտ, երախտագիտորեն են խոսում իրենց տնօրենի մասին։ Ինչպես նշում են վերջիններս, Նվերը շատ հոգատար, հասկացող, միջամտնող, վստահելի անձնավորություն է, և նրա մոտ աշխատելը մեծ բավականություն է նրանց պատճառում։ Մանավանդ, երբ բազմաթիվ անգամներ ականատես են եղել Նվերի բարեգործական ձեռնարկումներին։

Բոլորովին վերջերս էլ Նվեր Գաբրիելյանն Արցախյան ազատամարտում զոհված ասկերանցիների ընտանիքներին, 1-ին կարգի հաշմանդամներին պարենամթերք (սոխի տեսքով) է բաժանել, այդկերպ արտահայտելով իր հարգանքն ու խոնարհումը քաջարի տղաների հիշատակի և սխրագործությունների առաջ։ 2-րդ տարին է, ինչ Նվերը Ստեփանակերտի ծերանոցին, որբանոցին, Ասկերանի մանկապարտեզին և դպրոցին սոխ է մատակարարում՝ ամբողջ տարվա համար։ Իր չափաբաժին օգնությունն էր տրամադրել նաև ապրիլյան պատերազմի ժամանակ։

Ինչպես զոհված ազատամարտիկների հարազատներն էին նշում, ապրիլյան պատերազմի ֆոնին կարծես թե արցախյան ազատամարտում նահատակված տղաների սխրագործությունները ստվերվել էին ու դա անընդհատ մտատանջում էր նրանց։ Եվ ահա Նվեր Գաբրիելյանի նման վերաբերմունքը նրանց մոտ կրկին հավատ ներշնչեց, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Այդ ընտանիքներից շատերն էին ցանկություն հայտնել թերթի միջոցով իրենց երախտագիտությունը հայտնել Նվերին, քանզի չկա առավել գերադասելի բան, քան իմանալը, որ քո հարազատի անձնազոհությունը գնահատվում է և չի մոռացվել։

Մեր զրույցի ընթացքում Նվերն անընդհատ շեշտադրում էր անում, որ շնորհակալական ու երախտագիտական խոսքերի արժանանալու համար չէ նա որևէ բարի գործ կատարում, այլև հոգու հանգստության, բավականության համար ու եթե կարողանար՝ կաներ ավելին։

-Թերևս ավելին անելու, իմ համերկրացիներին, ովքեր դրա կարիքն ունեն, փոքր-ինչ օգտակար լինելու համար ես համառորեն աշխատում եմ, տարեց-տարի ավելացնելով աշխատողների քանակը։ Չէ որ ներկայիս պայմաններում մարդկանց աշխատանքով ապահովելն ամենաարդիական հարցն է։

Նվերի մոտ մշտական աշխատանքով ապահովված է 20 մարդ, իսկ սեզոնային աշխատանքների ժամանակ աշխատուժի քանակը հաճախ հասնում է նաև 60-ի։

Խոսելով կառավարության կողմից գյուղատնտեսությամբ զբաղվողներին ցուցաբերվող աջակցության մասին Նվերն ասաց, որ ցանկալի կլիներ, որ վարկավորման պրոցեսն ավելի դյուրին լիներ, քաշքշուկներ չլինեին։ Այդ պարագայում գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը շատ ավելին կլիներ։

-8 տարուց ավելի է, ինձ մեծապես օգնում, աջակցում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող իմ ընտանիքի բարեկամ Վահե Գրիգորյանը, ով ժամանակին ճիշտ գնահատելով իմ կարողություններն ու ցանկությունը մեծապես օգնել, հաճախ նաև ոգևորել է գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ Նա և՛ սերմեր, և՛ անհրաժշետ թունաքիմիկատներ է տրամադրում, հաճախ նաև դրամական օգնություն է ցուցաբերում։ Այս աշխատանքում հաջողելու համար առաջին հերթին հենց Վահեին եմ պարտական, ինչի համար իմ երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում նրան։ Եթե չլիներ նրա օժանդակությունը ես նման հաջողության չէի հասնի,- ասում է Նվերը։

2017 թվականին Նվերը մասնակցելով Բերքի տոնի ամենամյա տոնախմբությանը, Արցախում գյուղատնտեսությունը զարգացնելու համար պարգևատրվել է ԱՀ վարչապետի հուշամեդալով։

Յուրաքանչյուրիս համար էլ ոգևորիչ և գոտեպնդող խոսքերը յուրահատուկ ազդեցություն ունեն, որից ինքնին ցանկություն է առաջանում ցանկացած խոչընդոտ արժանապատվորեն հաղթահարել և արդարացնել քեզ հավատողների հույսերը։ Նվեր Գաբրիելյանը լիահույս է, որ ամուր հիմքեր ունի տարեց-տարի բարեգործության շրջանակներն ավելի մեծացնելու համար։ Եվ տա Աստված, որ նրա յուրաքանչյուր բարի ձեռնարկում հաջողությամբ պսակվի։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter