ԱՍԿԵՐԱՆԻ ՊԱՏՄԱԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ |
25.09.2018 17:45 |
Վերջերս Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ ցուցահանդես և դաս-դասախոսություն՝ <<Թանգարանի գանձերը>> խորագրով: Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատախումբը, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները՝ պատմության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանի ուղեկցությամբ: Պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանը ներկայացրեց Արցախյան շարժման և ազատամարտի տարիներին զգալի ավանդ ունեցած առաջամարտիկների անձնական գործերը, լուսանկարները: Արխիվային փաստաթղթերի ու հուշագրությունների հիման վրա ստեղծված հուշաալբոմներով ներկայացվեցին և մանրամասն բացատրական-պարզաբանական աշխատանքներ տարվեցին հայ ազգային ազատագրական շարժման Արցախյան փուլի կարևորագույն անցքերն ու իրադարձությունները: Աշակերտներին հետաքրքրեց ասկերանցի զոհված ազատամարտիկների անցած ուղին: Վիգեն Գաբրիելյանը մեկ առ մեկ պատմեց ազատամարտիկների հայրենասիրության, հայրենի հողի նկատմամբ անսահման նվիրվածության, նրանց սխրանքների մասին: Ցուցադրվեցին մեր նախնիների կերտած պատմամշակութային արժեքները՝ ազգագրական, երկրագիտական, հնագիտական ցուցանմուշները: Վերջում թանգարանի տնօրենն անհրաժեշտություն հայտնեց առաջիկայում կազմակերպել գիտարշավներ դեպի Ասկերանի պատմական հիշարժան վայրերը, ինչին դպրոցականներն արձագանքեցին մեծ ուրախությամբ: Նրանք անսքող հպարտություն էին զգում հարազատ բնօրրանի պատմամշակութային արժեքներով: Միջոցառման մասնակիցները վառ տպավորություններով հեռացան Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանից՝ կրկին այնտեղ այցելելու ակնկալիքներով… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |