ԱՍՏՂԱՇԵՆՈՒՄ ԼՈՒԾՎԵՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԱՐՑԸ |
27.09.2018 23:16 |
Բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել լուսաբանելու SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության Արցախում իրականացրած ծրագրերը և ամեն անգամ հիացել, հպարտություն ապրել հայի այն տեսակով, ով ծնվելով, մեծանալով Հայրենիքից այնքան հեռու, գործում, արարում է ի շահ հարազատ ժողովրդի՝ ապրում նրա հոգսերով։ Խոսքս SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության Կովկասյան ենթակառուցածքների ծրագրերի համակարգող Ժաք Մաթոսյանի մասին է, ում անդադար ու տքնաջան աշխատանքի շնորհիվ Արցախում բազմաթիվ բարեգործական ծրագրեր են կյանքի կոչվել։ Կազմակերպության §Սեդրիկ Մարտեն¦ հիմնադրամի միջոցներով սկսած 2007 թվականից Արցախյան 12 բնակավայրեր ապահովվել են խմելու ջրով։ 13-րդ ծրագիրն իրականցվեց սեպտեմբերի 27-ին Աստղաշենում։ Ի ուրախություն, նաև ի զարմանս մեզ դրանցից 12-ը մեր շրջանի բնակավայրերում են իրականացվել, մեկը՝ Մարտունիում։ Ասկերանի շրջանի հերթական համայնքում լուծվեց խմելու ջրի հարցը։ Այսուհետ Աստղաշենում անցյալով են խոսելու ջրի սակավության մասին, իսկ բարերարների մասին՝ մեծ ակնածանքով։ Սեպտեմբերի 27-ին տոնական տրամադրությունն էր իշխում Աստղաշենում։ Գյուղի բնակիչներին համախմբել էր գյուղում իրականացրած հերթական բարեգործական ծրագիրը։ Խմելու ջրի բացման հանդիսավոր արարողության ներկա էր Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, SPFA բարեգործական կազմակերպության Կովկասյան ենթակառուցվածքների ծրագրերի համակարգող Ժաք Մաթոսյանը, §Սեդրիկ Մարտեն¦ հիմնադրամի նորանշանակ տնօրեն Դոմինիկ Պրիվան, SPFA Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հաբեթնակ Հակոբյանը, շինարարական ծրագրերի պատասխանատու Հովհաննես Ասոյանը, կազմակերպության անդամներ, աստղաշենցիներ։ Նշենք, որ Շվեյցարական §Սեդրիկ Մարտեն¦ հիմնադրամը ստեղծվել է Ժակ և Դանիել Մարտենների կողմից՝ ի հիշատակ նրանց որդու Սեդրիկի ՝ ով երկրաբանի իր կարիերան ուղղորդել էր ջրի խնդիրների ուսումնասիրությանը՝ այն համարելով առաջնահերթություն մարդկային կյանքի պահպանման համար ու մարդասիրական այդ վեհ առաքելությունը Ռուանդայի վտանգավոր շրջաններից մեկում կատարելուց հետո վերադառնալիս սպանվել։ Դա է թերևս պատճառը, որ հիմնադրամը ֆինանսական հնարավորությունների սահմաններում ջրի մատակարարման հրատապ կարիք ունեցող բնակավայրերին է օգնության ձեռք մեկնում։ Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ հիմնադրամը շուրջ 10 տարում համաֆինանսավորել է Արցախի 13 բնակավայրերի ջրագծերի կառուցման աշխատանքները։ Ողջունելով ներկաներին Աստղաշենում՝ Ժան Անդրյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Լիլիթ Ղազարյանը նշեց, որ այսօրվան աստղաշենցիները վաղուց էին սպասում և շուրջօրյա ջուր ունենալու իրենց վաղեմի երազանքն իրականություն դարձավ շնորհիվ մեծ ազգասեր ու հայասեր Ժաք Մաթոսյանի։ Հաղորդավարը մեծ ափսոսանքով նշեց, որ 2018թ. մայիս ամսում իր մահկանացուն կնքեց Ժակ Մարտենը, իսկ Դանիել Մարտենն առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ներկա գտնվել, սակայն նրանց բարեգործության շնորհիվ նրանք հավերժացել են աստղաշենցիների և արցախցիների սրտերում։ Հնչեցին Արցախի և Շվեյցարիայի պետական օրհներգերը։ Աստղաշենի համայնքի ղեկավար Զորիկ Ղազարյանը համայնքի բնակիչների անունից երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ձեռնամուխ են եղել Աստղաշենում նման ծրագիր կյանքի կոչելու, աստղաշենցիների վաղեմի երազանքն իրականություն դարձնելու համար։ Աստղաշենի համայնքի ավագանու որոշմամբ տիկին Դանիել Մարտենն արժանացավ Աստղաշենի համայնքի պատվավոր քաղաքացու կոչման։ Համայնքի ղեկավարը պատվավոր քաղաքացու վկայականը հանձնեց §Սեդրիկ Մարտեն¦ հիմնադրամի տնօրեն, Ժակ Մարտենի զարմիկ Դոմինիկ Պրիվային։ -Ուրախ եմ Արցախում, գեղատեսիլ բնությամբ պարուրված Աստղաշենում գտնվելու համար։ Հիմնադրամն այս տարի տոնում է հիմնադրման 10-ամյակը։ Հուսով ենք հիմնադրամի ծրագրերն Արցախում շարունակական կլինեն, և արցախյան բազմաթիվ բնակավայրերում հիմնադրամի միջոցներով կլուծվեն ջրամատակարարման խնդիրները,- ասաց Դոմինիկ Պրիվան, շնորհակալություն հայտնելով Արցախի կառավարությանը հիմնադրամի ծրագրերին աջակցելու, համաֆինանսավորելու համար։ Աստղաշենի Ժան Անդրյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սլավա Գրիգորյանն անդրադառնալով գյուղում բարեգործական հիմունքներով կատարված աշխատանքներին ուրախությամբ նշեց, որ այդ ցանկն այսօր ավելացավ ևս մեկ հրաշալի ծրագրով՝ համայնքը շուրջօրյա ջրով ապահովելով։ Ս. Գրիգորյանը երախտագիտություն հայտնեց Արցախի կառավարությանը, §Սեդրիկ Մարտեն¦ հիմնադրամին և նրա բոլոր անդամներին, ովքեր շարունակում են մեծ թափով իրականացնել Ժակ և Դանիել Մարտենների կողմից ծրագրված Արցախի ժողովրդի բարեկեցության ու ապրելակերպի զարգացման հետ կապված ծրագրեր, հավաստիցնելով, որ նման մարդիկ միշտ էլ արժանանում են արցախցիներիս սիրուն և հարգանքին։ SPFA ենթակառուցվածքների ծրագրերի համակարգող Ժաք Մաթոսյանի սրտի խոսքը լի էր բերկրանքով, քանզի նրան հաջողել է ևս մեկ ծրագիր իրականցնել Արցախում։ Ամեն ագամ նման միջոցաումների ներկա գտնվելով նա հպարտություն է ապրում, որ այս չքնաղ աշխարհի մանուկների կյանքին կարողանում է հարմարավետություն տալ։ Մեծ բարերարի հավաստմամբ Արցախում դեռ բազմաթիվ ծրագրեր են իրականացնելու։ Ժաք Մաթոսյանի խոսքերով արդեն իսկ կատարված է հերթական բնակավայրի ընտրությունը, սակայն մինչև աշխատանքների մեկնարկը չտրվի նա չի կարող բարձրաձայնել այդ մասին։ Միջոցառման տոնական մասն ապահովեցին Աստղաշենի արվեստի դպրոցի սաները՝ պարային գեղեցիկ կատարումներով, նվագով և երգով։ Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց §Սեդրիկ Մարտեն¦ հիմնադրամի տնօրեն Դոմինիկ Պրիվային և համայնքի ղեկավար Զորիկ Ղազարյանին։ Աստղաշենում ևս լուծվեց կենցաղային և ռազմավարական նշանակության հրատապ խնդիրներց մեկը։ Գյուղամիջում՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի հարևանությամբ տեղակայած ցայտաղբյուրը յուրատիպ խոսուն հուշարձան կհանդիսանա ի հիշատակ Սեդրիկ և Ժակ Մարտենների, և փառս արարող աստղաշենցիների, ովքեր այսուհետ կոչված են լինել էլ ավելի միասնական ու միաբան՝ սեփական բնակավայրը շենացնելու, զարգացնելու։ Քանզի իրենց ամենակարևոր և հրատապ խնդիրը լուծվեց հեռավոր Շվեյցարական հիմնադրամի միջոցներով, ինչն առավել պարտավորեցնող պիտի լինի։ Աստղաշենում պետական միջոցներով մանկապարտեզի շենք, իսկ գյուղի բարերար Կարեն Կարապետյանի միջոցներով հանդիսությունների տուն է կառուցվում։ Համայնքի ղեկավար Զորիկ Ղազարյանի խոսքերով, և° պետական միջոցներով, և° բարեգործության շնորհիվ գյուղում մեծ առաջընթաց է գրանցվել, տարեցտարի ավելանում է նորածինների թիվը, գյուղում կատարվող շինարարական աշխատանքները հույս են ներշնչում աստղաշենցիներին, որ պետական հոգածության ներքո են գտնվում։ Դա է թերևս պատճառը, որ աստղաշենցի երիտասարդներն իրենց ապագան կապում են հարազատ գյուղի հետ։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |