ՀՈՒՇ - ՑԵՐԵԿՈՒՅԹ ՋՐԱՂԱՑՆԵՐՈՒՄ
23.09.2018 22:06

1988-ի հայոց համազգային զարթոնքը շատ բան փոխեց մեր կյանքում։ Դարավոր թշնամու լուծը թոթափելու վճռականությամբ լեցուն միաբանվեցինք ու մի բուռ դարձանք, և ամրակուռ ոգու և միասնության շնորհիվ կերտվեց այսօրվա ազատ ու անկախ Արցախը, որը դարձել է ամեն մի հայի պատիվը։ Դեպի ազատություն տանող յուրաքանչյուր ճանապարհ փշոտ է ու տատսկոտ, և դա լավ էին գիտակցում անձնուրաց տղաները, սակայն նրանք անտեսել էին վտանգները, որ ամեն վայրկյան սպառնում էր նրանց կյանքին։ Առանց վարանելու և վայրկյան

անգամ երկմտելու բազմաթիվ նվիրյալներ կյանքի գնով մեզ ազատություն պարգևեցին, չմտածելով անգամ, որ մի օր մի գրիչ կգրի նրանց անձնազոհության, սխրագործության և Հայենիքին անմնացորդ նվիրվածության մասին։

Սեպտեմբերի 23-ին Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղում բանակ-դպրոց-հասարակություն կապի շրջանակներում նշվեց արցախյան ազատամարտի մեծ նվիրյալ Իվան Հրանտի Բաբայանի ծննդյան 50-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, ԱՀ ՊՆ ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Վրեժ Իշխանյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Բալասանյանը, աշխատակազմի ղեկավար Վահագն Առստամյանը, գյուղի մեծ բարեկամ և բարերար Արսեն Մելիք Շահնազարյանը, բարձրաստիճան սպաներ, զինվորականներ, զոհված ազատամարտիկի հարազատներ, համագյուղացիներ։ Ներկաները ծաղիկներ խոնահեցին ՀՄՊ և Արցախյան ազատամարտում զոհված ջրաղացցիների անմար հիշատակին կառուցված հուշահամալիրում։

Հուշ-ցերեկույթը տեղի ունեցավ գյուղի մշակույթի տանը։ Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Ներկաները մեկ րոպ լռությամբ հարգեցին հանուն Հայրենիքի իրենց կյանքը նահատակած տղաների հիշատակը։

Իվան Բաբայանի կյանքի ու գործունեության մասին զեկույցով հանդես եկավ մշակույթի տան տնօրեն Քնար Քարամյանը։

Իվան Բաբայանը ծնվել է 1968թ. սեպտեմբերի 23-ին Ջրաղացներում։ Ավարտելով  Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը՝ ընդունվել է Ստեփանակերտի արհեստակցական ուսումնարանը՝ ստացել դերձակի մասնագիտություն։ 1986-ին զորակոչվել է խորհրդային բանակի շարքերը։ Ծառայության ընթացքում ծնողները հաճախ էին շնորհակալական նամակներ և պատվոգրեր ստանում իրենց մինուճար արու զավակի նվիրված և բարեխիղճ ծառայության մասին։ Զորացրվել է կապավորի զինվորական մասնագիտությամբ և սերժանտի կոչումով։ Վերադառնալով հարազատ գյուղ՝ աշխատանքի է անցել կոլտնտեսությունում, որին զուգահեռ ընդունվել  է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի հեռակա բաժինը։ Սակայն 88-ին սկիզբ առած Արցախյան շարժումն իր հորձանուտն առավ նաև Իվանին։ Նա առանց երկմտալու զինվորագրվեց և համալեց Հայրենիքի պաշտպանների շարքերը։ Բազմաթիվ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի է մասնակցել Իվանը՝ Շուշի, Քարին տակ, Լաչին, Շռլան, Խրամորթ, Փառուխ, Աղդամի մատույցներ։ Փառավոր մարտական ուղի է անցել անվեհեր մարտիկը, ով միշտ գոտեպնդում էր մարտական ընկերներին նույնիկ ամենածանր և դժվարին պահերին։ Նա բերեք չէր տրտնջում, այլև լիահույս էր, որ ինչպես հեքիաթներում է բարին միշտ հաղթում չարին, այնպես էլ ազատության, արդարության համար մղվող պայքարը սուրբ պայքար է և դատապարտված է միմիայն լուսավոր ապագա ունենալու։

1993-ի հուլիսի 6-ն Շահբուլաղի բարձունքը ետգրավելու նպատակով կատաղած թշնամին վերջին ճիգերն էր գործադրում, սակայն ապարդյուն։ Հայոց արծիվներն անսասան էին ու անպարտելի։ Թվում էր, թե մոտ էր այն ժամը, երբ պիտի ազգովին տոնեինք հերթական հաղթանակը, սակայն, ինչպես ասում են՝ մեծ գործերը, մեծ զոհեր են պահանջում։ Հակառակորդի արձակած արկի բեկորից Իվանը մահացու վիրավորում ստացավ։ Մարեց մի տան ճարգ ևս, մի երդիկի ծուխ չի ելնի այլևս։ Որդեկորույս ծնողները, որ բազում հույսեր  ունեին կապված իրենց որդու հետ չկարողացան համակերպվել կորստյան ծանր վշտի հետ և անժամանակ հեռացան կյանքից։ Իսկ Իվանի երեք քույրերը՝ Տանյան, Անյան և Կարինեն իրենց փխրուն ուսերին առած եղբոր և ծնողների ծանր կորուստը երդվեցին վառ պահել հերոս եղբոր անմար հիշատակը։ Որոշ ժամանակ անց Կարինեն որդի ունեցավ և անունը Իվան կնքեց՝ ի պատիվ հերոս եղբորը։ Իվանն այսօր քաջաբար շարունակում է քեռու կիսատ թողած գործը՝ ծառայելով Արցախի պաշտպանության բանակում։

Իվան Բաբայանը հետմահու պարգևատրել է Արիության համար և Շուշիի ազատագրման համար մեդալներով։

Ներկաների հետ իր մտորումներով և հիշողություններով կիսվեց Իվանի մարտական ընկեր Վարդան Վարդանյան։ Նրա մոտ այնքան թարմ էին հիշողություները մարտական ընկերոջ և անվեհեր մատիկի մասին, որ կարող  էր ժամերով խոսել, պատմել։ Վարդանի հիշողություններում դրոշմվել էին Իվանի հետ միասին մղված վերջին մարտական գործողությունները՝ Շահբուլաղի բարձունքին, որտեղով այժմ ամեն անգամ անցնելիս խոր վիշտ ու ափսոսանք է ապրում ազատամարտի վետերանը։

-Իվանը մեզանից պակաս չէր սիրում կյանքը, և բոլորիս նման մեծ ու լուսավոր երազանքներ ուներ, որոնք անկատար մնացին։ Իվանի և մեր մյուս զոհած տղաների սխրագործությունները մեզ պարտավորեցնում են նրանց բոլոր անկատար նպատակներն ի կատար ածել։ Եվ նորօրյա սերունդը բարձր գնահատելով նախնիները կատարածը այսօր պատվով է շարունակում մեր գործը։ Թերևս ապրիլյան պատերազմն ապացույցն էր ասածներիս։ Այս հողում ծնվում և մեծանում է հայրենապաշտ սերունդ, ովքեր դաստիրարկվում են նախնիների քաջագործություններով և դրանով մենք անպարտելի ենք,- ասաց Վ. Վարդանյանը։

Ջրաղաների Աշոտ Մելիք Շահնազարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները հանդես եկան Իվան Բաբայանի և ազատամարտի բոլոր նվիրյալների հիշատակին ձոնված բանաստեղծություններով՝ իրենց ելույթն ավարտելով Զինվորիկն եմ երգով։

Ցավ ու կսկիծով էր պատված Իվանի ուսուցչուհու՝ Էֆելինա Բալայանի սրտի խոսքը՝ սիրելի աշակերտի մասին։ Թերևս դպրոցական նստարանին մի սովորական աշակերտ էր՝ իր չարաճճիություններով, լավ ու վատ սովորելով, սակայն միշտ  պատրաստ ընկերոջը օգության ձեռք  մեկնելու, անմնացորդ նվիրվելու։ Նա նաև խիստ պարտաճանաչ էր, միշտ կոկիկ հագնված։ Գուցե դա էր նաև պատճառերից մեկը, որ Իվանն Արցախ աշխարհին նվիրվեց ամբողջապես։ Նրա կորստյան ցավը ծանր էր, սգում էր ամբողջ Ջրաղացները։

-Այսօր երևի ավելի լուսավորվեցին Իվանի ծնողների հոգիները, տեսնելով որ համագյուղացիները չեն մոռացել իրենց սիրասուն զավակին,- ասաց Է. Բալայանը՝ հավելելով, որ քանի կա միաբանությություն և գյուղի հոգսերով ապրող ղեկավարություն, դեպի Ջրաղացներ տանող ճանապարհը միշտ բանուկ կմնա։

Հպարտության ու մեծ պատվախնդրությամբ էր լցված Ն զորամասի կրսեր սերժանտ Վռամ Սարգսյանի հոգու խորքից բխող տոկուն ու շեշտակի խոսքը։ Նրա խոսքերով՝ մերօրյա երիտասարդները ձգտում են նմանվել հենց Իվանին ու նրա նման անձնուրաց տղաներին։ Նրանցից ամեն մեկը մի կենդանի լեգենդ է, որոնց անունները տպված են Հայոց պատմության քարե մագաղաթներում, որոնց հիշում ենք երանելիությամբ։

-Ինչպես ասում են՝ իրական թանգարաները մարդիկ են և նրանց հիշողությունները, քանի որ այնտեղ պահվում են ամենաարժեքավոր մարդիկ, դեմքերն ու դեպքերը։  Այսուհետ կարող ենք վստահաբար ասել, որ Իվան Բաբայանին նվիրված հուշանկյուններ կան հարյուրավոր թանգարաններում՝ հանձինս մեզ, և ոչ անտեղի, քանի որ նման մարդիկ, ինչպիսիք են Իվան Բաբայանն ու նրա բախտակից ընկերները, արժանի են անհատական թանգարանների, ուր տարիներ շարունակ կփառաբանվի ու սերնդեսերունդ կփոխանցվի նրանց փառքն ու անունը,- ասաց Վ. Սարգսյանը։

Ջրաղացների համայնքի ղեկավար  Արսեն Հայրապետովի սրտի խոսքում ամփոփված էր օրվա ողջ խորհուրդ։

- Հիշել ու խնկարկել հանուն Հայրենիքի ընկած տղաների հիշատակը ապրողներիս պարտքն է, ու մեծապես մեզ է հարկավոր։ Իվանը հասակ է առել մի ընտանիքում, որտեղ դաստիրարակվել է հայրենասիրական բարձր նկրտումներով, որ Հայրենիքը սրբության սբոց է, որը սկսվում է բակից, գյուղից և այն պետք է պահել, պաշտպանել աչքի լույսի պես։ Եվ նա գնաց պաշտանելու սրբության սրբոցը՝ սեփական մարմնով։ Անկասկած օրինակելի որդին, նվիրյալ եղբայրը, անփոխարինելի ընկերը նաև հրաշալի հայր կլիներ, սիրող ամուսին, լավ բարեկամ, կշենացներ հայրենի գյուղը։ Ավաղ, մեր ապահով ու բարեկեցիկ կյանքը ստեղծվել է անձնազոհ մարտիկների արյան, նրանց խորտակված երազանքների գնով։    Իվան Բաբայանի հիշատակին նվիրված հուշ ցրեկույթը մեկնարկ կհանդիսանա և ջրաղացցի զոհված ազատամարտիկներից յուրաքանչյուրի հոբելյան այսուհետ կնշվի այսպիսի հանդիսավորությամբ,- ասաց Ա. Հայրապետովը, երախտագիտություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, օգնության ձեռք մեկնողներին, նաև՝ մասնակցողներին։

Ելույթ ունեցողների խոսքն ընդհատվում էր պաշտպանության բանակի Ասպետ համույթի մենակատարներ Հայկ Ավետիսյանի, Հովսեփ Աբրահամյանի և Հովհաննես Կարապետյանի խրոխտ ու ազդեցիկ կատարումներով։

Իվան Բաբայանի անմար հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթն ավարտվեց Արտաշես սարկավագի օրհնությամբ և աղոթքներով։

Իվան Բաբայանի քույրերը, որ անհուն կարոտից ու ցավից կծկվել էին ու գամվել նստարանին, չկարողացան բարձրաձայնել իրենց հոգում ծվարած կարոտի մասին։ Սիրելի եղբոր կորստյան ցավի հետ համակերպվելը, գիտեմ, անհնար է։ Որպես անթեղված մի կրակ, նրանք մշաբորբ են պահում Իվանի հիշատակը, իսկ օրինակելի միջոցառում կազմակերպելու համար իրենց խորին երախտաիտությունը հայտնեցին համայնքի պատասխանատուներին, զինվորական անձնակազմին, ովքեր արեցին ամեն ինչ, որպեսզի Իվանի հարազատները կարողանան զգալ իրենց սիրելիի կենդանի ներկայությունը։

Բովանդակալից միջոցառման մասին շրջվարչակազմի ղեկավարն իր աներկբա կարծիքն ունի. Ջրաղացների համայնքում նախանձելի համագործակցություն է առկա դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանի ու համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովի միջև, ովքեր ապրում են գյուղի հոգսերով, ինչի արդյունքում էլ շահում է ընդհանուր գործը։ Եվ իզուր չէ, որ Գեղամ Բեգլարյանը հենց այս համայնքն է օրինակ բերում մնացածներին։ 

Հայրենի հողի փրկությանը զինվորագրված 20 ջրաղացներցիներից 5-ը զոհվեց՝ բարձր պահելով Հայրենիքի փառքն ու պատիվը։  Օրվա միջոցառումն առհավատչյան էր այն բանի, որ տղաների անձնազոհությունն իզուր չի անցել և հայրենի գյուղը բարգավաճում է շնորհիվ ներկա սերնդի նվիրվածության, շնորհիվ դպրոց-համայնք սերտ կապի, փոխհամագործակցության ու բարձր վստահության։ Ու քանի կա նման մոտեցում, մտահոգություն և մեծ ցանկություն ապրել համայնքի հոգսերով, արարել համագյուղացիների հետ համատեղ՝ համոզված ենք Ջրաղացներում բազում հաջողություններ կգրանցվեն։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter