ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ
25.09.2018 17:55

Պատմամշակութային արժեքների պահպանության տարրական դաստիարակություն յուրաքանչյուր ոք ստանում է առաջին քայլերի հետ։ Եվ պահպանել այդ հարուստ ժառանգությունը բոլորիս պարտքն ու պարտականությունն է՝ գալիք սերունդներին կտակելով ավելի բարեկարգ ու նորոգ Հայրենիք։

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանի պատմական միջավայրի պահպանության  պետական ծառայության պետ Ալլա Արզումանյանի նախաձեռնությամբ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի

11-րդ դասարանցիները՝ դասղեկներ Ռուզաննա Հայրապետյանի և Լուսինե Խաչատրյանի ուղեկցությամբ, Ասկերանի բերդի աջակողմյան հատվածում կատարեցին բերդի մատույցները մացառուտներից և կենցաղային աղբից մաքրելու աշխատանքներ։

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը րոպե առաջ էր եկել բերդի մատույցներ, ու տեսարանը, որին հանդիպեցինք՝ մեղմ ասած ցանկալիներից չէր։ Խոսում ենք երիտասարդների՝ ազգային և մշակութային արժեքների պահպանությանն ուղղված դաստիարակությունից։ Արցախի խորհրդանիշ Տատիկ-Պապիկ հուշարձանից ենք խոսում ու ամոթանք ապրում, որ բարեկարգված հուշարձանը խայտառակ վիճակում է գտնվում ներկայում։ Մինչդեռ Արցախն աշխարհին նաև այդ հուշարձանի միջոցով է ճանաչելի դառնում։

-Իհարկե այդ դաստիարակության հիմքը պետք է դրվի նախ ընտանիքում, ապա աստիճանաբար զարգացնել, ներարկել, սերմանել մատաղ սերնդին ազգային արժեքների պահպանության կարևորությունը՝ մշտաբորբ պահելով այն։ Ինչպես որ մեր ոչ նյութական մշակույթն ենք փոխանցում սերնդե-սերունդ՝ աշխատելով անաղարտ ու առանց աղավաղումների պահել այն, այնպես էլ նյութական արժեքների նկատմամբ պետք է պատվախնդիր վերաբերմունք ցուցաբերենք,- ասում է վարչակազմի ղեկավարը։

Շուտով Ա. Արզումանյանի ուղեկցությամբ ժամանում են նաև աշակերտներն ու §Խաչենշին¦ ՓԲ ընկերության աշխատողները։ Բոլորը միաբան լծվում են հայրենապահպան գործին։ Տղաներն ակտիվորեն մաքրում են հնադարյա պարիսպը մացառուտներից, իսկ աղջիկները ոգևորելով ու ոչ պակաս ակտիվությամբ կտրտված ցախն են հավաքում։ Պատանիները պահը չեն կորցնում նաև լուսանկարվելու, պատմական տարածքում հավերժանալու։

Վարչակազմի ղեկավարն ինքն է օրինակ հանդիսանում աշակերտներին՝ իր աշխատասիրությամբ։ Նաև հորդորում նրանց հանրօգուտ աշխատանքներում երբեք գլուխ չպահել, ուսման մեջ երբեք չծուլանալ, քանի որ աշխատասեր մարդը միշտ գնահատվում է, նրա կատարածն՝ արժևորվում։ Իսկ արդի ժամանակաշրջանը բոլորից պահանջում է շրջահայաց լինել։ Դա է, թերևս հաջողության հասնելու միակ գրավականը։

Շուրջ երկու ժամ տևած աշխատանքի արդյունքը գոհացուցիչ էր։

Ալլա Արզումանյանը գոհունակությամբ է արձանագրում հերթական շաբաթօյակի ձեռքբերումները։ Շրջանում պատմական հուշարձանների պահպանության ուղղությամբ մշտապես աշխատանքներ իրականցվում են։ Այս հարցում մեծապես աջակցություն են ցուցաբերում Ասկերանի էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն և §Խաչենշին¦ ՓԲ ընկերության աշխատողները, ովքեր միշտ պատրաստակամորեն են արձագանքում հուշարձանների պահպանության վարչության պետի առաջարկին։

Կայացած շաբաթօրյակն իր բնույթով ու բովանդակությամբ կարծում եմ հասել է իր նապատակին։ Այն է՝ մատաղ սերնդին կապել հայրենի բնաշխարհին, անել ամեն ինչ, որպեսզի երիտասարդներն ապրեն հարազատ բնօրրանի հոգսերով ու իրենց ներդրումն ունենան այն պահպանելու ուղղությամբ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter